Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԻՆ ՕՐ ՕՐԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

Փետրվար 08,2008 00:00

\"\"Մեր երկրում ոսկու եւ թանկարժեք քարերի բիզնեսով զբաղվողներն առիթը չեն կորցնում՝ առանց այդ էլ խիստ եկամտաբեր բիզնեսից հավելյալ շահույթներ ստանալու:

Տոներին նախորդող օրերին Հայաստանում սովորաբար բարձրանում են պարենային եւ ոչ պարենային ապրանքների գները: Մեր գործարարներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ եթե պահանջարկը կա՝ որքան հնարավոր է իրենց ապրանքի գները բարձրացնեն: Նրանք վստահ են, որ անկախ գնից, միեւնույն է, հարմար առիթներին այդ ապրանքը գնելու են: Դժվար թե գտնվի մեկը, որ, ասենք, մսի թանկացման պատճառով Ամանորն առանց ավանդական խոզի բդի ու տոլմայի դիմավորի: Այս նույն տրամաբանությամբ էլ ամեն տարի Ամանորին ու «Տրնդեզի» նախօրեին կտրուկ թանկանում է ոսկու եւ թանկարժեք քարերի գինը: Դեկտեմբերին՝ ամանորյա տոներից առաջ ոսկու շուկայում աննախադեպ թանկացումներ եղան. ոսկին թանկացավ մոտ 12%-ով, իսկ ադամանդե քարերը՝ ավելի քան 30%-ով: 999 հարգի (պրոբա) 1 գրամ ոսկին՝ 25-26 դոլարի փոխարեն, վաճառվում էր 28-30, իսկ ոսկյա զարդերի պատրաստման համար ավելի գործածական 585 հարգի ոսկու 1 գրամը թանկացել էր ավելի քան 4 դոլարով:

Այս օրերին էլ հայաստանյան ոսկու շուկաներում խայտառակ բարձր գնաճ է: Չնայած թանկությանը, շուկայում գնորդներից տեղ ու դադար չկա:

«Առավոտի» հետ զրույցում ոսկու շուկայի վաճառականներից մեկը վստահեցրեց, որ «Տրնդեզին», Մարտի 8-ին եւ Ապրիլի 7-ին այնքան ոսկեղեն են վաճառում, որ 4-5 ամսվա մեջ այդքան ապրանք չի սպառվում: Հետեւապես, 1 գրամի գինն անգամ 1 դոլարով բարձրացնելով՝ ոսկու եւ թանկարժեք քարերի բիզնեսով զբաղվող գործարարներն իրենց համար հսկայական եկամուտներ են ապահովում: Սա չեն ժխտում նաեւ ոսկու շուկաների վաճառականները: Նրանց խոսքերով՝ իրենց բիզնեսը ծաղկում է հենց այս օրերին, քանի որ տոնի առիթով նորապսակներին տրվող ամենահարգի նվերներից մեկը ոսկյա եւ ադամանդյա զարդերն են, մանավանդ որ, հայերը սիրում են միմյանց ոսկեղեն նվիրել:

Ոսկերիչներից մեկի տեղեկացմամբ՝ 2 օր առաջ մատանու 1 գրամն արժեր մոտ 22, իսկ վզնոցի 1 գրամը՝ մոտ 24 դոլար, իսկ փետրվարի 11-12-ին այն կվաճառվի արդեն համապատասխանաբար գրամը 25 եւ 27 դոլարով: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին, որ գնորդի համար 3-4 դոլարը մեծ նշանակություն չունի, դրանից նրանց բյուջեն առանձնապես չի տուժում: Նկատենք, որ, ասենք, 5 գրամանոց զարդ գնելու դեպքում սպառողն արդեն կորցնում է 15 դոլար, իսկ ոսկու բիզնեսով զբաղվող գործարարը հսկայական հավելյալ շահույթ է ստանում:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցին, թե hանձնաժողովը մտադիր չէ՞ որեւէ միջամտություն անել կամ արդյոք ի՞նչ լծակներ ունի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը պարզաբանեց. «Այդ շուկան ազատական շուկա է, այնտեղ գործում են հազարավոր գործարարներ, ընկերություններ ու անհատներ: Մուտքի բարդություններ երբեւէ չեն արձանագրվել եւ գերիշխող տնտեսվարող չի գրանցվել: Հետեւաբար, գերիշխող դիրքի չարաշահման մասին խոսք չի կարող լինել, իսկ հակամրցակցային համաձայնության մասին խոսելը այն շուկայում, որտեղ հազարավոր մասնակիցներ կան, իրատեսական չէ: Ամեն դեպքում այդ շուկայում ձեր կողմից արձանագրվածը մրցակցային օրենսդրության խախտման հետ կապված չէ»:

Նշենք, որ եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր լինի, որ ոսկու շուկայի մասնակիցները միմյանց հետ համաձայնության գան, դա ապացուցելը չափազանց բարդ կլինի, որովհետեւ ոսկու եւ թանկարժեք քարերի բիզնեսով զբաղվող գործարարները ցանկացած թանկացման համար կարող են պատճառաբանություն գտնել, օրինակ՝ կարող են հավաստիացնել, թե տվյալ զարդի վրա ավելի շատ ձեռքի աշխատանք է կատարվել կամ նախկինի հետ համեմատած՝ ոսկու «պրոբն» են լավացրել: Օրինակ, երբ վերջին թանկացումների հետ կապված մենք զրուցեցինք ոսկու շուկաների վաճառականների հետ, նրանք արդարանում էին, որ նախորդ շաբաթվա ընթացքում թանկացել է միջազգային շուկայից ներկրված ոսկին, ու եթե իրենց արտադրանքը վաճառեն նախկին գներով՝ «քյար» չեն ունենա:

Սակայն նկատենք, որ եթե անգամ համաշխարհային շուկայում ոսկին ու թանկարժեք քարերն իսկապես թանկացել են, ապա դա չէր կարող այդքան արագ իր ազդեցությունն ունենալ մեր տեղական շուկայի վրա, քանի որ, ինչպես ոսկու առեւտրով զբաղվողներն էին հավաստիացնում, մի մատանին կամ վզնոցը կարող է ամիսներով չվաճառվել:

Բայցեւայնպես, նկատենք, որ վերջին մի քանի օրերին ոսկու շուկայում տեղի ունեցած թանկացումների միակ «մեղավորը» վերավաճառողները կամ ոսկերիչները չեն: Ոսկին թանկացել է նաեւ «պաշտոնապես»: «ՀՀ թանկարժեք մետաղների եւ քարերի պետական գանձարան» գործակալության տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում ոսկու գինը Հայաստանում ավելացել է 4,1 տոկոսով, եւ 1 գրամը դարձել է 9129 դրամ: Նրանց տեղեկացմամբ, այլ թանկարժեք մետաղները եւս թանկացել են. «Արծաթը թանկացել է 4,8 տոկոսով եւ մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը 1 գրամ արծաթի համար սահմանվել է 165,80 դրամ գին, իսկ պլատինը թանկացել է 8,7 տոկոսով եւ մինչեւ փետրվարի 10-ը 1 գրամը կարժենա 16 հազար 887.79 դրամ»:

Բացի գները բարձրացնելուց, ոսկու բիզնեսով զբաղվողները այս օրերին, երբ իրենց ապրանքի պահանջարկը ավելանում է, ինչ խաբեություններ ասես, որ չեն անում: Այսօր շուկայում մաքուր ոսկի կամ առավել եւս՝ մաքուր ադամանդե քարով զարդ գտնելը խիստ բարդ գործ է: Ոսկու անվան տակ հիմնականում ոսկեջրած անհամեմատ այլ էժանագին մետաղներ են վաճառվում: Ոսկերիչները հեշտությամբ կարող են ադամանդե քարերով ոսկե մատանու փոխարեն վաճառել ցերկոնե քարերով պղինձ կամ հիմա լայն սպառում գտած սպիտակ ոսկու փոխարեն գնորդի վրա արծաթի ու անագի խառնուրդ «սաղացնել»: Օրերս, երբ շուկայում ոսկերչին խնդրեցինք դեղին ոսկուց պատրաստված նույն զարդից ձուլել, բայց՝ սպիտակ ոսկով, նա վրա բերեց. «Մի 5 րոպե սպասեք, հեսա սպիտակացնեմ-բերեմ»: Մեր զարմանքին, թե 5 րոպեում ինչպե՞ս եք նոր զարդ ձուլելու, կողքի վաճառականները բացատրեցին, որ հատուկ քիմիական նյութի մեջ է գցում ու ոսկին ժամանակավոր գունաթափում է: Դրանից ոսկու որակն ընկնում է, բացի այդ, որոշ ժամանակ անց նորից գույնը փոխվում է:

Նույն խարդախություններն էլ կատարվում են նաեւ թանկարժեք քարերի շուկայում: Ադամանդի մշակմամբ ու վաճառքով զբաղվողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք չէ հավատալ այն առեւտրականներին, ովքեր պնդում են, որ իրենց վաճառած 50-60 դոլարանոց մատանու վրա իսկական «բրիլիանտ» է դրված, դրանք իրականում տարբեր էժանագին քարերի, հիմնականում՝ ցերկոնի վատ մշակված կտորտանքներ են, որոնց գինը 50 դրամից չի անցնում: Նրա խոսքերով՝ «Ամբողջ ոսկու շուկայում միայն հատուկենտ մարդիկ կարող են մաքուր քար ճարել, բայց հիմա որ սեղանիկին մոտենաք՝ հազարավոր գունավոր ու անգույն բրիլիանտ դեմ կտան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել