Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Փետրվար 08,2008 00:00

Իրավունքի վերականգնում՝ վարչականում

ՀՀ դատական դեպարտամենտը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հայցադիմումները ներկայացվելու են ՀՀ վարչական դատարան:

Հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել օրացուցային 3 օրվա ընթացքում՝ այն օրվանից, երբ հայցվորը/քաղաքացին/ իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին:

Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում, որը սպասարկում է Երեւան քաղաքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի վարչական տարածքները: Հասցեն՝ Գարեգին Նժդեհի 23, հեռախոս՝ 44-71-21 (230):

Վարչական դատարանն ունի այլ նստավայրեր մարզերում: Մասնավորապես.

Կապանում գտնվող վարչական դատարանի նստավայրը սպասարկում է Սյունիքի մարզի վարչական տարածքը, հասցեն՝ Երկաթուղայինների 4:

Սեւանում գտնվող վարչական դատարանի նստավայրը սպասարկում է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի վարչական տարածքը, հասցեն՝ Գործարանային 8ա:

Վեդիում գտնվող վարչական դատարանի նստավայրը սպասարկում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի վարչական տարածքը, հասցեն՝ Արարատյան 55, (0234) 2-27-20:

Էջմիածնում գտնվող վարչական դատարանի նստավայրը սպասարկում է Արմավիրի մարզի վարչական տարածքը, հասցեն՝ Կամոյի 15:

Գյումրիում գտնվող վարչական դատարանի նստավայրը սպասարկում է Շիրակի մարզի վարչական տարածքը, հասցեն՝ Անկախության հրապարակ 7, հեռ.՝ (0312) 3-30-98, 2-34-11:

Վանաձորում գտնվող վարչական դատարանի նստավայրը սպասարկում է Լոռու մարզի վարչական տարածքը, հասցեն՝ Մխիթար Գոշի 6, հեռախոս՝ (0322) 2-32-35:

Վարչական դատարանին ներկայացվող հայցադիմումները, դիմումները ըստ սպասարկման տարածքների կարող են ներկայացվել համապատասխան նստավայրի գրասենյակ՝ առձեռն կամ փոստի միջոցով:

Ընտրական իրավունքների պաշտպանության մասին հայցադիմում ներկայացնելիս անձինք կարող են օգտվել ՀՀ դատական դեպարտամենտի կողմից մշակված օրինակելի տարբերակներից, որոնք պարտադիր չեն դատարան դիմող անձանց, դատարանի եւ այլ անձանց համար:

Որտեղ է ընտրելու

Երեկ «Առավոտ» թերթի խմբագրություն այցելած 40-ամյա Մանուկ Հովիկյանը հայտնեց, որ ձերբակալվել էր 1993 թվականին, Ռուսաստանում՝ անօրինական զենք կրելու համար: Կալանքը կրելուց հետո՝ երկու տարի առաջ վերադարձել է Հայաստան:

Չկար Կոնդի իր բնակարանը, իսկ իրեն գրանցել էին Իսրայելյան 41 հասցեում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանությունը: «Իր բնակարանից» ստանում է անձնական նամակներ, 8000 դրամ անօթեւանի փողը: Գործադիր իշխանությունից՝ քաղաքապետարանից պահանջում է իրեն տրամադրել բնակարան: Ներկայացրել է արխիվային փաստաթղթեր, որով հաստատվում է, որ նախկին Չկալովի 5 հասցեն իրենցն է եղել, իր հայրական տունը: «Բազմաթիվ անգամ դիմել եմ ՀՀ կառավարությանը, անձամբ Սերժ Սարգսյանին: Չեն պատասխանել: Լինելով անօթեւան, որեւէ տեղ չեն հաշվառել: Հայրենիքիս չեմ դավաճանել, ստիպված եմ եղել Ռուսաստանում ինքնապաշտպանության նպատակով զենք պահել: Խնդրել եմ գլխավոր դատախազությունից՝ Ռուսաստանից պահանջել իմ գործը, դատավճիռը, պատասխանել են՝ ՀՀ գլխավոր դատախազությունը իրավասու չէ Ռուսաստանից քրեական գործ պահանջել (իրավական փոխօգնության պայմանագրով հնարավոր է- Ռ. Մ)»: 40-ամյա Հովիկյանով չի հետաքրքրվում որեւէ մեկը:

Պատգամավորի դեմ

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանի կողմից Վանաձորում օրեր առաջ Սերժ Սարգսյանի օգտին «իր անձնական միջոցները» բաժանելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնում:

Սկսվեց

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց Սեդրակ Զատիկյանի գործով դատաքննությունը: Այն եղել է դռնփակ: «Առավոտի» տեղեկություններով՝ հրապարակվել է վերաքննիչ բողոքը եւ ճշտվել ամբաստանյալների ինքնությունը: Նշենք, որ դատական նիստի մասնակիցների անվտանգությունից ելնելով՝ դատավարությունը ընթանում է փակ դռների ետեւում:

Վիճակը վատ է

«Առավոտի» տեղեկություններով, երեկ կտրուկ վատացել է արդարադատության նախարարության «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի առողջական վիճակը՝ կապված սրտանոթփային աշխատանքի հետ: Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել