Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը կմիաձուլվեն
Երեկ «Անի» հյուրանոցում իրեն սատարող ուժերի համաժողովում նման առաջարկ արեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ինչին հետեւեց թղթափուչիկային հրավառությունը: Հավաքի նպատակը նոր կուսակցության հիմնադրման մասին հայտարարելն էր: Վազգեն Մանուկյանին սատարող վեց կուսակցությունները՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ (Հրանտ Խաչատրյանի ղեկավարած- Ն. Գ.), Ազգային պետություն եւ Ազգային միասնության ուխտ, առաջիկա մեկ տարվա ընթացքում, անկախ փետրվարի 19-ի ընտրության արդյունքներից, կմիավորվեն եւ կկազմեն ազգային-ժողովրդավարական գաղափարախոսություն դավանող նոր կուսակցություն: Հստակ է միայն սա, իսկ նոր կուսակցության անվանումը, ղեկավար մարմինը եւ այլ հարցեր դեռ որոշված չեն: Սակայն Վազգեն Մանուկյանը հավաստիացնում է, որ իրավահավասարության սկզբունքը կպահպանվի: Նորաստեղծ կառույցը բաց կլինի ազգային-ժողովրդավարական գաղափարախոսություն դավանող ուժերի համար: Վազգեն Մանուկյանն առաջարկում է պատվով եւ հպարտությամբ փակել մեր պատմության ղարաբաղյան պատերազմով բացված 20-ամյա էջը, նշելով, որ ձեռքբերումները մեծ են՝ անկախ պետություն, հաղթանակ պատերազմում, Արցախի փաստացի ազատագրում եւ անկախություն, Հայաստանում ժողովրդավարության սաղմերի ձեւավորում: Նա չի մոռանում դառնությունների եւ կորուստների մասին. «Մարդկանց մի խումբ, ձեռքը վերցնելով ամբողջ քաղաքական իշխանությունը եւ վերահսկողությունը տնտեսության վրա, մրցակցությունից դուրս, որոշում է մեր երկրի ապագան, մեր ապագան, մեր հաջորդ սերունդների ապագան»: Այս համատեքստում էլ բանախոսը խոսեց իր նախընտրական ծրագրով առաջարկվող քաղաքական եւ տնտեսական փոփոխություններից: «Մենք տեսնում ենք ապագան եւ միտված ենք ապագային»,- սա է, ըստ Վազգեն Մանուկյանի, իր եւ մյուս թեկնածուների տարբերությունը: Իսկ ընդհանրապես, պարոն Մանուկյանը համոզված է, որ իրեն կհաջողվի դուրս գալ երկրորդ փուլ: «Նույնիսկ եթե միացումներ լինեն, միեւնույն է՝ ընդդիմադիր դաշտը լինելու է բազմաբեւեռ, եւ դա հնարավորություն է տալիս մեր ընտրողներին ոչ թե մտածել՝ թե ով կհաղթի, այլ իրենց ճաշակով, համոզմունքներով քվեարկել այս կամ այն թեկնածուի համար: Ոչ մի ձայն այս դեպքում չի կորի. ընդդիմադիր դաշտի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կանցնի երկրորդ փուլ: Իհարկե, մեզ համար ցանկալի կլիներ, որ երկրորդ փուլում լիներ թեկնածու, որի շուրջը հնարավոր կլիներ համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը: Կարծում եմ, որ մենք այդ պայմանին բավարարում ենք»,- ի հեճուկս ՀՅԴ ակնկալիքների՝ հայտարարեց նախագահի թեկնածուն:
Այնուհետեւ վերլուծելով Հայաստանի քաղաքական դաշտի զարգացումները 1988-ից ի վեր՝ պարոն Մանուկյանը արձանագրում է՝ 1996-ը՝ «եթե միայն քաղաքական պայքարով ես առաջ գնում, միշտ կհանդիպես բիրտ ուժի», եւ 1998-ը՝ «քաղաքական կուսակցությունների ազդեցությունը քաղաքական պրոցեսի վրա վերացավ. Կարեն Դեմիրճյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու դարձան առանց կուսակցությունների, դա մի քայլ ետ էր Հայաստանի համար», խանգարեցին գաղափարական դաշտի կայացմանը: Դրան հետեւեցին կուսակցությունների տրոհումը, արհեստական ստեղծումը եւ ուռճացումը, մարդ-կուսակցությունների ձեւավորումը: Այս քաոսային իրավիճակը, Վ. Մանուկյանի բնութագրմամբ, հանգեցրել է «քաղաքական դաշտում ֆիդայական ջոկատներով իրար դեմ պայքարի, որը ոչնչի չի բերում»: Ուստի կուսակցությունների միավորումները պարոն Մանուկյանը նաեւ հասարակական պահանջ է համարում եւ կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել՝ գաղափարական հիմքով: