Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

Փետրվար 06,2008 00:00

Պետության նոր ղեկավարը կշարունակի իր նախորդի ընտրած քաղաքականությունը

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Մոտ 10 թեկնածուներից հաղթանակի հիմնական հավակնորդները երկուսն են` վարչապետ Սերժ Սարգսյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից Վահան Հովհաննիսյանի առաջադրումը որպես նախագահության թեկնածու, ըստ էության, նշանակում է քաղաքական երրորդ կենտրոնի ստեղծում:

Փորձագետները կարծում են, որ ՀՅԴ-ն դժվար թե հաջողության հասնի, սակայն հիմնական մրցակիցներից որոշակի քանակությամբ ձայներ, այնուամենայնիվ, կխլի: Ընդ որում, առանձնակի ուշադրություն է դարձվում այն բանի վրա, որ ՀՅԴ-ի եւ իշխող Հանրապետական կուսակցության միջեւ կնքվել է համագործակցության միջկուսակցական համաձայնագիր. դաշնակցականներն առանձնահատուկ դեպքերում կսատարեն հանրապետականներին: Նախագահական ընտրությունները հենց այդպիսի առանձնահատուկ դեպք կդառնան, քանի որ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ՀՅԴ-ն արգելքի տակ էր: Չնայած անցյալ տարվա աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր ՀՅԴ առաջնորդների հետ եւ հարաբերությունները տեղափոխել քաղաքական հանդուրժողականության հարթություն, դաշնակցականների կողմից նախկին նախագահին սատարելու մասին խոսելը, թերեւս, տեղին չէ: Սա լրացուցիչ միավորներ է բերում Սերժ Սարգսյանին, ում հաղթանակին Հայաստանում գրեթե ոչ ոք չի կասկածում: Քաղաքագետների մեծամասնությունը, նշելով դասավորության աստիճանական փոփոխման դինամիկան հօգուտ Տեր-Պետրոսյանի, չեն բացառում, որ նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ, որտեղ կշեռքի նժարը կթեքվի ներկայիս վարչապետի կողմը:

Ամեն դեպքում՝ Հայաստանի նոր նախագահը շարունակելու է իր նախորդի քաղաքականությունը: Երեւանի հիմնական ռազմավարական դաշնակիցը շարունակելու է Մոսկվան մնալ: Դանդաղ, բայց արդյունավետ կերպով կարող է շարունակվել հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացումը տնտեսության ոլորտում: Իշխանությունները, եթե չմոռանան նախընտրական խոստումները, ի վերջո լրջորեն կզբաղվեն մարզերի զարգացմամբ, որոնց սոցիալ-տնտեսական զարգացման թույլ տեմպերը Երեւանի համեմատությամբ կրիտիկական աստիճանի են հասել եւ դա հղի է բնակչության արտահոսքով դեպի Հայաստանի մայրաքաղաք: Սոցիալական միգրացիան աստիճանաբար դառնում է առաջնային կարեւորության խնդիր՝ իշխանությունների համար եւ պահանջում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել:

Հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում դժվար թե դրական տեղաշարժեր լինեն: Կողմերը շարունակում են առաջ քաշել միմյանց համար անընդունելի պահանջներ, այդ իսկ պատճառով միամտություն կլինի հարաբերությունների ջերմացում ակնկալել: Այդ կապակցությամբ չափազանցված կարելի է համարել Բաքվի հույսերն առ այն, որ նախագահական ընտրություններում կհաղթի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր քարոզարշավի ընթացքում հայտարարում է, որ անհրաժեշտ է զիջումների գնալ հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման եւ դրա արդյունքում Հայաստանը տարածաշրջանային մեկուսացումից դուրս բերելու համար: Բնակչության որոշակի հատվածի ներկայիս աջակցությունը նախկին նախագահին բացատրվում է Տեր-Պետրոսյանի խարիզմով, ինչպես նաեւ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի իշխանությունից կուտակված հոգնածությամբ: Ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չճանաչված հանրապետության ծնունդ են հանդիսանում: Եթե անգամ ենթադրենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհաղթի նախագահական ընտրություններում, դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է կարողանալու իրագործել նախընտրական ծրագիրը, որը, ըստ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների, ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հանձնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել