Կադաստրն ու համայնքապետարանը, առանց «Հայէլցանցերի» տեխնիկական եզրակացության, ինքնագլուխ հողհատկացումներ են անում:
Բարձրավոլտ հոսանքալարերի տարածքում հողհատկացումներ անելը հանրապետությունով մեկ զանգվածային բնույթ է կրում: Քանի որ վերջին տարիներին մեր երկրում հողի գինը զգալի բարձրացել է, հողհատկացման լիազորություններով օժտված ներկայացուցիչները՝ քաղաքապետերը, մարզպետներն ու գյուղապետերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ աճուրդով վաճառում են անգամ վտանգավոր գոտիներում գտնվող հողատարածքները: Մինչդեռ էներգետիկ անվտանգության գոտիներում հողհատկացում անելու համար համայնքի ղեկավարները պետք է «Հայաստանի էլեկտրական ցանցերից» ստանան տեխնիկական եզրակացություն: Ըստ այդմ էլ կորոշվի՝ թույլատրելի՞ է տվյալ տարածքում կառուցապատում անել, թե՞ ոչ:
Մելանյա Հայրապետյանին Կադաստրի պետական կոմիտեն վկայական է տվել բնակարան գնելու մի տարածքում, որտեղ առկա է էլեկտրասյուն եւ այդ տարածքը համարվում է բարձր լարման գոտի: Բնակիչն էլ, առանց տեղյակ լինելու այդ մասին, 2 տարի առաջ այդ տարածքում՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 21 փողոցի 1 հասցեում առքուվաճառքի պայմանագիր է կնքել ու հողամաս գնել:
Մի օր էլ, երբ դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ էլեկտրաէներգիայի համար մալուխ անցկացնելու խնդրանքով, պատահաբար «Հայէլցանցերից» իմացել է, թե ինչ վտանգավոր տարածքում է նա բնակվում:
ՀԷՑ-ից կնոջն ասել են, որ էլեկտրասյունը տարածքի սեփականատերն ինքը պետք է իր միջոցներով տարածքից հանի, քանի որ մինչեւ հողի սեփականաշնորհումը՝ հաշվի չի առնվել էներգետիկ օբյեկտը տնօրինող ձեռնարկության կարծիքը: Այսինքն՝ ոչ քաղաքապետարանը, ոչ կադաստրը եւ ոչ էլ համայնքապետարանը չեն ստացել «Հայէլցանցերի» տեխնիկական եզրակացությունը, ինչի պատճառով հիմա բնակիչը հայտնվել է անելանելի վիճակում: Քամիների կամ անձրեւների ժամանակ էլեկտրասյանը մոտ գտնվելը լուրջ վտանգ կարող է դառնալ մարդկանց կյանքի համար: Կարող է լինել հրդեհ, հոսանքահարում եւ այլն: Մելանյա Հայրապետյանի խոսքերով՝ «Մինչեւ 20 կիլովոլտ լարման դեպքում հոսանքալարերից աջ ու ձախ անվտանգության գոտին պետք է սահմանվի 10 մետր, եթե այդքան հողը պետք է չօգտագործենք, էլ ինչո՞ւ ենք գնել: Բացի այդ, դա նաեւ մեր առողջության համար է վնաս, մի քանի տարի այդտեղ ապրելով՝ բազմաթիվ հիվանդությունների տեր կդառնանք»:
Նկատենք, որ Կադաստրի պետական կոմիտեն բնակիչների համար հաճախ է ավելորդ խնդիրներ ստեղծում՝ իր աշխատակիցների անուշադրության պատճառով: Օրինակ, երբ Մելանյա Հայրապետյանն ուզել է իր հողամասում առանձնատուն կառուցել ու արդեն սկսել է շինարարությունը, դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյան քաղաքի մասնաճյուղ: Տեղազննության արդյունքում կադաստրը պարզել է, որ կիսակառույց տունը մոտ 42 քմ-ով դուրս է կնոջը պատկանող հողամասի տարածքից եւ որ նրա հողը, 1664 քմ-ի փոխարեն, 1300 քմ մակերես ունի: «Չհավատալով դրան, դիմեցի Գեոդեզիայի ինստիտուտ, որը հաստատեց, որ իմ հողը 1664 քմ է: Տարօրինակ բան է կատարվել, քանի որ իմ վկայականում գծված հողի հատակագիծը համընկնում է նախկին սեփականատիրոջ վկայականում առկա հատակագծին, Գեոդեզիայի ինստիտուտի տրամադրած տվյալներին եւ ֆիզիկական կոնֆիգուրացիային: Չնայած դրան, Կադաստրի տվյալները բոլորովին այլ են: Նրանց քարտեզագրման համաձայն, տվյալ հողամասի սեփականության վկայականում ծածկագիրը գրված է 009 (վերջին թվերն են) եւ մակերեսն էլ 1300 քմ է, սակայն ես նախկին սեփականատիրոջից գնել եմ 011 ծածկագրի հողը, որի մակերեսը 1664 քմ է: Ես նաեւ ունեմ իմ հասցեի վերաբերյալ Պտղնիի գյուղապետարանի տեղեկանքը, որտեղ նշված է, որ իմ հողամասի ծածկագիրը 011 է: Հաշվի առնելով այդ փաստաթուղթը՝ ես եւս մեկ անգամ դիմեցի կադաստր, որպեսզի գրանցման ժամանակ թույլ տված սխալն ուղղեն, սակայն ինձ մերժեցին: Դրանից հետո դիմեցի Կադաստրի կենտրոնական գրասենյակ, որտեղից պատասխանեցին, որ իրենց քարտեզում իսկապես որոշ անճշտություններ կան»,- պատմեց Մ. Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ «Եթե ես այլ հող եմ գնել, ինչո՞ւ ինձ այդ հողը չեն տալիս: Եվ հետո, ինչո՞ւ ես պետք է կադաստրի սխալի պատճառով հայտնվեմ այսքան դժվար կացության մեջ, հսկայական գումարներ եմ ծախսել: Անիմաստ տեղը գյուղապետարանին 190 հազար դրամ տուգանք եմ վճարել՝ իբրեւ թե 42 քմ տարածք անօրինական զավթելու եւ 109 հազար դրամ էլ՝ ապօրինի կառուցապատման համար»:
Բնակիչն այս խնդրով դիմել է վարչապետ Սերժ Սարգսյանին եւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանին: Վարչապետն իրեն ուղղված նամակն ուղարկել է կադաստր: Իսկ կադաստրից կնոջն այս անգամ խորհուրդ են տվել դիմել դատարան:
«Առավոտին» Կադաստրի պետական կոմիտեից խոստացան կնոջ հարցով հավելյալ զբաղվել: