Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամուսնացել է, բայց կնոջը երբեք չի տեսել

Փետրվար 06,2008 00:00

\"\"Սակայն համոզված է, որ կինը գեղեցկուհի է

Նարինե Ղուկասյանն ու Ալեքսանդր Ժույկովն ամուսնացել են այս տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին: Ալեքսանդրն իր կնոջը ամուսնանալու առաջարկություն է արել առանց նրան տեսնելու: Ալեքսանդրը կույր է, սակայն դա չի խանգարել նրան, որպեսզի անգամ առանց կնոջը տեսնելու, ամբողջ հոգով սիրահարվի նրան: Ամուսինները ծանոթացել են Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած դասընթացների ժամանակ: Եվ քանի որ Ալեքսանդրը կույր է ու դժվարությամբ է տեղաշարժվել, Նարինեն նրան ամեն անգամ ուղեկցել է այդ դասընթացներին: Զույգերի պատմելով՝ «Հենց այդ ընթացքում էլ ծանոթացել ենք: Չնայած դասերը տեւեցին ընդամենը 1 ամիս, բայց խմբի անդամներով շատ մտերմացել էինք: Հաճախ էինք մեր տանը հավաքվում ու հավաքույթներ կազմակերպում»: «Առավոտի» հետ զրույցում Նարինեն պատմեց, որ այդ հանդիպումներից մեկի ժամանակ էլ Ալեքսանդրը սիրո խոստովանություն է արել: Եվ քանի որ երկուսն էլ արվեստագետ են, ուստի շուտ են իրար հասկացել ու ընդամենը մի քանի ամիս հետո ամուսնացել են:

Ալեքսանդրը կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանող է: Նա ավարտել է Քանաքեռի երաժշտական դպրոցը: Մեզ հետ զրույցում Ալեքսանդրը պատմում էր, որ երաժշտական դպրոցում համերգներ է տվել, ու այդ համերգներից մեկի ժամանակ նրան նկատել է Ռաֆայել Հակոբյանցը, որն էլ պատրաստակամություն է հայտնել այցելել Ալեքսանդրի տուն՝ նրա հետ անհատական պարապելու: Ալեքսանդրն ի ծնե աչքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով 8 անգամ վիրահատվել է: Հասունացման տարիքում՝ 14 տարեկանում երեխան ամբողջությամբ կուրացել է: Նրա խոսքերով՝ դա իրեն չի խանգարել, որպեսզի ավարտի հանրակրթական դպրոցը. «Ուղղակի պետք չէ ոչ մեկին մեղադրել, բոլորն էլ պրոբլեմներ ունեն, պետք է ուժեղ լինես, որպեսզի հասնես նրան, ինչ իրականում ուզում ես»:

Իսկ Նարինեն նկարչուհի է: Նրա նկարները հիմնականում բնապատկերներ են: Ալեքսանդրը կնոջ նկարները չի տեսնում, բայց դրանց մասին հստակ պատկերացում ունի, քանի որ Նարինեն նկարելու ընթացքում պատմում է, թե ինչ է նկարում, ինչ գույներ է օգտագործում: Ալեքսանդրի պատմելով՝ «Քանի որ որոշ ժամանակ տեսել եմ, գույներին ծանոթ եմ, ու եթե կինս ինձ ասում է՝ այս եմ նկարել ու այսինչ գույնն եմ օգտագործել, ես այդ նկարները շատ լավ պատկերացնում եմ»:

Նարինեն նույնպես հաշմանդամ է: Նրա պատմելով՝ ընդամենը 3 օրական է եղել, երբ հիվանդանոցում վարակվել է դեղնախտով, ինչն էլ նրա համար ճակատագրական է եղել: Դեղնախտի հետեւանքով Նարինեն մանկական կաթված է տարել: Ճիշտ է, ծնողները նրան մեծ ուշադրություն են դարձրել եւ կատարել են բժիշկների բոլոր ցուցումները, որը նպաստել է, որպեսզի աղջիկը համեմատաբար առողջական քիչ խնդիրներ ունենա, սակայն այսօր Նարինեն փոքր-ինչ դժվարությամբ է խոսում: Նա լեզվի հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Ամուսիններն առայժմ երեխաներ չունեն: Փոխարենը նրանք տանը 4 կատու են պահում: Ալեքսանդրը համոզված է, որ այն տանը, որտեղ մարդկանց հետ միասին կենդանիներ են ապրում՝ երեխաները բարի են մեծանում:

Հ. Գ. Չնայած Ալեքսանդրը կույր է, սակայն նա զարմացնելու աստիճան քաղաքավարի եւ ուշադիր վերաբերմունք ուներ իր հյուրերի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել