Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԹԱՐԻՈՒՄ» ՄԱՍՍՈՆՆԵՐ ԿԱՆ

Փետրվար 06,2008 00:00

\"\"Սակայն, ըստ ակումբի անդամ Հովսեփ Սեֆերյանի, ոչ բոլոր ռոթարականներն են մասսոն

Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի Հայաստանի «Ռոթարի» անգլախոս ակումբի բացման մասին, որն այժմ գործում է «Անի» հյուրանոցում, ամեն չորեքշաբթի՝ ժամը 19-ին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց «Ռոթարի ինտերնեյշընլ» կազմակերպության անդամ, ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը: Մեր դիտարկմանը, որ մեր երկրում արդեն կա «Ռոթարի» ակումբ, որն ասոցացվում է մասսոնության հետ, պրն Սեֆերյանը պատասխանեց, որ Երեւանում գործող 14-ամյա եւ Գյումրիի 10-ամյա «Ռոթարի» ակումբները հայախոս են, իսկ իրենցը էապես տարբերվելու է եղածներից. «Հայախոս ակումբներում օտարներու մասնակցությունը սահմանափակ է, ամեն մարդ հավես չունի թարգմանիչ տանելու հետը, ուզում ենք անգլախոս, միջազգային ակումբ բանալ, որովհետեւ այդ մարդոց հնարավորությունները՝ օգտակար ըլլալու, շատ ավելի մեծ են, քան մեր հայ անդամներունը, բարեգործական ծրագիրներ կան, որ կարող ենք իրենց աջակցությամբ անցկացնել, այնպես որ, մեղք կլինի այդ հնարավորությունը բաց թողնելը»: Ինչ վերաբերում է մասսոնության հետ ասոցացվելուն, այս մասին էլ մեր զրուցակիցը հայտնեց. «Ամերիկային մեջ շատ ռոթարական ակումբներ մասսոնական օթյակներու մեջ ժողովներ կընեն, որովհետեւ շատ գեղեցիկ տեղեր են՝ ժողով ընելու համար, հավանաբար թյուրիմացությունը այդտեղից առաջ եկած է: Բայց չի բացառվում, որ շատ ռոթարականներ նաեւ մասսոն ըլլան, ատիկա էլ չի նշանակի, թե բոլոր ռոթարացիները մասսոն են…»: Պրն Սեֆերյանը պատմական էքսկուրս կատարեց այժմ արդեն «Ռոթարի ինտերնեյշընլ» հզոր ցանցի վերաճած փոքրիկ ակումբի ստեղծման ակունքները: Նա պատմեց, որ 1903թ. փետրվարի 23-ին Չիկագոյում միացել են տարբեր կրոնի, ազգության, ռասայի ու մասնագիտությունների տեր 5 մարդ, եւ որոշել, որ ամեն շաբաթ ռոտացիոն սկզբունքով մեկի տանն են հավաքվելու՝ մտածելու, թե ինչպես օգնել հանրությանը: Ռոտացիա բառից էլ առաջացել է «Ռոթարին», որի գաղափարը հղացողը Փոլ Հարիս անունով մի իրավաբան էր. նա գյուղից եկել էր Չիկագո աշխատելու ու իրեն միայնակ ու անօգնական էր զգում: Հենց դա էլ մղեց նրան իր նմանների մասին մտածելու: Ռոթարացիների առաջին պրոյեկտը 1905-ին Չիկագոյում հասարակական զուգարան բացելն էր, որի կարիքը այնքան կար: Արդեն 104 տարի անց աշխարհի 200 երկրներում 30000-ից ավելի «Ռոթարի» ակումբներ են գործում, «Ռոթարի ինտերնեյշընլը» 1 մլն 200 հազարից ավելի անդամ ունի: «Շատ պատվաբեր կազմակերպություն մըն է, ՄԱԿ-ի մեջ մշտական աթոռ ունի»,- ասում է Սեֆերյանը ու հավելում, որ ժամանակին ՄԱԿ-ի կանոնադրությունն էլ 46 ռոթարացիներ են գրել: «Ռոթարիի» անդամ են երկրների նախագահներ, վարչապետներ, տարբեր ոլորտների ազդեցիկ դեմքեր: Մեր զրուցակցի հավաստմամբ, այս կազմակերպությունը չի ընդունում ոչ մի խտրականություն՝ ազգային, ռասայական, կրոնական, քաղաքական. «Ամեն անդամ ազատ է իր քաղաքական հայացքներն ունենալու, այս կամ այն կուսակցության անդամը լինելու մեջ, բաց «Ռոթարի» ակումբ պետք չէ քաղաքականություն բերել»: Ռոթարացիների կարգախոսն է՝ ծառայել, ավելին՝ ըստ նրանց. «Ծառայությունը վեր է ընկերոջից»: Ամեն մարդ չի կարող ռոթարացի լինել, միայն ընտրյալներին է դա վիճակված: Մեր զրուցակցի խոսքով, էլիտար այս ակումբների անդամները նաեւ համեստ պիտի լինեն, գիտակցելով՝ Աստծո շնորհքն է, որ ոչնչի կարիք չունեն եւ դեռ իրենք պիտի տան: Հ. Սեֆերյանին խնդրեցինք որեւէ օրինակ բերել՝ Հայաստանի հետ կապված: Պատմեց, որ 2004-ին, երբ «Ռոթարիի» հարյուրամյակն էր նշվում ու նաեւ Հայոց եղեռնի 90-րդ տարելիցը, ռոթարացիներն աննախադեպ ձեռնարկ են իրականացրել. «Ես կրցա անել Թուրքիո հետ մի բան, որ մեր նախարարությունը չի կարող: Անկարային մեջ, իսկ ռոթարական շարժումն այնտեղ շատ հզոր է, խաղաղության ժողով մը կրցա կազմակերպել, որուն մեջ Ազերբեջանեն ալ, Վրաստանեն ալ, ՄԱԿ-են ալ, Ամերիկայեն ալ մարդիկ եկան եւ ըսին, որ այս տարածաշրջանում արդարության, ճշմարտության հիմունքներու վրա պիտի խաղաղություն հաստատվի: Ես Հայաստանեն մեծ խումբ մը տարի Ստամբուլ, ընկերներս վրաս խնդում էին՝ թե մարդ չմնաց տուրիստ տանող, դու Եղեռնի 90-րդ տարելիցին տուրի՞ստ տանում ես Թուրքիա: Տարած խումբս սովորական տուրիստներ չէին՝ «Գայանե» բալետը տարի եւ Ստամբուլի Աթաթուրքի անվան սրահի մեջը փառապանծ երկու հատ ներկայացում տվինք՝ պարտադրելով այդ մարդոց 20 րոպե ծափահարելու մեր սուրերու պարը: Մարդիկ, որոնց նախահայրերը 90 տարի առաջ կուզեին մեկ հատ հայ տեսնել թանգարանային նմուշի համար… Ասկե ավելի գեղեցիկ վրեժխնդրություն, ազգային հպարտություն ես չեմ ապրած կյանքիս մեջ»: Նա նաեւ հայտնեց, որ բոլոր ծախսերն էլ թուրքական «Ռոթարի» ակումբներն են հոգացել: Հ. Սեֆերյանն ասում է. «Էլիտար մարդոց հետ է մեր գործը, Թուրքիո մեջ էլ կա էլիտար մարդոց խումբ մը, մանավանդ Հրանտ Դինքի սպանութենեն վերջը ակնհայտ դարձավ ատիկա: Մենք պետք է թուրքերուն բարձրացնենք-զարգացնենք, որ թուրք ըլլալե զատ մարդ ըլլան, ընդունին Ցեղասպանությունը եւ արդարություն գործին, որպեսզի լավագույն հարեւանն ունենան հանձինս Հայաստանի եւ հայերի»: Փաստենք, որ Թուրքիայում 100-ից ավելի «Ռոթարի» ակումբներ կան, մեկական ակումբ էլ՝ Վրաստանում եւ Ադրբեջանում: Արդարություն, ճշմարտություն, բարեկամություն եւ խաղաղություն՝ ահա «Ռոթարիի» անդամների դավանած արժեքները, իսկ նպատակն էլ համաշխարհային խաղաղությունն է: Հ. Սեֆերյանը տեղեկացրեց, որ ցանկացած ռոթարացի, աշխարհի որ անկյունում էլ հայտնվի՝ տեղյակ է լինում, թե այդ երկրում որտեղ եւ որ ժամին հավաք կա, գնում-միանում է նրանց, ընդունվում իբրեւ «բարոյական եղբայր»: Ի դեպ, ինչպես կոմունիստները, ռոթարացիներն էլ պիոներիա ունեն՝ ռոթարակտ է կոչվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել