Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին նախագահը՝ բացասական, Սերժ Սարգսյանը՝ դրական

Փետրվար 07,2008 00:00

Այսպիսին են ՀՀ նախագահի 2 թեկնածուները հեռարձակվող ԶԼՄ-ների մատուցմամբ:

Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ-ի եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացրած՝ Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2008 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ հերթական դիտարկման արդյունքները: Դիտարկող խումբը փորձել է պարզել նախագահական ընտրությունների նկատմամբ ուշադրության աստիճանը, այսինքն՝ այն, թե ԶԼՄ-ները որքան համարժեք են տեղեկություններ տրամադրում ընտրազանգվածին՝ քաղաքական գործիչների մասին: Բ. Նավասարդյանը ներկայացրեց հունվարի 21-30-ի արդյունքները, ինչը համընկել էր նախընտրական քարոզչության սկզբին: Դիտարկվել են «Հ1», «ԱԼՄ», «Արմենիա», «հ2», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» TV-ները, Հայաստանի Հանրային ռադիոն (ՀՀՌ) եւ որպես դիտարկման օբյեկտ հանդիսացող ՀՀ նախագահի 9 թեկնածուները: Հետազոտվող եթերի նյութերը բաժանվել են երկու մասի՝ խմբագրական լուսաբանման եւ նախագահի թեկնածուներին հատկացվող նախընտրական քարոզչության:

ԵՄԱ նախագահը նշեց, որ, ըստ մոնիթորինգի արդյունքների, նախագահի թեկնածուների նկատմամբ հեռարձակողների ուշադրության բաշխումը հավասարաչափ է եղել: Սերժ Սարգսյանը ստացել է 29 442 վրկ., իսկ առավել քիչ ուշադրության արժանացած թեկնածուն՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, 12 720 վրկ.: Բ. Նավասարդյանը հայտնեց, որ «Հ1», «հ2» TV-ներում եւ ՀՀՌ-ում նախագահի թեկնածուներին հատկացված ընդհանուր եթերաժամանակով առաջատարը նորից Սերժ Սարգսյանն է, իսկ «Արմենիայում», «Շանթում», «Երկիր մեդիայում»՝ Վահան Հովհաննիսյանը: «Կենտրոն» TV-ում առավել ուշադրության է արժանացել Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բայց՝ բացասական նյութերով, «ԱԼՄ»-ում՝ մյուսների համեմատ մեծ առավելությամբ եւ, բնականաբար, դրական «մատուցմամբ» առաջատարը այդ ալիքի սեփականատեր, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն է:

Դիտարկող խումբը նկատել է, որ Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի մասին հիշատակումները միանգամայն հակադիր բնույթի են: Օրինակ, Ս. Սարգսյանի մասին 99 հիշատակումներից 93-ը եղել է դրական, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի դեպքում՝ 72 բացասական եւ 0 դրական, ընդ որում՝ Ս. Սարգսյանի դրական լուսաբանումներով առաջատարներ են «Հ1» եւ «Կենտրոն» TV-ները: «Երկիր մեդիայում» Ս. Սարգսյանի դրական հիշատակումները 0 է, այստեղ առավել հաճախ դրական լուսաբանվել է ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Պարզվել է նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանի մասին բացասական լուսաբանումները մեծ չափով ձեւավորվում էին նախագահի այլ թեկնածուների՝ նրան հասցեագրված հրապարակային քննադատություններից: Հետազոտված ալիքները ուշադրության են արժանացրել առաջին նախագահի հասցեին ԱՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի բացասական արտահայտությունները: Բ. Նավասարդյանի փոխանցմամբ, դիտարկված ԶԼՄ-ներում ընդհանուր առմամբ քիչ է բանավիճային հաղորդումներին նախագահի թեկնածուների մասնակցությունը. «Նախընտրական վերջին փուլի համար սպասելի էր, որ թեկնածուները ավելի հաճախ պետք է լինեին բանավիճային հաղորդումների հյուրեր: Սակայն երեւում է, որ նրանք նման ցանկություն չունեն»:

Բ. Նավասարդյանը ներկայացրեց նաեւ նույն թեմայով 2007թ. դեկտեմբերին անցկացրած մոնիթորինգի արդյունքները: Ըստ նրա, այս ամսին Ս. Սարգսյանի հիշատակումներում գերակայել են չեզոք նյութերը, բայց նա առաջատարն է եղել իր մասին դրական հիշատակումներով: Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանին, ապա առաջին նախագահը դեկտեմբերին առաջատար է եղել բացարձակապես բացասական երանգավորմամբ: Բանախոսը փաստեց, որ հոկտեմբերից սկսած՝ իրենց հրավիրած ասուլիսներին չեն մասնակցում TV-ների ներկայացուցիչներ: Նավասարդյանի կարծիքով՝ պատճառն իրենց անցկացրած դիտարկումներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել