Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Փետրվար 07,2008 00:00

Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ավելի լուրջ է վերաբերվել ՀՀ նախագահի թեկնածուի նկատմամբ հնչեցված

սպառնալիքին, որը հեգնում էին ՀՀԿ գործիչները:

Չնայած այն ուժգին հակաքարոզչությանը, որ ծավալվել է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի դեմ այն բանից հետո, երբ ակնարկներ արվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նրա միավորման մասին՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը նույն կերպ շարունակում է իր քարոզարշավը: Նա պարբերաբար հանդիպում է հասարակության տարբեր խավերի եւ մասնագիտական բազմազան ոլորտների ներկայացուցիչներին, խոսում տվյալ ոլորտում առկա խնդիրների մասին ու ներկայացնում վիճակագրական տվյալներ: Հետո (առանց որեւէ այլ թեկնածուի մասին ակնարկ իսկ անելու) ներկայացնում է տվյալ ոլորտի վերաբերյալ իր ծրագրային դրույթները եւ առաջարկած լուծումները, որոնք, որպես կանոն, սկսվում են հետեւյալ նախաբանով. «Իմ հաղթանակը նշանակում է…»:

Երեկ էլ Արթուր Բաղդասարյանը հանդիպում էր իր թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարած «Հաշմանդամների համահայկական միության» անդամների հետ: Եվ հանդիպումն ընթացավ վերոհիշյալ կարգով: Հասարակության այս շերտին նախագահի թեկնածուն մասնավորապես խոստացավ իր հաղթանակի դեպքում ստեղծել կառավարությանն առընթեր առանձին պետական մարմին, որը կզբաղվի հաշմանդամների հիմնահարցերով: Բացի այդ՝ խոստացավ ամեն տարի 5000 աշխատատեղ ստեղծել նրանց համար եւ առաջիկա 5 տարիների ընթացքում հաշմանդամների թոշակն ավելացնել նվազագույնը 2 անգամ: Հաշմանդամներն էլ խնդրեցին վերականգնել կոմունալ ծախսերի վճարման եւ փոխադրամիջոցներից օգտվելու իրենց արտոնությունները:

Հանդիպման ավարտից հետո Արթուր Բաղդասարյանը պատասխանեց «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի մի քանի քաղաքական հարցերի:

Պատասխանելով մեր հարցին, թե մտադի՞ր է արձագանքել գլխավոր դատախազության խնդրանքին եւ տրամադրել ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող նյութերը՝ ՀՀ նախագահի թեկնածուն ասաց. «Այո՛: Մենք գրավոր պատասխանելու ենք»:

Մեր խնդրանքով անդրադառնալով երեկ թերթերից մեկում լույս տեսած հրապարակմանը, թե փետրվարի 3-ի հանրահավաքից հետո կառավարական ամառանոցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը՝ վերջինիս նախաձեռնությամբ, եւ ըստ թերթի՝ ՕԵԿ նախագահը վարչապետին առաջարկել է իր աջակցությունը «պայմանով, եթե իրեն տրվի վարչապետի պաշտոնը»՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Դե, դա հերյուրանք է: Պարզ, տարրական բանսարկություն եւ հերյուրանք: Ու ոչ միայն հրապարակել են՝ ձրի էլ բաժանել են»: Նշենք, որ անվճար տարածվող այդ թերթը լույս է տեսնում 10 հազար տպաքանակով;

Մեկ այլ թերթ էլ երեկ հրապարակել էր, թե Արթուր Բաղդասարյանը համաձայնել է միավորվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այն պայմանով, որ կստանա վարչապետի աթոռը: ՕԵԿ նախագահն այս առնչությամբ ասաց. «Մենք միավորման հետ կապված բանակցություններում ոչ մի պաշտոնի մասին խոսակցություն չենք վարել: Սա ուղղակի անհեթեթություն է: Նման քննարկում չի եղել ընդհանրապե՛ս»:

Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ իր նկատմամբ սպառնալիքի վերաբերյալ իրավապահների արձագանքի վերաբերյալ, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ինձ դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ առաջարկելով պետական պահպանություն: Ես էլ այսօր գրավոր նամակ եմ գրել եւ համաձայնել»:

Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում է հետաքննություն»: Նաեւ նշված է, թե պրն Բաղդասարյանը դեռ փետրվարի 5-ին է հրավիրվել է ոստիկանություն, որ հետաքննությանն ընթացք տալու համար տրամադրի տեղեկություններ իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ. «Ա. Բաղդասարյանը հայտարարել է, որ կներկայանա միայն փետրվարի 7-ին»: ՕԵԿ նախագահը լրագրողներին էլ հայտնեց. «Հանդիպում եւ քննարկում լինելու է: Համենայնդեպս, ինչ-որ հնչեցվել է հանրահավաքում՝ խաղ ու պար չէ: Ես ուղղակի դա հրապարակայնացրել եմ, հնչեցրել եմ՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ մենք ստացել ենք»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ գործիչները, մեղմ ասած, թերահավատ էին վերաբերվել այս պնդմանը: Ասենք, ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն «ԱրմԻնֆո»-ին ասել էր, թե Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, որ իրեն սպառնացել են սպանել, «իսկական պոպուլիզմ է», ու հավելել էր, թե հասարակությունն արդեն սովորել է, որ որոշ թեկնածուներ սենսացիոն հայտարարությունների են դիմում՝ որեւէ օգտակար բանով զբաղվելու փոխարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել