Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականները կայունություն են ուզում եւ դժգոհում ներկա վիճակից

Փետրվար 08,2008 00:00

Երեկ Թեքեյան կենտրոնում՝ «Կայունություն» հասարակական շարժման կազմակերպած խորհրդաժողովին մասնակցում էին մտավորականներ, գիտության, արվեստի, մշակույթի գործիչներ: Ելույթներով հանդես եկան «Կայունություն» հասարակական շարժման համակարգող Սուրեն Մամիկոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ այլք, մտահոգված՝ երկրի կայունության պահպանմամբ:

Ս. Մամիկոնյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանը բոլոր ոլորտներում ունի կայունության պահանջ. «Անհրաժեշտ է միասնական ուժերով պայքարել կայունության եւ պետականության աջակցման գաղափարը Հայաստանում իրականություն դարձնելու համար, քանզի ժամանակի մարտահրավերներին դիմակայելու հիմնական երաշխիքը կայունությունն է»: Ա. Մելքոնյանի ձեւակերպմամբ էլ, այս խնդրի արծարծումը կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանում քանիցս պետական մակարդակով քննարկվել է հայոց պետականության հարցը. «Ավագ Ալիեւը, այնուհետեւ նրա որդին սկսեցին թմբկահարել թուրքական ու ադրբեջանական պատմագրության այն կեղծիքը, թե հայերը պետականություն ունեցել են կտրված մի ժամանակահատվածում: Մեր հարեւանները հետագայում այնքան խորացրին իրենց «տեսակետները» եւ անգամ հասան այն պնդմանը, թե իբր Երեւանի խանությունն իրենք են հայերին պարգեւել ու նախկինում հայեր չեն ապրել այդտեղ»: Լեւոն Անանյանն էլ դառնալով նախագահական ընտրություններին, ասաց. «Այսօր երբ քաղաքական թեժ պայքարում նայում ես, թե ուր է գլորվում երկիրը, մտավորականներս չպետք է հանգիստ լինենք: Բացահայտ է նաեւ այն, թե ով՝ ում վրա է գործ սարքում… Այնպես որ, փետրվարի 19-ին յուրաքանչյուրը կհնձի այն, ինչ ցանել է»: Մշակույթի եւ արվեստի մի խումբ գործիչներ էլ բողոքեցին ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերից, փաստելով, որ նրանցից գրեթե ոչ մեկը պատշաճ ձեւով չի ներկայացրել, թե ինչ է անելու գիտության եւ մշակույթի ոլորտներում:

Ճանաչված արվեստագետ Երվանդ Մանարյանն էլ դժգոհելով Հանրային հեռուստատեսությունից ու ռադիոյից, ասաց. «Չնայած ապրում ենք 21-րդ դարում, բայց հեռուստատեսություն ու ռադիո կարծես չունենք»: Նա նաեւ փաստեց, որ արվեստի ասպարեզում արդեն երկար տարիներ ոչինչ չի փոխվել, իսկ եթե փոխվել է, ապա՝ դեպի վատը: Ե. Մանարյանը նկատեց. «Թատրոններց ո՞ր մեկն է մեր պետականության հարցերին վերաբերող լուրջ, ծանրակշիռ ներկայացում դրել այս տարիների ընթացքում: Չեմ ժխտում, լավ ներկայացումներ կան, դրսում էլ մրցանակներ են շահում, բայց մեր նպատակը մեծ հաշվով դա չէ»: Միջոցառման մասնակիցները վերջում կոչ արեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել հանրապետությունում սկսված կայունության շարժմանը, իսկ «Կայունություն» հասարակական շարժումը դարձնել համաժողովրդական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել