Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՑ

Փետրվար 07,2008 00:00

\"\"Գովազդային բլոկադան շարունակվում է

«Առավոտի» հետ զրույցում «ԳԱԼԱ»-ի նախկին գովազդատուները իրենց հրաժարվելը նրանից բացատրում էին ոչ թե հեռուստաալիքին չվստահելով, այլեւ «անցավ գլուխը շառի մեջ չգցելու» հանգամանքով: Հիշեցնենք, որ հեռուստաալիքի դեմ մենամարտելիս իշխանությունների ամենաթունոտ քայլը եղավ գովազդատուներին անձամբ մայրաքաղաք հրավիրելն ու «ԳԱԼԱ»-ից հեռու մնալու հրահանգ տալը. լրատվական ալիքը մեկ օրվա մեջ կորցրեց միանգամից 30 խոշոր գովազդատուների: Ու չնայած այսօր նախագահացու Սերժ Սարգսյանը վստահեցնում է, թե «ԳԱԼԱ»-ի հետ իրենք խնդիրներ չունեն, այդուհանդերձ, հեռուստաընկերությունը մինչեւ օրս գովազդային բլոկադայի մեջ է. նախկին գովազդատուներից ընդամենը երկուսն են համարձակվել «ԳԱԼԱ»-ի հետ «գործ բռնել»:

Դատական գործընթացների հետաձգման պատճառով մինչ օրս արգելանքի տակ են դրված հեռուստաընկերության ֆինանսական միջոցներն ու գույքը: Մյուս կողմից էլ դեռեւս անորոշության մեջ է անկախ լրատվական ալիքի կողմից զբաղեցրած հեռուստաաշտարակի հարցը: Այն առիթ դարձավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շտաբի պատասխանատու Լեւոն Բարսեղյանին նոր հաղորդագրություն տարածելու, որտեղ նա իր զայրույթն է հայտնում Գյումրիի քաղաքապետարանի՝ «գործարարին ու հեռուստաընկերությանը վնաս տալու բուռն ցանկության» կապակցությամբ. «Գյումրու քաղաքապետարանը հին հեռուստաաշտարակի վեճի շուրջ այնքան անհաջող է մանեւրում, որ կարողանում է երկու շաբաթվա տարբերությամբ իրար հիմնովին հակասող երկու նամակ գրել «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադրին եւ ապացուցել, որ հեռուստաաշտարակը նախկինում օգտագործելու համար վարձի վճարման իր պահանջներն…… ուղղակի անհիմն են»:

«Առավոտը» «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին խնդրեց մանրամասնել այս խնդիրը: «Հեռուստաաշտարակի մասին առաջին նամակը ես Գյումրիի քաղաքապետին ուղարկել եմ նախքան դատավարությունները, դեկտեմբերի 3-ին: Ես տեղեկացել եմ, որ հեռուստաաշտարակն այժմ պատկանում է քաղաքապետարանին, ուզում եմ այն գնել ձեզնից, ի՞նչ գնով է հնարավոր ձեռք բերել, իսկ եթե վաճառքի ենթակա չէ, ուրեմն՝ վարձակալել: Իրենք ինձ ուղիղ մեկ ամիս հետո պատասխանեցին, որ հեռուստաաշտարակի մասին բոլոր զրույցները մենք կքննարկենք էն դեպքում, երբ դուք կվճարեք նախորդ տարիների վճարը: Չնայած գիտեին, որ ես չեմ վճարելու, որովհետեւ հեռուստաաշտարակը նախկինում տեր չի ունեցել, այսինքն՝ իրենց ուզածը ապօրինի է, ուղղակի ասում էին. Վարդանիկին մի քիչ փող տուր ծախսելու: Բայց ես ասի՝ լավ, ու քանի որ պատասխանը պաշտոնական էր եւ հետագայում Եվրոդատարանում պետք կգար, երկրորդ նամակն ուղղեցի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այս անգամ գրեցի՝ ասենք, թե դուք ենթադրում եք, որ ես պետք է վճարեմ նախորդ վճարը, տվեք ինձ իրավական հիմքերը, թե ինչի՞ հիման վրա եք ինձանից պահանջում հեռուստաաշտարակի նախկին վարձը: Այսինքն, փաստաթուղթ պետք է ունենաս, չէ՞, թե աշտարակը քոնն է եղել, քաղաքապետը, ավելի ճիշտ ավագանին պետք է դրա համար վարձավճար սահմանած լինի: Այս անգամ ինձ պատասխանեցին, թե վարձավճարի հետ կապված հարցը կքննարկենք, երբ ձեր ձեռքից դատարանով կվերցնենք հեռուստաաշտարակը: Երբ ասում եմ՝ տվեք ինձ հեռուստաաշտարակը վարձով, ասում են նախորդը վճարի, երբ հարցնում ես՝ ինչքա՞ն պետք է վճարեմ, պատասխանում են՝ հլը քեզանից վերցնեմ հեռուստաաշատարակը, նոր կտեսնենք ինչքան վճարեք: Ակնհայտ է, որ նպատակ է դրված հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ի ձեռքից վերցնել»,- ասում է Վահան Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ երբեք չի զիջելու ու որքան էլ իշխանություններից հիասթափված լինի՝ հայրենիքը ոչ մի դեպքում չի լքելու: Գործարարի խոսքերով, սեփական երկիրը չի կարելի թողնել «ստրկամիտներին ու անուղեղներին», ընդհակառակը, ճիշտ ժամանակն է, որ քո օրինակով ժողովրդին սովորեցնես, թե ինչպես կարելի է պայքարել սեփական իրավունքների համար:

Օրերս ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «ԳԱԼԱ»-ի փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը՝ ուղղված Շիրակի մարզի տնտեսական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանի դեմ, ով հրաժարվել էր հեռուստաընկերության՝ «հարկադիր սերվիտուտ» սահմանելու մասին հակընդդեմ հայցը վարույթ ընդունելուց: «ԳԱԼԱ»-ն պահանջել էր դատավորից հարկադրել Գյումրիի քաղաքապետարանին հեռուստաաշտարակը իրենց վարձով տալու, իսկ դատավորը հրաժարվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել