Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ փետրվարի 20-ի լուսաբացը իրոք լուսաբաց լինի»

Փետրվար 06,2008 00:00

Հանրապետականը ջանք չխնայեց կատարել, Գալուստ Սահակյանի բառերով՝ իր «պատմական միսիան»

Խորհրդարանի ամբիոնը, որքան էլ զարմանալի է, ամենայն «պատասխանատվությամբ» օգտագործեց ոչ թե խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես որ պետք էր ակնկալել, քանի որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում սա միակ մեծ լսարան ունեցող անվճար եւ հարմար ամբիոնն է՝ սեփական մտքերը եւ ասելիքը ներկայացնելու համար, այլ խորհրդարանական ամբիոնի ընձեռած հնարավորություններից լիուլի օգտվեց խորհրդարանական մեծամասնությունը, մասամբ՝ «Ժառանգությունը»: Հանրապետականների եւ «Բարգավաճ Հայաստան»-ի երեկվա միակ թիրախը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, մասամբ՝ Արթուր Բաղդասարյանը:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մտադիր չէ խոսել կոմպրոմատների լեզվով, որովհետեւ չի մտածում, որ քաղաքական պատվերով պետք է մարդկանց դատել։ Այնուամենայնիվ, մի քանի հարցեր ուղղեց ՕԵԿ նախագահին. «Ինչո՞ւ իր պաշտոնավարության 3 տարիների ընթացքում երբեւիցե ԱԺ ֆինանսական գործունեությունը չի ստուգվել։ Ինչպե՞ս է պատահում, որ այդ տարիներին տարեկան 50-60տ բենզին ավելի է ծախսվել։ Ինչպե՞ս է պատահել, որ 20 մլն գումար է փոխանցվում, չար լեզուներն ասում են՝ իր իսկ գլխավորած հասարակական կազմակերպությանը։ Ինչպե՞ս է պատահում, որ ԱՄՆ մեկ այցի ընթացքում 20 մլն է ծախսվում»:

Մեկ այլ հանրապետական՝ Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, որ որոշ թեկնածուների՝ իրենց միանալու առաջարկը ընդամենը քաղաքական առեւտուր է. «Էժան ես ասում, Լեւո՛ն»,- մոտավորապես այս միտքը հայտնելու համար ՕԵԿ առաջնորդը կիրակի օրը միտինգ էր կազմակերպել: Այսինքն՝ Բաղդասարյանն ուզեցել է հասկացնել ԼՏՊ-ին, որ իրեն ԼՏՊ-ի միտինգներով թող «փափուկ բարձ չդնեն»: Ինքն էլ կարող է միտինգ հավաքել: «Յուրաքանչյուր գործչի համար մեծ պատիվ կլիներ մեր այս շարժմանը միանալը»,- իր ելույթում նշեց Ա. Բաղդասարյանը: Ասել է թե՝ «էդ գնով արի ես քեզ առնեմ, Լեւոն»:

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նախագահական ընտրությունների ժամանակը յուրահատուկ է անիրականանալի խոստումների առատությամբ, եւ միակ թեկնածուն, որի խոստումները հիմնավորված են եւ իրական՝ Սերժ Սարգսյանն է. «Միայն Սերժ Սարգսյանի մոտեցումները ներքին քաղաքականության հետ կապված կարող են լինել արդարացված, մյուս բոլոր թեկնածուների խոստումները ի սկզբանե դատապարտված են՝ հենարան չունենալու պատճառով»։

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ներկայացնելով նախագահական ընտրություններում ստեղծված իրավիճակը, ասաց. «Իմ տպավորությամբ, սա «Ղարաբաղ» եւ «Կռունկ» կոմիտեներից սերող գործիչների շրջանակի կողմից Հայաստանը փոխեփոխ ղեկավարելու բանաձեւի կիրառման վերջին փորձն է: Այդ գործիչների միջեւ ներկայումս առկա կարծր դիմակայությունը շարունակվելու եւ այն քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով չհանգուցալուծվելու դեպքում մեզ սպասում է Մուրճի եւ Սալի արանքում ճզմված առաջին հանրապետության դառը ճակատագիրը»:

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Հարգանքով վերաբերվելով ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ իմ համոզմամբ, այն գործիչը, ով կարող է դիմակայել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, կոալիցիայի միասնական թեկնածուն է՝ Սերժ Սարգսյանը»:

«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այժմ մեր երկրում կատարվող ապօրինություններին ականատես է յուրաքանչյուրը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց, որ Արթուր Բաղդասարյանի հայտարարության հիման վրա (հայտարարել էր, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում), իսկ Սաշիկ Սարգսյանի հայտնի հայտարարության կապակցությամբ որեւէ քայլ չի իրականացվում դատախազության կողմից:

 Հ. Գ. Արձագանքելով ԱԺ-ում հնչած մեղադրանքներին՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց. «Մոռանալով իրենց իշխանավարման ընթացքում տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածքների՝ չնչին գներով սեփականաշնորհման մասին, որի արդյունքում երկիրը միլիոնավոր դոլարների վնաս կրեց, մոռանալով բյուրավոր մեղքերը եւ չարաշահումները, որոնց թվարկումները հատորներ կկազմեն, փորձ են անում ցեխ շպրտել մի մարդու եւ մի քաղաքական ուժի վրա, որ այս եւ բազմաթիվ այլ երեւույթների մասին հրապարակավ խոսել են ԱԺ ամբիոնից: Մեր ունեցած տվյալները իրոք որ հատորներ են կազմում, եւ թող չափը չանցնեն, թե չէ՝ այնպիսի բաներ կասենք, որ ճաղատի գլխին մազեր կբուսնեն: Արթուր Բաղդասարյանը եւ ՕԵԿ-ը միշտ եղել են ժողովրդաշահ, սկզբունքային եւ վճռական թե՛ դիրքորոշումների եւ թե՛ գործողությունների մեջ, իսկ էժանագին շահարկումներով ոչ մի լավ բանի հասնել չեն կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել