«…Ձեզ հետ է», «…ձեր թիկունքին», «… հավատում է ձեզ»
Մի կենտրոնից՝ ուշացումով լուսաբանում
Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի Արագածոտնի մարզ փետրվարի 5-ի այցը հեռուստաընկերությունները լուսաբանեցին նույն օրը եւեթ, սակայն այդ օրը ցուցադրեցին փետրվարի 4-ին Ավան համայնքի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը: Մի՞թե Արագածոտնից ավելի հեշտ էր խմբագրություն հասնելը, քան Երեւանի մի ծայրից: Անխտիր բոլոր հեռուստաընկերություններն ընդհանրապես մեկ օր ուշացումով են լուսաբանում Սերժ Սարգսյանի հանդիպումները՝ անկախ նրանից, Երեւանո՞ւմ են դրանք կայացել, թե՞ որեւէ մարզում, առավոտյա՞ն, թե՞ ավելի ուշ: Եվ ակնհայտ դարձավ, որ նման լուսաբանումը հեռուստաընկերությունների որոշումը չէ, երբ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռ/կ-ին ասաց. «Պարզապես մեր մարտավարությունն այնպիսին է, որ քանի որ մենք լինում ենք նաեւ հեռավոր մարզերում, կամ մեր հանդիպումները շարունակվում են մինչեւ ուշ երեկո՝ 6-7-ը, ավելի հարմար ենք գտել, որպեսզի ամբողջական ներկայացնենք մեր հասարակությանը՝ հաջորդ օրը»: Ընդգծենք «մեր մարտավարությունը» եւ «ավելի հարմար ենք գտել» արտահայտությունները: Ակնհայտ է նաեւ, թե ինչպես են օգտագործվում այդ մեկօրյա դադարները, եթե հաշվի առնենք Սերժ Սարգսյանի հանդիպումների մասին ռեպորտաժներում որեւէ ոչ նպաստավոր կադրի բացակայությունը, նրա ելույթներին հարմարեցված ծափերն ու գոչյունները եւ այլն:
Դուք ո՞ւմ դեմ եք պայքարում
Քարոզարշավին հետեւելով՝ մի բացահայտում էլ արեցինք. ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որը 2003-ից մինչ այսօր բացառապես մի՝ նռերի մասին հոլովակով էր ներկայանում ընտրողներին, գումար է գտել եւս մի հոլովակի համար: Սակայն իր սուղ միջոցներով նա ո՛չ սեփական ծրագրերն է ներկայացրել, ո՛չ ինքզինքը որեւէ կերպ գովազդել, այլ հակաքարոզչություն է արել մեկ այլ թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Հենց վերջինիս պատկերն է Արամ Հարությունյանի հոլովակում, եւ Հայաստանի ու Արցախի քարտեզը, որոնք ի վերջո ներկվում են Ադրբեջանի դրոշի գույներով:
Մեկ այլ թեկնածու՝ Տիգրան Կարապետյանը, որը արցախյան պատերազմի հետեւանք «խավարի եւ ցրտի տարիները» բարեհաջող կերպով անցկացրել էր Վոլգոգրադում, հիմա իր հոլովակում ընդգրկել է այդ տարիների մասին պատմող տեսաշար՝ դրանք հակադրելով սեփական գործունեության վերաբերյալ կադրերին: Ուշագրավ է, որ Կարապետիչն անընդհատ փորձում է ժխտել անժխտելին, թե ինքն էլ է դիմել հակաքարոզչության, փաստարկելով, որ ինքն ուղղակի ցույց է տվել «այն ժամանակները, երբ կարիք է եղել, երբ մարդիկ հույս չեն ունեցել, ու այսօրվա լույսը, որը կա»:
Անկախ ներկայացվող պատճառաբանություններից՝ հարց է առաջանում. այս թեկնածուները նախագահական մրցավազքում իրենց մրցակիցը համարում են նախկի՞ն եւ ո՞չ ներկա իշխանությանը:
Ով ումից է գողացել
Երեկ ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Մեր խնդիրն է՝ մարդկանց ասել, որ պետք է ընտրություն կատարել ոչ թե անցյալի եւ ներկայի, այլ ներկայի եւ ապագայի միջեւ»: Նա դարձավ երրորդը, որը գործադրեց այս բանաձեւը: Հայտնի է, որ «Ոչ նախկինին, ոչ ներկային. ընտրեք ապագան» կարգախոսով ընտրություններին մասնակցում է Վահան Հովհաննիսյանը: Եվ ոչ միայն: Տիգրան Կարապետյանն էլ է ազդարարում. «Մի ընտրեք անցյալը՝ ընտրեք ապագան՝ Տիգրան Կարապետյանին»: Վերջինս պնդում է. «Ես դա ասել եմ մինչեւ դաշնակները: Չգիտեմ՝ ով ումից է պլագիատ արել, բայց ես դա վաղուց եմ ասել՝ ո՛չ անցյալը, ո՛չ ներկան»:
Բազմաթիվ այլ օրինակներ էլ կարող ենք մատնանշել, երբ, մեղմ ասած, փոխառվում են ելույթների եւ ծրագրերի դրույթները: Ասենք, Վահան Հովհաննիսյանն իր բոլոր հանդիպումների ընթացքում ասում է, թե աշխարհի բոլոր երկրներում հայերը հաջողակ են, բացի Հայաստանից: Ճիշտ նույնպիսի դրույթ իր ծրագրային ելույթներում ներառել է նաեւ Արթուր Բաղդասարյանը: Եվ անհույս գործ է պարզելը, թե ով է ումից փոխառել այդ գաղափարը:
Ունիվերսալ պաստառներ
Եվս մի մասնավոր դիտարկում. նկատել ենք, որ մարզային հանդիպումների ընթացքում կոնկրետ թեկնածուի անունով պաստառներն իրենց տեղը զիջում են անհասցե կարգախոսներին՝ մոտավորապես նման բովանդակության. «Գյումրին քո թիկունքին է», «Վանաձորը ձեզ հետ է», «Քանաքեռ-Զեյթունը ձեզ հավատում է», «Արթիկն իր զավակի հետ է»: Փաստորեն, հայերը բազմաչարչար ժողովուրդ լինելուց բացի՝ նաեւ հնարամիտ ու տնտեսող են: Ու չեն ուզում իրենց «ծանր տեղը թեթեւացնել»՝ ամեն մի թեկնածուի համար նոր բան հնարելով: Սերժ Սարգսյանը կգա, Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե մեկ այլ թեկնածու՝ նրանց դիմավորում են նույն պաստառներով՝ հավաստիացնելով, թե հենց իր հետ են, հենց իր թիկունքին եւ հավատում են հատկապես իրեն: