Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԻ, ԱՌԱՆՑ ՀՈՒՍՅԻ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ»

Փետրվար 08,2008 00:00

\"\"ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզում հայտարարեց, որ ինքը խոսում է ե՛ւ «հանուն», ե՛ւ «ընդդեմ»:

Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքների կյանքը երեկ կարծես «կազմաքանդվել» էր: Այնպիսի տպավորություն էր, որ այստեղ մարդիկ բանուգործ չունեն ե համաձայն են օրերով կանգնել, սառել եւ սպասել Սերժ Սարգսյանին: Այս երկու քաղաքների ամենից մեծ հրապարակներում երեկ անչափելի մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Այդ հսկայական բազմությանը նայելիս մտածեցի, որ իրավացի էր վարչապետ Սերժ Սարգսյանը, երբ նախորդ օրը ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ինչու են պարտադրում, որ իր հանդիպումներին մասնակցեն դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, հայտարարեց, թե իրենց ինչին է պետք 50-100 ավելի մարդը: Իրոք, այդ թվից Սպիտակի եւ Վանաձորի հրապարակներում հավաքված հոծ բազմությունը ոչ կավելանար եւ ոչ էլ կպակասեր: Տեղական իշխանությունները ուղղակի «գերակատարել» էին պլանը: Եկել էին ոչ միայն քաղաքներից, այլեւ հարակից գյուղերից, բոլորն իրենց ցուցապաստառներով, սպիտակ դրոշներով, «Առաջ, Հայաստան»-ով, «Բարգավաճ Հայաստանով», «Հզոր Հայաստանի երաշխավորը Սերժ Սարգսյանն է» եւ այլ պաստառներով:

Ինչպես ամեն հանդիպումից առաջ, այստեղ եւս ընտրողների համար ճոխ համերգ էր նախատեսված, երգիչները փոխարինում էին մեկը մյուսին, եւ քանի որ Սերժ Սարգսյանը մեկ ժամից ավելի ուշանում էր (ավելի ուշ բացատրեց, որ կառավարության նիստի էր, նաեւ՝ «Հազարամյակների մարտահրավերների» խորհրդի նիստի), մարդկանց, պարելուց բացի, այլ բան չէր մնում: Եվ Սպիտակի հրապարակի բավականին ակտիվ մասսան պարում էր եւ «թափահարում» ձեռքերը, ինչպես հրահանգում էին «հայ էստրադայի աստղերը»:

Սերժ Սարգսյանը սպիտակցիներին եւս ասաց, որ եկել է նրանց քվեն խնդրելու եւ աջակցությունը ստանալու. «Որպեսզի մենք ձեզ հետ միասին կարողանանք կառուցել ավելի լավ Հայաստան»: Հայտնեց, որ 10 ամիս վարչապետ աշխատելուց հետո մեկ եզրակացության է հանգել. «Ինձ համար միանշանակ է, որ մենք ի վիճակի ենք ծրագրեր իրականացնելու, ի վիճակի ենք լուրջ աշխատանքներ կատարելու եւ կարճ ժամանակում մեր կյանքի որակը փոխելու: 10 ամիսների ընթացքում կոնկրետ ե՛ւ Սպիտակի տարածքում, ե՛ւ Լոռու մարզում, ե՛ւ հանրապետության տարածքում մենք կարողացել ենք խնդիրներ լուծել։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնել թոշակի հետ կապված, գյուղերի գազիֆիկացման հետ կապված, ջրի, ճանապարհների խնդիրների լուծման հետ կապված, որովհետեւ դուք արդեն դա տեսել եք եւ արդեն համարում եք ձերը: Ես դրա համար միայն ուրախ եմ: Ուղղակի ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եթե ստանամ ձեր հավանությունը մեր «Առաջ, Հայաստան» ծրագրին, եթե դուք այս կարգախոսը ընդունեք որպես ձեր կարգախոս, որպես մեր համատեղ գործունեության կարգախոս, ապա մենք կարճ ժամանակ հետո երկու անգամ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա»: Նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ երկրաշարժի 20-ամյակի առիթով «այս տարվա արդեն մարտ ամսին ձեզնից յուրաքանչյուրը կիմանա, թե երբ է ստանալու իր հասանելիք բնակարանը, մենք 4 տարվա ընթացքում ամբողջովին լուծելու ենք բնակարանային խնդիրը»: Նախագահի թեկնածուն ասաց, որ իր բոլոր հանդիպումների ընթացքում ինքը խոսում է «եւ հանուն, եւ ընդդեմ, ես խոսում եմ հանուն նոր Հայաստանի, հանուն բարգավաճ Հայաստանի, ես խոսում եմ հանուն ավելի բարեկեցիկ Հայաստանի եւ խոսում եմ ընդդեմ: Ընդդեմ բոլոր այն հոռի երեւույթների, որ կան մեր հասարակության մեջ: Առանց ձեր օժանդակության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք չենք կարողանալու արդար հասարակություն կառուցել, առանց ձեր ակտիվ միջամտության մենք չենք կարողանալու պայքարել կաշառակերության դեմ»:

Այս այցի ընթացքում նախագահի Հանրապետական թեկնածուին ուղեկցում էին (բայց ելույթի պահին թեկնածուն միայնակ էր լինում բեմում) սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, սոցներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը, թեկնածուի շտաբի պետի տեղակալ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանին հարցրինք՝ ինչո՞ւ է մարդկանց պարտադրել, որ գան հանդիպման: Քաղաքապետը մեր հարցը «պրովոկացիոն» որակեց. «Պրովոկացիոն հարցեր մի տվեք, մեր ժողովուրդը աշխատանք կատարողին գնահատող, պատասխան տվող է բոլոր ընտրություններում»:

Սպիտակցի դպրոցական Աննա Ալավերդյա նը ինքնակամ մոտեցավ վարչապետին եւ ասաց, որ ուզում է նրա համար արտասանել: Սակայն հանդիպման ավարտն էր, եւ մարդիկ իրենց նամակներով եւ խնդրանքներով, մի քանի տատիկներ էլ՝ ավանդական օրհնանքներով մոտեցել էին նախագահի թեկնածուին, եւ վերջինս պայմանավորվեց աղջկա հետ. «Նախագահական ընտրություններից հետո խոստանում եմ գալ այստեղ, եւ դու կարտասանես, բայց պայմանով՝ մի հատ դու կարտասանես, մի հատ՝ ես, տեսնենք ով է հաղթելու»:

Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարեց. «Գիտեմ, որ այս օրերի ընթացքում բացասական լիցքեր էլ եք ստացել, որովհետեւ որոշ թեկնածուներ նախընտրում են խոսել ոչ թե իրենց ծրագրերի մասին, նախընտրում են խոսել ոչ թե մեր ապագայի մասին, այլ լցված են չարությամբ եւ ցեխ են շպրտում այն ամենի վրա, ինչ տեսնում են: Բայց ես ցանկանում եմ, որ դուք առանձնապես չնեղվեք, համբերատար լինեք եւ այս առումով հիշեք հանրահայտ ամերիկացի Բենջամին Ֆրանկլինի այն խոսքերը, որ ինչ սկսվում է չարությունից դրդված, հիմնականում ավարտվում է ամոթով: Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր կորցնելով իրենց խիղճը` մեր իրականությունը սեւացնում են, վերջում ամոթով են մնալու, վերջում հասկանալու են, որ չի կարելի այդ ճանապարհով գալ իշխանության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել