Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ

Փետրվար 06,2008 00:00

Մանուկների տանը երեխաներն իրենց շատ լավ են զգում, սակայն ծնողների կողքին անցկացրած ամենավատ օրերն անգամ նրանք գերադասում են մանկատնից:

\"\"«Կամ զինվորական եմ դառնալու, կամ ծաղրածու: Ես կրկեսում տեսել եմ, թե ծաղրածուներն ինչպես են մարդկանց ուրախացնում, համ էլ մեր կրոնի դասատուն՝ սարկավագը, ինձ միշտ ծաղրածու է ասում»,- ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին մեզ հետ կիսվեց 7-ամյա Արման Խաչատրյանը: Նա արդեն 4 տարի ապրում է Մարի Իզմրլյանի անվան մանկատանը: Արմանը մայր ունի, բայց քանի որ նա տուն չունի եւ սոցիալապես վատ պայմաններում է ապրում, չի կարողանում երեխային ինչպես հարկն է խնամել, ուստի նրան հանձնել է մանկատուն: Նա մանուկների տանն իրեն շատ լավ է զգում, սակայն Արմանի ամենաերջանիկ օրերը, ինչպես ինքն է պատմում, մոր հետ անցկացրած օրերն են: Ամռանը տղան որոշ ժամանակ մոր հետ է անցկացրել:

Այս մանկատունը նախատեսված է 0-18 տարեկան երեխաների համար: Այժմ այնտեղ մինչեւ 12 տարեկան 88 երեխա է բնակվում: Մանկատանն ապրող երեխաները գոհ են, որ ապահովված են, սակայն իրենց ծնողներին շատ են կարոտում: Մեզ հետ զրույցում երեխաները հույս էին հայտնում, որ շուտով ծնողներն իրենց վերցնելու են մանկատնից, այդուհանդերձ խոստանում էին՝ հեռանալու դեպքում անպայման իրենց դաստիարակներին տեսության գալ:

\"\"«Մեծանամ՝ մանկատան դաստիարակչուհի եմ դառնալու»,- իր մասնագիտությունն արդեն ընտրած 9-ամյա Աննա Զիրոյանը, ճաշակելով առանց ծնողների ապրելու դժվարությունները, որոշել է իր նման ճակատագիր ունեցող մանուկներին խնամել: Աննայի մայրը ժամանակ առ ժամանակ այցելում է երեխային տեսության, սակայն ի վիճակի չէ նրան մանկատնից տուն տանել. «Եղբայրս ծառայում է բանակում, նախքան բանակ գնալը շատ հաճախ էր գալիս ինձ տեսության»: Մանկատան շատ երեխաների հետ Աննան էլ հաճախում է պարի խմբակ: Մանկատան տնօրինության նախաձեռնությամբ այս օրերին Աննան գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սիբիրի երկրամասում: Նա հյուսիս է գնացել Ձմեռ պապի հետ հանդիպման: Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանի հավաստմամբ, ամեն տարի իրենց երեխաներից մեկը մեկնում է: Ըստ նրա, այս պահին իրենց մանկատան 25 երեխա էլ շրջագայում է Հոլանդիայում:

Մեր այցելության նախորդ օրը հայոց լեզվի թելադրությունից «5» էր ստացել 2-րդ դասարանցի Մարիամ Սարգսյանը: Նրա ամենասիրած առարկան հայոց լեզուն է: Մարիամի պատմելով՝ իր մայրիկին չէր տեսել 3 տարուց ավելի, սակայն վերջերս մայրը կրկին հայտնվել է: Դաստիարակ Նունե Հարությունյանի խոսքերով, երեխային մանկատան աշխատողներն են մի քանի ամիս առաջ տարել իր մայրիկի հետ հանդիպման։

\"\"Այս մանկատանը կան նաեւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք ընդհանուր թվի մոտ 30%-ն էին կազմում: Նրանց հետ աշխատում են մանկատան հոգեբանը, 2 լոգոպեդ եւ 12 դաստիարակ: Չնայած մանկատան աշխատակիցների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ՝ ընդամենը 50-65 հազար դրամ, սակայն նրանք այստեղ աշխատում են խնամքով ու հոգատարությամբ:

Մեզ հետ զրույցում մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասաց, որ իրենց մանկատնից դեռեւս որդեգրման դեպքեր չեն եղել, քանի որ երեխաների մեծ մասը ծնողներ ունի։ Մենք Հ. Մկրտչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե չափահաս դառնալուց հետո մանկատան երեխաների ճակատագիրն ի՞նչ է լինելու. «Դեռեւս ավարտողներ չեն եղել: Կլինեն՝ կտեսնենք»։

Երբ երեխաներին լուսանկարում էինք, նրանք նկարվելու համար ընտրում էին մանկատան իրենց սիրած անկյունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել