Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՃԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՆՃԱՐԵՂ ԿԻՆ ԿԱ»

Փետրվար 07,2008 00:00

\"\"Հարցազրույց ամերիկաբնակ նկարիչ եւ քանդակագործ Էմիլ Գազազի հետ

Ճանաչված նկարիչ եւ քանդակագործ, 80-ականներից ԱՄՆ-ում հաստատված Էմիլ Գազազի դափնիներն ու մրցանակները կերազեն արվեստագետներից շատերը: Աշխարհում համարյա չկա մի անկյուն, որտեղ նա ցուցահանդես ունեցած չլինի: 2003-ին, օրինակ, մասնակցելով Ֆլորենցիայի բիենալեին՝ «Սան Պեդրոյի սեղանը» բրոնզե աշխատանքի համար նա արժանացել է «Մեդիչի» հեղինակավոր մրցանակին: Գազազը մեծ հաջողություն է ունեցել նաեւ անցյալ տարվա վերջին՝ կրկին Ֆլորենցիայի բիենալեում:

Արվեստագետը ԱՄՆ-ից սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին:

– Ինչպե՞ս հաջողվեց ձեզ՝ խորհրդային դպրոց անցած արվեստագետին, փշրել խորհրդային մտածողության շղթաներն ու «իզմերը»: Եվ Հայաստանից հեռանալու պատճառների մասին, եթե կարելի է…

– Ես ուղղակի ականջներս փակեցի խորհրդային պրոպագանդայի դեմ, եւ արեցի՝ ինչ զգում էի ներքուստ, իրապես… Սոցիալիստական ռեալիզմը, որը Խորհրդային միության միակ «իզմն» էր, ինձ երբեք չի գերել: Փոխարենը միշտ տարված եմ եղել համաշխարհային եւ հայկական հնագույն արվեստի գլուխգործոցներով, որոնք իմ ուսուցիչներն են եղել: Ինչ վերաբերում է Հայաստանից հեռանալուն, հիմնական պատճառը խիստ անձնական էր, եւ մեկ այլ առիթով կպատմեմ այդ մասին:

– Ձեր ստեղծած հերոսները երբեմն արտաքին, գուցեեւ ներքին որոշ նմանություններ ունեն ձեզ հետ: Իսահակյանը, օրինակ, ասում էր՝ Աբու Լալա Մահարին ես եմ՝ ուրիշի վերարկուի տակ: Ձեր պարագայում է՞լ է այդպես:

– Եթե իմ հերոսներն արտաքին կամ ներքին նմանություն չունենային ինձ հետ, կնշանակեր՝ իմը չեն, ապօրինի են: Նմանությունը ենթագիտակցաբար է ստացվում…

– Կանայք ձեր արվեստում: Կնոջ տարբեր «դրսեւորումներն» են ձեզ մոտ գերիշխում: Ի վերջո, ի՞նչ է կինը ձեզ համար՝ ներշնչանքի աղբյո՞ւր, Ադամի կողից առաջացած մե՞կը, Լիլի՞թ, վհուկ, ռազմուհի՝ Աթենաս Պալլա՞ս, էրոտիզմի խորհրդանի՞շ…

– Ինձ համար ձեր՝ վերը թվարկված բոլոր տարբերակները համընկնում են կնոջ հետ: Մի տեղ կինը սրբուհի է, մի տեղ՝ Եվա՝ Ադամի կողից, մի տեղ՝ Դժոխքից եկած սատանա, մի տեղ՝ զինվոր՝ Աթենաս Պալլասի նման…Մի խոսքով, կնոջ բոլոր դրսեւորումները հետաքրքիր նյութ են արվեստում օգտագործելու համար: Իմ ստեղծագործություններում տարիներով որոնած կամ երազած իդեալական, երկնային, անչափ կանացի, բայց նաեւ միաժամանակ շատ զորեղ կնոջ միայն վերջերս եմ գտել իրականության մեջ… Ամեն հանճարի հետեւում հանճարեղ կին կա թաքնված…

– Դուք ստեղծել եք ձեր աշխարհը, որտեղ անընդհատ անդրադարձ կա միֆականին, անսովորին: Արդյո՞ք ուզում եք ասել, որ այս իրականությանը հենց այդ գույներն են պակասում:

– Մեր ժամանակներում հեռախոսները, հեռուստատեսությունը, համակարգիչները, օդանավերը եւ մարդկային մտքի ստեղծած այլ տեխնիկական հնարքները հեշտացրել են մարդկային ապրելաձեւը, սակայն նրան զրկել են աստվածայինից, խորհրդավորությունից, միստիկայից, ինչն էլ մղում է ինձ՝ Աստծո շնորհած ուժի չափով հիշեցնել մարդուն իր կորցրածի մասին:

– Անկախ Հայաստանը, տաղանդավոր նկարիչներ տված ձեր ծննդավայր Գյումրին ձեզ չի՞ կանչում: Չե՞ք ուզում հայաստանցիների համար էլ մատչելի լինել…

– Հուսով եմ, որ մի օր անպայման կհանդիպենք Գյումրիում: Ի՞նչ է նշանակում հայաստանցիներին մատչելի լինել: Չէ՞ որ հայաստանցիներն էլ ողջ հողագնդի մարդկության մի փոքրիկ մասնիկն են: Եթե մատչելի լինեմ մարդկությանը, անշուշտ, մատչելի կլինեմ նաեւ հայաստանցիներին… Ինձ համար չկա հայաստանցի, ֆրանսիացի, իտալացի, ճապոնացի հասկացություն, կա միայն մեկը՝ մարդկություն: Ու քանի որ շատ եմ սիրում մարդ արարածին, նշանակում է՝ իմ ազգն էլ եմ անչափ սիրում եւ, իհարկե, ինձ մատչելի համարում…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829