Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆԵ՛Ք ՁԵՐ ՄԻՋԻՑ ՎԱԽԸ»

Փետրվար 08,2008 00:00

\"\"«Մենք արդեն հաղթած ենք»,- սրանք էին ՀՀ առաջին նախագահի պատգամները լոռեցիներին

Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավի շրջանակներում երկրորդ անգամ այցելեց Լոռու մարզ: Նախատեսվում էր նրա հանդիպումները Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում, Ջրաշեն, Շիրակամուտ, Կուրթան գյուղերում:

Լ. Տեր-Պետրոսյանի առաջին կանգառը Ջրաշեն գյուղում էր, որի հենց մուտքի մոտ տեղակայված էր ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Մարդիկ ՀՀ առաջին նախագահին սկզբում վախվորած դիմավորեցին, բայց հետո ճանապարհեցին մեծ ոգեւորությամբ: Իսկ Տեր-Պետրոսյանը իր հետ հանդիպման եկած գյուղացիներին դիմելով՝ ասաց. «Ես եկել եմ ձեզ մի բան հարցնելու. ուզո՞ւմ եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել»: Լսելով «այո» արձագանքը՝ ՀՀ նախագահի թեկնածուն շարունակեց. «Փետրվարի 19-ին դուք ունեք այդ հնարավորությունը: Այն, ինչ արվում է 10 տարի՝ դուք տեսնում եք: Եթե դուք գոհ եք՝ ես խնդիր չունեմ, ուրեմն այս իշխանությունները թող մնան»: Նա ջրաշենցիներին էլ ներկայացրեց այն թիմը, որով գալու է իշխանության՝ շեշտելով, որ «գալու ենք նաեւ երկրապահների աջակցությամբ. նրանք բոլորը մեզ հետ են»: «Երեւանում հարցերն արդեն լուծված են: Երեւանում իշխանություններն արդեն կորցրել են իրենց իշխանությունը: Նրանց ամբողջ հույսը գյուղերի վրա է: Մտածում են՝ հեռու եք, մի քիչ անտեղյակ եք, մի քիչ վախվորած եք, իրենք էլ կարող են ճնշումներով, բռնություններով, ընտրակաշառքով խաբել ժողովրդին: Դուք եք որոշողը: Եթե ուզում եք խաբվել՝ խաբվեք: Գլխավորը՝ գիտակցեք փետրվարի 19-ի կարեւորությունը: Ձեզնից է կախված: Ինչպես կքվեարկեք՝ ձեր գործն է, բայց քվեարկելուց հետո, եթե ձեր կյանքում բան չփոխվեց, չլավացավ՝ ոչ մեկին չմեղադրեք: Միայն խնդրում եմ՝ ճնշումների չենթարկվել, չխաբվել»:

Սպիտակ քաղաքում ՀՀ առաջին նախագահի հանդիպումն ընտրողների հետ նախատեսվել էր քաղաքի հրապարակում, բայց վերջին պահին քաղաքապետը որոշել էր, որ նույն հրապարակում այդ ժամին պիտի երգեն հայ էստրադայի աստղերը՝ նախապատրաստելու համար ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գալուստը Սպիտակ: Առաջին նախագահին դա շատ չտխրեցրեց, որովհետեւ անգամ կիսահամերգային տրամադրությամբ ողողված Սպիտակում Տեր-Պետրոսյանի հանդիպմանը բավականին մեծ թվով մարդիկ էին մասնակցում: Հանդիպումը վարող ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը նախ ասաց, որ գործող իշխանություններին քիչ ժամանակ է մնացել, որ Սերժ Սարգսյանին մեր ողջ հանրապետությունն է «ոչ» ասելու, եւ հավելեց. «Սերժ Սարգսյանը բարոյական իրավունք չունի նախագահի թեկնածու լինելու: Նա, լինելով ԱԱ նախարար, պատասխանատու է «Հոկտեմբերի 27»-ը չկանխելու համար, բայց այսօր հավակնում է երկրի Սահմանադրության, ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը լինել»:

Տեր-Պետրոսյանը ինչպես Սպիտակում, այնպես էլ Ստեփանավանում, նաեւ այն գյուղերում՝ Վարդաբլուր, Գուլագարակ, որտեղ եղան չնախատեսված հանդիպումներ, եւ որտեղ մարդիկ իրենք էին կանգնեցնում գյուղի ճանապարհով անցնող Տեր-Պետրոսյանին ուղեկցող ավտոշարասյունն ու դիմավորում էին աղուհացով, հարկ համարեց խոսել «վախի մթնոլորտի» մասին: «Այստեղ գալուց ինձ ասացին, որ ժողովուրդը վախեցած է: Միայն այդ փաստը բավական է՝ հասկանալու համար, թե մենք ինչ պետության մեջ ենք ապրում: Ումի՞ց է վախեցած ժողովուրդը: Ժողովուրդը վախեցած է իր սեփական իշխանությունի՞ց, եւ ժողովուրդը հանդուրժում է իրեն վախեցնող իշխանությա՞նը: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ թուրքի՞, թաթարի՞ ձեռքի տակ եք ապրում, թե՞ սեփական իշխանության, որից վախենում եք: Ինչո՞ւ մինչեւ 96-ը, մինչեւ 98-ի իշխանափոխությունը ոչ ոք վախեցած չէր: Բոլորը ղոչաղ էին, ինչ ասես՝ ասում էին իշխանությունների մասին, ազատ, համարձակ, ցույցեր, միտինգներ էին անում, հզոր ընդդիմություն կար: Եվ հանկարծ այն ժողովուրդը, որը չվախեցավ Գորբաչովից, նրա տանկերից, ԿԳԲ-ից, չվախեցավ ադրբեջանցիներից ու գնաց հերոսաբար կռվեց Արցախում, հիմա այդ նույն ժողովուրդը ինչ-որ քաղաքապետիկից, մարզպետից, ինչ-որ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից վախեցած է: Ես պայքարի մեջ եմ մտել այս առեղծվածը լուծելու համար»: Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, իշխանությունը ժողովրդին փորձում է վախեցնել, որովհետեւ «գող են, ավազակ, այս ժողովրդին խորթ: Սեփական իշխանությունը չի կարող վախեցնել սեփական ժողովրդին»: Նա եւս մեկ անգամ արձանագրեց, որ Հայաստանում իրադրությունը լիովին փոխվել է, որ «Երեւանում եւ շրջակա մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, որտեղ ապրում է մեր ժողովրդի 1/3-ը, իշխանությունն արդեն կորցրել է իր վերահսկողությունը իրադրության նկատմամբ: Ոչ միայն ժողովուրդն է կանգնած, այլեւ այդ մարզերում Սերժ Սարգսյանը 10 % ձայն չունի: Նա արդեն պարտված է: Այս բոլոր քայլերը նրա պարտության, խուճապի ջղաձգությունն են, հոգեվարք»: Տեր-Պետրոսյանի պատգամը ե՛ւ սպիտակցիներին, ե՛ւ ստեփանավանցիներին մեկն էր՝ «հանեք ձեր միջից այդ վախը եւ վստահ եղեք՝ այս իշխանությունները ձեզ ոչինչ անել չեն կարող: Նրանք անզոր են, նրանք թույլ ու խղճուկ են: Ուղղեք ձեր մեջքը, եւ ձեր կյանքում շատ բան կփոխվի: Դուք եք այս երկրի տերը եւ պիտի դա ցույց տաք այս իշխանություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել