Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Փետրվար 08,2008 00:00

«Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն է կուսակցության անունից միավորման շուրջ բանակցություններ վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ: Եվ Վարդան Խաչատրյանը վերջերս «Առավոտին» պարզաբանել էր, թե «Ժառանգության» հայտարարության մեջ նշված պայմանը, որ վերոնշյալ 4 թեկնածուներից նվազագույնը 2-ը պիտի միավորվեն՝ բնավ չի նշանակում, թե նրանցից մեկը պիտի անպայման հանի թեկնածությունը՝ նրանք ուղղակի պետք է գործեն համաձայնեցված: «Միասնական թեկնածուի ձեւավորման տեխնոլոգիաները շատ տարբեր են,- ասաց պրն Խաչատրյանը:- Եվ այն բավականին կոշտ, միուղի մոտեցումը, թե մեկը պետք է հանի թեկնածությունը մյուսի համար, գտնում եմ, որ օպտիմալ չէ: Քանի որ վերահսկողության տեսակետից՝ հատկապես վերջին փուլում, թիմերի լիարժեք քանակությունը, նրանց աշխատանքային ներուժի մինչեւ վերջ կիրառումը կարող է խաղալ արմատական դեր»:

«Ժառանգության» քաղաքական քարտուղարը պարզաբանել էր, թե իրենք որեւէ մեկի համար մեխանիկական առավելություն չստեղծելու խնդիր ունեին նաեւ. «Մեզ հուզում էր այն հարցը, որ ի սկզբանե առավելություն չտանք ինչ-որ մեկին, որ կտրուկ առաջ անցնի մյուսներից՝ հատկապես մայրաքաղաքում: Եվ փաստորեն դա զգալի չափով պայմանավորեց, որ պետք է մեծ դեր խաղային մնացած բաղադրիչները եւս, ինչպիսիք են, ասենք, քարոզարշավի արդյունավետությունը, գոյություն ունեցող թիմը, այդ թիմի կողմից հանրապետությունը «ծածկելը», կողմնորոշումների աստիճանական փոփոխությունը բանակցությունների ընթացքում, լայնախոհությունը: Բացի այդ՝ չէինք կարող հաշվի չառնել նաեւ այն բաղադրիչը, որ հասարակության ուշադրությունը պետք է կենտրոնացած լիներ առավել տվյալ թեկնածուի վրա»: Հարցին, թե իր կարծիքով՝ ո՞ր թեկնածուի վրա է առավել կենտրոնացած հասարակության ուշադրությունը՝ պրն Խաչատրյանը պատասխանեց. «Հրապարակային գործողությունների արդյունավետության տեսանկյունից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի գործողություններն են համեմատաբար արդյունավետ ու զանգվածային բնույթ կրում, ու նաեւ Արթուր Բաղդասարյանի, ՀՅԴ իրականացրած գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել