Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանտախուց, սնունդ, աշխատանք

Փետրվար 06,2008 00:00

Դիտարկման խումբը բացահայտում է քրեակատարողական հիմնարկների թերությունները

Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը քրեակատարողական հիմնարկների բարեփոխումն էր: Բարեփոխումը սկսվեց այս հաստատությունները ոստիկանությունից արդարադատության համակարգին փոխանցելով: Դա միջազգայնորեն ընդունված մոտեցում է, քրեական հետապնդում իրականացնողը եւ անձին կալանքի տակ պահողը չպետք է նույն կառույցը լինի: Բարեփոխումների նպատակներից էր նաեւ փակ հաստատությունները հասարակության համար հնարավորինս բաց դարձնելը: Հենց հասարակական վերահսկողություն ունենալու համար էլ մի շարք հ/կ-ների եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմվեց 11 հոգանոց հասարակական դիտորդական խումբ, որը 2004 թվականի մայիսի 14-ից առայսօր հարյուրավոր այցեր է կատարել Հայաստանում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկներ: Ներկայումս հասարակական դիտորդական խումբը 14 անդամ ունի:

Հասարակական դիտորդական խմբի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի փոխնախագահ Արման Դանիելյանից տեղեկացանք, որ խումբը կատարել եւ կատարում է ինչպես նախապես պլանավորված, այնպես էլ անակնկալ այցեր՝ կալանավայրերից եկած բողոքների հետքերով: Հասարակական դիտորդական խումբը կարող է առանց որեւէ մեկին զգուշացնելու լինել ցանկացած քրեակատարողական հիմնարկում: Արման Դանիելյանի խոսքով, խմբի գործունեությունը երկու կարեւոր խնդիր է լուծում: Նախ. քրեակատարողական հիմնարկներում բացասական երեւույթները հնարավորինս կանխելուն է նպաստում, բոլորը գիտեն, որ հասարակական դիտորդական խումբը կարող է ցանկացած պահի ներս մտնել, եւ ապա. կողքից նայող անկողմնակալ աչք է, որ տեսնում է թերություններն ու բացերը եւ դրանք շտկելու ելքեր առաջարկում: «Իհարկե, խորհրդային տարիների համեմատ համակարգում դրական տեղաշարժեր կան, բայց դեռ շատուշատ անելիքներ կան,- տեղեկացրեց Արման Դանիելյանը,- մասնավորապես՝ խցերի հարցը: Իդեալականը կլիներ յուրաքանչյուր կալանավորին՝ մեկ խուց, ինչը միջազգային չափանիշ է: Սրա մասին դեռ չենք էլ խոսում, առայժմ առաջարկում ենք մեկ խցում պահել 5-6 հոգի: Խցերի գերծանրաբեռնվածություն ենք արձանագրել որոշ ՔԿՀ-ներում, մասնավորաբար՝ «Նուբարաշենում»: Լինում են դեպքեր, երբ 8 հոգու համար նախատեսված խցում պահվում է մինչեւ 12 մարդ, սա ոչ միայն միջազգային նորմերի, այլ նաեւ մեր օրենքների խախտում է»:

Իրենց դիտարկումներից ելնելով էլ՝ հասարակական դիտորդական խումբը մի շարք առաջարկություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը. փակել Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն, «Գորիս» ՔԿՀ-ում բացառել հացադուլավորներին պատժախուց տեղափոխելը, «Աբովյանում» բարելավել կալանավորվածների խցային պայմանները եւ ավելացնել զբոսահրապարակների քանակը, «Նուբարաշենում» բարելավել սննդի որակը եւ այլն: Ցավոք, սննդի որակով եւ բուժսպասարկման մակարդակով չի կարող հպարտանալ Հայաստանի ՔԿՀ-ներից ոչ մեկը: Բոլոր քրեակատարողական հիմնարկների համար լուրջ խնդիր է ազատազրկվածներին աշխատանքով ապահովելը:

Եթե հասարակական դիտորդական խումբը սեփական աչքերով է տեսնում քրեակատարողական հիմնարկներում կենցաղի պայմանները, բժշկական օգնության մակարդակը կամ սննդի որակը եւ համապատասխան առաջարկներ անում, ապա, ըստ Արման Դանիելյանի, ազատազրկվածներն իրենք ամենից շատ բողոքում են պատիժը կրելուց պայմանական, վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներից: Արման Դանիելյանի խոսքով, այս հարցի իրավական դաշտը, մեղմ ասած՝ թերի է: Նախ՝ սահմանված չեն վաղաժամկետ ազատման հստակ չափանիշներ, սուբյեկտիվությունը մեծ է: Եվ հետո՝ հանձնաժողովների որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն, ինչը ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածի խախտում է: Այս ամենը ազատազրկվածների դժգոհությունն է առաջ բերում, նրանց դարձնում բավական խոցելի: Քրեակատարողական հիմնարկների պետերն էլ են շատ հաճախ դժգոհել այս հանձնաժողովներից: Եղել են դեպքեր, երբ հիմնարկի ղեկավարությունը ՔԿՀ-ում ամենածանր ու «սեւ» աշխատանքն արածին վաղաժամկետ ազատելու միջնորդություն է ներկայացրել ու մերժվել: Դե արի ու սրանից հետո ազատազրկվածներին ապացուցի, որ «սեւ» ու ծանր աշխատանքը կվարձատրվի վաղաժամկետ ազատումով: Մյուս կողմից՝ ՔԿՀ-ների ղեկավարների նման միջնորդությունների մերժումը բերում է նրանց վարկանիշի անկման:

Հ. Գ. Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի գործունեության եւ հաշվետվությունների մասին առավել մանրամասն՝ www.csi.am եւ www.hra.am կայքերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել