Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրեք, որ ստուգեն

Փետրվար 06,2008 00:00

Վերահսկող մարմինը բնակիչներին է խորհուրդ տալիս, որ գազավիկներին ստիպեն սպասարկում իրականացնել:

Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, որ «ՀայՌուսգազարդը» պետք է վթարային ազդանշանային սարքեր տեղադրի ոչ միայն ներտնային գազասպառման համակարգում, այլեւ գազիֆիկացված շենքերի այլ սպառողների մոտ, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ ներքին գազատարներ կամ գազահաշվիչ հանգույցներ կան: Այդ որոշումը պայմանավորված էր գազասպառման համակարգի շահագործման անվտանգությամբ եւ այդ համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող բազմաթիվ պատահարների կանխարգելման անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Փրկարար ծառայության՝ «Առավոտին» տրամադրած տեղեկատվության համաձայն, 2008-ի հունվարից մինչ փետրվարի 5-ը հանրապետությունում արձանագրվել է գազի վթարների 8 դեպք, որի արդյունքում 28 մարդ տուժել է, երկու հոգի էլ՝ մահացել: Գազից թունավորման եւ մահացության այսպիսի ցուցանիշը խոսում է այն մասին, որ գազասպառման համակարգում գազասարքերի տեղադրման եւ անվտանգության բարձրացման հարցում լուրջ վերահսկողության կարիք կա: Եթե գազամատակարար ընկերության աշխատակիցները բարեխղճորեն մտնեին ապառողների բնակարաններն ու իսկապես ներտնային ստուգում իրականացնեին՝ վթարների դեպքերն անհամեմատ ավելի քիչ կլինեին:

Այս առնչությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիտորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Մկրտիչ Ջալալյանն «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ, իսկապես, «ՀայՌուսգազարդի» որոշ աշխատակիցներ բարեխղճորեն չեն կատարում իրենց աշխատանքը: Ըստ նրա, պատճառն այն է, որ «ՀայՌուսգազարդը» մասնագետների պատրաստման խնդիր ունի. «Դա լուրջ խնդիր է, բնակարան պետք է պատահական մարդիկ չմտնեն»:

Այնուամենայնիվ, ըստ պարոն Ջալալյանի, նախկինում, երբ ներտնային սպասարկումն իրականացնում էին մասնավոր ՍՊԸ-ները, հանրապետությունում գազի վթարների թիվն ավելի շատ էր, եւ դրանց համար, ըստ էության, այդ ընկերությունները ոչ մի պատասխանատվություն չէին կրում. «Երբ հարցնում էինք այդ ՍՊԸ-ներին՝ ինչո՞ւ վթար եղավ, ասում էին՝ եսի՞մ, դե, տուն էր՝ տրաքեց: Իսկ այսօր, երբ ամբողջ պատասխանատվությունը դրվել է «ՀայՌուսգազարդի» վրա, իրավիճակը փոխվել է: 2004 թվականին, երբ «ՀայՌուսգազարդը» 120 հազար բաժանորդ ուներ, 24 դեպք է արձանագրվել, իսկ հիմա, երբ բաժանորդների թիվն անցնում է 500 հազարը, այդ թվերը չեն ավելացել, նույնիսկ պակասել են: 2004-ին ամեն 100 հազար բաժանորդի հաշվով 9,3 դեպք էր լինում, իսկ այսօր՝ 4,3, այսինքն, երբ պատասխանատվությունը դրվեց «ՀայՌուսգազարդի» վրա, վթարների թիվը կրճատվեց»:

Նախորդ տարի հանձնաժողովը Երեւանում եւ Մարտունիում մոնիտորինգ է անցկացրել ու պարզել, որ յուրաքանչյուր սպառողին հնարավոր կլինի սպասարկել տարեկան ընդամենը մեկ անգամ, այնինչ՝ պայմանագրով նախատեսվում է տարեկան 2 սպասարկում: Հանձնաժողովը նաեւ հարցում է անցկացրել մոտ 480 բաժանորդի շրջանում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել ներտնային սպասարկումը: Հարցվածների 93 տոկոսը պատասխանել է, որ իրենց տուն եկել են, սակայն պայմանագրով պահանջվող ծավալով սպասարկում կատարվել է ընդամենը 44,7 տոկոսի մոտ: «Տարբեր տեղ տարբեր է լինում: Միայն սրա համար ընկերությանը դնել պատժե՞լ: Ժամանակ է պահանջվում, որպեսզի այս վիճակը կարգավորվի»,- հարցման արդյունքներն այսպես մեկնաբանեց պարոն Ջալալյանը: Նրա խոսքերով՝ եթե «ՀայՌուսգազարդի» ծառայություններից որեւէ բնակիչ դժգոհ է, թող վճարումներ չկատարի, որովհետեւ պայմանագրում պարզ ասվում է՝ «եթե ամբողջ ծավալով չեն սպասարկում՝ բնակիչը կարող է չվճարել»:

Թե ինչու է մեր երկրում գազից այդքան շատ դժբախտ դեպք լինում՝ ըստ պարոն Ջալալյանի, պատճառը հիմնականում այն է, որ բնակիչները տարբեր տեսակի ապօրինի սարքեր են տեղադրում, այն էլ՝ տեխնիկական նորմերի կոպիտ խախտումներով. «501 հազար բաժանորդից 13 հազար 560-ի բնակարաններում խախտման դեպքեր են արձանագրվել՝ ինքնաշեն սարքեր են տեղադրած եղել կամ ավելորդ գիծ են քաշել, իսկ ներտնային աշխատանքներում թերացումների թիվը մեծ չէ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սպառողների հետ կապերի բաժնի պետ Ռաֆիկ Սարգսյանը կարծում է, որ գազից դժբախտ դեպքերը պայմանավորված են սոցիալական խնդիրներով. «Վթարներ հիմնականում տեղի են ունենում անապահով խավի մոտ, որոնք չեն կարողանում ժամանակակից ու անվտանգ սարքեր տեղադրել: Տեսե՞լ եք, որ մի հարուստի բնակարանում վթար լինի»: Ի՞նչ կարող է անել աղքատ մարդը տաքանալու, քիչ վճարելու եւ միաժամանակ իր կյանքը դժբախտ դեպքերից ապահովագրելու համար մեր հարցին պարոն Սարգսյանը պատասխանեց. «Բնակիչը պետք է լավ ծանոթանա պայմանագրին եւ պարտադրի, որպեսզի «ՀայՌուսգազարդի» աշխատակիցն անպայման մտնի իր տուն եւ մանրակրկիտ ստուգումներ իրականացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել