Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ

Փետրվար 07,2008 00:00

Մեծամասնության ներկայացուցիչները «հարմար» հարցեր էին տալիս վարչապետին

Խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ հերթական նստաշրջանը վերածել է սպորտային խաղերի: Եթե նախորդ օրը իշխանական պատգամավորների հայտարարությունները նման էին ֆուտբոլի, երբ դարպասին շարունակ հարվածում են, իսկ դարպասապահը տեղում չէ, որպեսզի պաշտպանի դարպասը (բոլոր հայտարարություններում քարկոծվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արթուր Բաղդասարյանը), ապա երեկ արդեն իշխանական պատգամավորները սկսել էին «վոլեյբոլ» խաղալ՝ կառավարությանը հարցեր էին տալիս հիմնականում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները, եւ այդ հարցերը որսալով՝ թե՛ վարչապետը եւ թե՛ նախարարները «գնդակն» անմիջապես ետ էին մղում՝ նպատակ ունենալով հարցերին այնպիսի պատասխաններ տալ, որից երեւային կառավարության կատարած գործերը, այդպիսով եւս իրականացնելով ՀՀ նախագահի իշխանական թեկնածուի քարոզչությունը: Ինքը՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին պատասխանելիս ասաց, որ պատգամավորը «հնարավորություն է տալիս հենց այս ամբիոնից ծավալելու նախընտրական քարոզարշավ»: Իսկ տիկին Փոստանջյանի հարցն այն մասին էր, թե ինչո՞ւ է վարչապետը խախտում ՀՀ «Ընտրական օրենսգիրքը» եւ նախընտրական շրջանում արձակուրդ չի գնում: Ի դեպ, պատգամավորը ծայրից ծայր կարդաց ԸՕ համապատասխան հոդվածը: ՀՀ նախագահի թեկնածու վարչապետի պատասխանը սա էր. «Ճիշտ չէ, մանավանդ իրավաբանի համար կոնտեքստից կտրել մի նախադասություն եւ դա մատուցել որպես պարզ ճշմարտություն: Հայաստանի ցանկացած միջին կարգի իրավաբան կասի, որ այդ դրույթները չեն վերաբերվում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, եւ եթե որեւէ մեկը կասկածում էր, կարող էր դիմել ՍԴ, կարող է դիմել վարչական դատարան: Ես կխնդրեմ, որ պարոն Դավիթ Հարությունյանը նիստից հետո ձեզ մանրամասն տեղեկություն տա այդ հոդվածների մասին»: Պատասխանից հետո ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այդ հարցի կապակցությամբ ինքը եւս պարզաբանումներ է տվել եվրոպական դիտորդական առաքելությանը, եւ նրանք բավարարված են եղել: Այս կապակցությամբ ավելի ուշ տիկին Փոստանջյանն «Առավոտ»-ին փոխանցեց, որ «եթե դիտորդները հարցեր չեն ունեցել, ուրեմն իրենք եւս շահագրգռված են, որ մեզ մոտ օրենքը խախտվի»:

Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց նաեւ. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կոնկրետ ինձ համար չափազանց թանկ է, չափազանց կարեւոր է Հայաստանի ապագա նախագահի հեղինակությունը, եւ ես իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանի ապագա նախագահը լինի հեղինակավոր, բայց այդ պարագայում էլ ես չեմ բացառում, որ կլինեն պատգամավորներ, կլինեն առանձին քաղաքական ուժեր, ովքեր հաջորդ 5 տարիների ընթացքում պիտի ասեն այն, ինչ որ ուզում են ասել՝ անկախ որեւէ հանգամանքից»:

Նկատելի էր, որ պատգամավորների գրեթե բոլոր հարցերը վերաբերում էին այն ոլորտներին, որոնց նախընտրական քարոզչության ընթացքում անդրադառնում են նախագահի ընդդիմադիր թեկնածուները: Ասենք, գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուները հայտարարում են, որ ընտրվելու դեպքում կվերանայեն «Պարզեցված հարկի» մասին օրենքը, իսկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ հետաքրքրվում էր, թե «Պարզեցված հարկ»-ից սովորական հարկային դաշտ անցած փոքր եւ միջին ձեռնարկատերերին ինչո՞վ է աջակցում կառավարությունը: Այս մասին առավել մանրամասն՝ առաջիկայում, իսկ ավելի հակիրճ՝ ֆինանսների նախարարը երեկ հայտարարեց, որ 6 ամիս հարկային մարմինները իրավունք չունեն որեւէ ստուգում անցկացնել «անցման» շրջանում գտնվող ձեռնարկություններում:

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը հարց տվեց հարեւանների հետ մեր երկրի հարաբերությունների մասին, հիշեցնելով, որ որոշ թեկնածուներ խոսում են այն մասին, որ մեր կառավարությունը ամեն ինչ չի անում հարեւան Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց. «Ուզում եմ ասել, որ «շատ», «քիչ», «ամեն ինչ», «մի քիչ». սրանք հարաբերական հասկացողություններ են: Մեկի համար 5 քայլը կարող է լինել ամեն ինչ, մյուսի համար՝ ոչինչ: Մեկի համար կարող է 10 միջոցառումը լինել ամեն ինչ, մյուսի համար, ով այդ միջոցառումների հետ համաձայն չէ՝ ոչինչ: Մենք կառավարության ծրագրում հստակ մեր մոտեցումներն արտահայտել ենք ե՛ւ Ղարաբաղի խնդրի հետ կապված, ե՛ւ Թուրքիայի հետ կապված, մենք այդ մոտեցումների շրջանակներում մշտապես աշխատում ենք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների հետ, ու երկկողմ ձեւաչափով, այնպես որ՝ այլ մոտեցումներ չեն եղել, եւ եթե մեկ ուրիշը հնարավորություն կունենա կառավարության ծրագիր ներկայացնել ԱԺ-ին, իր մոտեցումները կներկայացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել