Նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող հազարավոր հաշմանդամներ ընտրությունների չեն գնում:
Փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետեւելու են հաշմանդամների իրավունքների պաշտպանության «Ունիսոն» հ/կ-ի 13 անդամները, որոնցից 6-ը հաշմանդամ է: Այս մասին երեկ հայտարարեց նույն կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ իրենց հ/կ-ի անդամներից 4-ը դիտորդական առաքելութամբ աշխատելու է հանրապետության 3 մարզերում՝ Լոռիում, Կոտայքում եւ Սյունիքում, մնացածը՝ մայրաքաղաքում: Պարոն Ալավերդյանի մեկնաբանմամբ, իրենք հիմնականում հետեւելու են, որպեսզի հաշմանդամների իրավունքները չխախտվեն: Մինչ ընտրությունները՝ «Ունիսոնը» հետեւում է քարոզարշավին: Ա. Ալավերդյանը դժգոհեց, որ, օրինակ, խուլ հաշմանդամները հնարավորություն չունեն ՀՀ նախագահի թեկնածուների տեսակետներին ծանոթանալ, այդ իսկ պատճառով հ/կ-ն 9 թեկնածուներին էլ առաջարկել է գոնե քարոզչական տեսահոլովակները հասանելի դարձնել նրանց համար: «Ունիսոնի» խնդրանքին արձագանքել են միայն ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Ս. Սարգսյանն իր քարոզչական տեսահոլովակներում վազող տողով ներկայացնում է իր հիմնական միտքը, իսկ Ա. Բաղդասարյանն արդեն մի քանի սուրդոթարգմանությամբ հոլովակ է նկարահանել:
Հ/կ-ի նախագահի խոսքերով, շատ հաշմանդամներ խնդիրներ ունեն նաեւ ընտրատեղամասերում քվեարկելու հետ կապված. «Շարժական խնդիրներ ունեցող մարդիկ ընտրության գնալու համար կա՛մ պետք է մեծ դժվարություններ հաղթահարեն, կամ էլ ընդհանրապես չմասնակցեն, քանի որ մեր կողմից առաջ քաշված մի շարք առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել: Եթե անգամ թեքահարթակները թանկ են կամ այլ խնդիր կա, գոնե ընտրատեղամասերը լինեն շենքերի առաջին հարկում, չէ՞ որ բացի հաշմանդամներից՝ կան նաեւ ծերեր, որոնք էլ են դժվարությամբ աստիճանները բարձրանում, այնինչ դրանք հիմնականում 2-րդ հարկում են»: Ըստ Ա. Ալավերդյանի, այժմ հանրապետությունում կա 158 հազար հաշմանդամ, որոնցից մոտ 100 հազարը ընտրելու իրավունք ունի, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանցից շատ քչերն են գնում ընտրելու:
Ընտրական օրենսգրքի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քվեարկել նաեւ իր հաշվառման վայրից դուրս, այսինքն՝ այնտեղ, որտեղ իրեն հարմար է: Դրա համար քաղաքացին պետք է 7 օր առաջ գրավոր զգուշացնի տեղամասի ընտրական հանձնաժողովին: Պարոն Ալավերդյանի կարծիքով, այդ կետը կարելի է օգտագործել ի նպաստ հաշմանդամների: Նրա մեկնաբանմամբ, սայլակով հաշմանդամը կարող է ընտրել այն տեղամասում, որն իրեն ավելի հարմար է. «Սա, իհարկե, հրաշալի լուծում չէ, սակայն տարբերակ է, հաշմանդամներն էլ են մեր պետության քաղաքացիներ եւ իրավունք ունեն իրենց քաղաքացիական պարտքը կատարելու»: Նրա խոսքերով՝ այս ընտրությունների ժամանակ ընտրողները քվեաթերթիկը լրացնելու են՝ կանգնելով դեմքով դեպի հանձնաժողովը, այսինքն՝ քվեախցիկները ամրացված են լինելու հանձնաժողովի անդամների սեղանին. «Դա սայլակով հաշմանդամների համար եւս մի խնդիր է առաջացնում, քանի որ եթե սեղանի եւ պատի միջեւ եղած տարածությունը բավարար չէ սայլակը տեղավորելու համար, ապա նա ուղղակի չի տեղավորվի»: Այն հարցին, թե իրենց կազմակերպությունը սատարելո՞ւ է որեւէ թեկնածուի, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Ընտրություն կատարելու հարցում իրենք հաշմանդամներին չեն պարտադրում այս կամ այն թեկնածուին ընտրել, մեր խնդիրն այլ է. մենք հաշմանդամներին խրախուսում ենք, որպեսզի մասնակցեն ընտրություններին»: