Շավարշ Քոչարյանի գնահատմամբ, միայն այդ դեպքում է հնարավոր երկրորդ փուլ, այլապես՝ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում:
«Բնական է, որ դա անընդունելի է, նույնիսկ այն դեպքում, երբ թեկնածուներից մեկը նստել է այն բզի վրա, որն ինքն է սրել»,- անդրադառնալով նախորդ օրը Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի համախոհ Շավարշ Քոչարյանը: Նա հիշեցրեց, որ նման միջադեպեր Արտաշատում տեղի են ունենում 1996 թվականի ընտրություններից ի վեր, եւ դա արդեն կարծես թե ավանդույթի է վերածվում: Ըստ բանախոսի, այդ դեպքերը վառ ապացույցն են նրա, որ անձերի փոփոխություններով Հայաստանում հարցերը չեն լուծվի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ ժողովրդին հուզող սոցիալական հարցերը պետք է լուծել, բայց թոշակ բարձրացնել խոստանալով՝ այդպիսի երեւույթներից չես ազատվի»: Ուստի, հասարակության մեջ արմատացած տեսակետը, թե փետրվարի 19-ի հիմնական մրցակիցները Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն են, Շավարշ Քոչարյանը վտանգավոր է համարում, քանի որ գտնում է, որ դա հանգեցնում է իշխանության թեկնածուի վարկանիշի բարձրացմանը: Նա, իհարկե, ընդունում է, որ իր պաշտպանյալի՝ Վազգեն Մանուկյանի վարկանիշն այսօր շատ ցածր է, ավելին, նույնիսկ իրենց չի գոհացնում, բայց դրա պատճառը համարում է այն, որ մյուս թեկնածուները փաստացի շատ ավելի շուտ են սկսել քարոզարշավը: Սակայն Վ. Մանուկյանի ցածր վարկանիշը չի հուսահատեցնում նրան սատարող ուժերին, եւ Շավարշ Քոչարյանը վստահորեն հայտարարում է, որ այն դեռ աճելու միտում ունի: Հիմնական շեշտադրումը բանախոսը դնում է այն հանգամանքի վրա, որ ապագաղափարական այս քարոզարշավի ֆոնի վրա Վազգեն Մանուկյանը եւ նրան սատարողները հավակնում են լինել միակ ուժը, որը գաղափարական խնդիրներ առաջ կքաշի: Այս առումով, Շ. Քոչարյանը կասկած չունի, որ իրենց պաշտպանյալ թեկնածուի վարկանիշի աճը ընտրություններում կհանգեցնի երկրորդ փուլի՝ Սերժ Սարգսյան-Վազգեն Մանուկյան զույգով: Ավելին, նա վստահ է, որ միայն Վազգեն Մանուկյանի վարկանիշի աճի պարագայում կլինի երկրորդ փուլ: Այլապես՝ «Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում: Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ընտրությունը պետք է լինի ոչ թե նախկինի եւ ներկայի, այլ՝ ներկայի ու ապագայի միջեւ: Եթե մեզ հաջողվի դա շատ արագ տարածել հասարակության մեջ, ապա այսօրվա իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»: Միակ բանը, ինչը կարող է առավելագույնս համախմբել ընդդիմադիր դաշտը, Շավարշ Քոչարյանը համարում է արդար ընտրությունների անցկացումը եւ այդ համատեքստում հայտարարում է, որ իրենք պատրաստ են ցանկացած տիպի համագործակցության:
Անդրադառնալով Դաշնակցության հետ բանակցություններին, Շավարշ Քոչարյանն ասում է, որ իրենց այդ ուժի հետ շատ բան է միավորում, բայց ոչ այնքան, որ միանան: Չմանրամասնելով բանակցությունների ընթացքը՝ բանախոսը հայտարարեց, որ անկախ առաջիկա ընտրությունների այս փուլի համար բանակցության արդյունքներից՝ «ՀՅԴ-ի հետ ապագայում շատ ավելի խորը գործակցություն ենք ունենալու»: Վազգեն Մանուկյանի ստվերային կաբինետի մասին պարոն Քոչարյանն ասում է, որ նման խնդիր իրենք իրենց առջեւ չեն դրել որեւէ ընտրության ժամանակ. «Մենք միշտ ելել ենք այն հանգամանքից, որ այս կամ այն պաշտոնում պետք է լինի այն անձը՝ ով առավելագույնս արդյունավետ կարող է իրականացնել այդ գործառույթը»:
Խոսելով նախորդ օրը հայտարարված միավորման մասին, ԱԺԿ նախագահը այն նույնիսկ ուշացած որակեց, քանզի համոզված է, որ գաղափարական հոսանքների շուրջ համախմբումը Հայաստանում պետք է լիներ դեռ 1990-ականներին: Ի դեպ, պարոն Քոչարյանը գտնում է, որ այն ժամանակ Հայաստանն ուներ բավականին կայացած կուսակցական համակարգ: