Հաշմանդամին նպաստից զրկել են ու ոչ մի օգնություն չեն տրամադրում
«Ես իմ կյանքն ու առողջությունը զոհել եմ հանուն էս պետության: Մասնակցել եմ արցախյան պատերազմին, ամբողջ կյանքում աշխատել եմ, էսօր 2-րդ կարգի հաշմանդամ եմ դարձել, բայց պետությունն ինձ ոչ մի բանով չի օգնում»,- դժգոհեց օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Շահեն Մամյանը: Նա ընտանիքի միակ կերակրողն է, իսկ 29 հազար թոշակը չի բավականացնում անգամ ցամաք հաց գնելուն: Չնայած ընտանիքը մեծ չէ, բայց երկու անչափահաս երեխաներն ու կինը նրա թոշակով են ապրում: Շ. Մամյանի խոսքերով՝ նպաստ ստանալու համար մի քանի անգամ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նրան մերժել են, պատճառաբանելով՝ իբր թոշակը բարձր է, միավորները չեն բավականացնում նպաստ ստանալու համար: «Մի աչքս ընդհանրապես չի տեսնում, մյուսն էլ հազիվ է տեսնում: Ես որ կարողանայի էս վիճակում աշխատել՝ կաշխատեի, իրանց տված նպաստն էլ չէի ուզի: Բայց հիմա անգամ առողջները չեն կարողանում գործ գտնել, հաշմանդամները ո՞նց գտնեն»,- բողոքեց Շ. Մամյանը: Էրեբունու թաղապետարանը նախորդ տարի արձագանքել է Մամյանի խնդրանքներին եւ 3 ամիս 7.500 դրամ է տրամադրել: Բայց հետո Մամյանը նորից հացի խնդրի առաջ է կանգնել:
Նա երկար տարիներ աշխատել է «Հայտրանսշին» ընկերությունում, որտեղից էլ նրան խոստացել էին բնակարանով ապահովել, սակայն խորհրդային տարիների փլուզումից հետո՝ քաղաքապետարանը Մամյանի դիմումին պատասխանել է, որ այլեւս չեն կարող բնակարան տրամադրել: Ներկայումս Մամյանի ընտանիքն ապրում է Տիգրան Մեծի առաջին նրբանցքի 8 հասցեում գտնվող քարուքանդ հանրակացարանում: «Արդեն տասը տարի է՝ հանրակացարանի տանիքը քամուց փլվել է: Ամեն անգամ, երբ անձրեւ կամ ձյուն է գալիս՝ մեր սենյակները ջրով են լցվում: Փայտե շենք է, պատերն էլ այնքան բարակ ու խոնավ են, որ փտել են: Քանի տարի է՝ քաղաքապետարան եմ դիմում, որ օգնություն ցուցաբերեն, գոնե տանիքը վերանորոգեն, բայց ոչ մեկի պետքը չէ: Ես իմ չնչին թոշակով չեմ կարող սարքել: Մի տանիքի եղածն ի՞նչ է, որ պետությունը չի կարողանում վերանորոգել»:
Մեր այցելության պահին էլ, իսկապես, առաստաղից անձրեւաջրերը լցվում էին սենյակ, իսկ սենյակով մեկ տաշտեր էին շարված: Սանհանգույցից էլ չէին կարողանում օգտվել, որովհետեւ անձրեւաջրերից զուգարանը սառցակալած էր. «Մի կերպ լոմով սառույցը քանդում ենք, բայց էլի ձյան հալոցքից առաջացած ջրերից սառում է: Մենք անձրեւանոցով ենք զուգարան գնում: Բաղնիք էլ չունենք, սենյակում տաշտ ենք դնում ու մի կերպ լողանում: Մեր այս մեկսենյականոցը ե՛ւ ննջասենյակ է, ե՛ւ հյուրասենյակ, ե՛ւ բաղնիք ու խոհանոց»:
Տանիքը վերանորոգելու կապակցությամբ քաղաքապետարանից հույսը կտրած, Շ. Մամյանը դիմել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որն առայժմ որեւէ պատասխան չի տվել:
Երեկ Շ. Մամյանը տեղեկացրեց, որ Էրեբունու թաղապետարանի սոցիալական հարցերի բաժինը նրան խոստացել է այս տարի էլ երեք ամիս ժամկետով նպաստ տալ, իսկ շենքային անմխիթար վիճակին ծանոթանալու համար թաղապետարանի աշխատակիցներն այցելել են բնակարան եւ պետք է զեկույց պատրաստեն ու ներկայացնեն թաղապետին:
Թաղապետարանից «Առավոտին» հավաստիացրին, որ Շ. Մամյանի բնակարանի եւ տանիքի վերանորոգման վերաբերյալ դեռ պետք է հաշվարկներ կատարվեն, որպեսզի ճշտվի, թե ինչքան գումար է պահանջվելու, որից հետո կսկսեն աշխատանքները. «Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը 100 տոկոսով խոստանում է, որ կօգնի Շահեն Մամյանին»: