Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ Ի ՇԱՀ ՄԵԶ

Փետրվար 06,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ավանի նախընտրական շտաբի պետ Հովհաննես Իգիթյանի ասելով, Սերժի հանրահավաքից հետո ավելանում է նրան չքվեարկողների թիվը:

– Պարոն Իգիթյան, ինչպիսի՞ն են նախընտրական տրամադրություններն Ավանում, եւ կա՞ն արդյոք երեւույթներ, որոնք համընդհանուր են Երեւա

նի եւ ընդհանրապես՝ Հայաստանի բոլոր մնացած համայնքներում:

– Այո, կան: Դա առաջին հայացքից շատ պարզ թվացող հարց էր՝ ենթաշտաբի համար տարածք վարձակալել: Մեզ մոտ՝ Ավանում, այդ հարցի լուծումն այնքան բարդացվեց, այնպիսի ճնշումներ կիրառվեցին մեզ տարածք տրամադրած քաղաքացիների նկատմամբ, այնքան խնդիրներ հարուցվեցին մեր առաջ, որ հասարակ թվացող այդ հարցը լուծելուց հետո թվում էր, թե մենք մեծ հաղթանակ ենք տարել: Մենք հասկացել էինք, որ իշխանության կողմից կա որոշում՝ Տեր-Պետրոսյանը Ավանում նախընտրական շտաբ չպետք է ունենա, բայց փաստացի ունեցավ: Թվում է, թե դա փոքր բան է, բայց իրականում ե՛ւ ցավալի է, ե՛ւ ստորացուցիչ հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենց սեփականությունը տնօրինելու օրինական իրավունք ունենալով հանդերձ՝ սեփական որոշում կայացնելու որեւէ շանս փաստացի չունեն: Եթե մենք նորմալ պետությունում ապրեինք, ապա իմ ձեռքի տակ եղած փաստերը բավարար են, որպեսզի ամեն մի նման դեպքի համար մեկական քրեական գործ հարուցվեր, որ անօրինականություն գործած մարդիկ պատժվեին: Բայց այդ մանր չինովնիկներն այնքան են սովորել, որ իրենք անպատժելի են, որ մտածում են՝ այս անգամ էլ կարող են ցանկացած բան անել եւ անպատիժ մնալ: Նրանք սխալվում են: Այս ամենին զուգահեռ եւ անկախ իշխանությունների կամքից՝ տեղի է ունենում նաեւ մի դրական երեւույթ, որն, ըստ իս, միանգամայն հակառակ արդյունքի է հանգեցնում այն մարդկանց ջանքերը, ովքեր ճնշման եւ ահաբեկման միջոցով փորձում են խոչընդոտել Տեր-Պետրոսյանի ընտրարշավի իրականացմանը:

Ամեն մի դեպքում, երբ արդեն վարձակալված տարածքի տերը վերադարձնում էր իրեն վճարված գումարն ու ետ էր ստանում բանալին, ինքը դառնում էր մեր քարոզչական խմբի կամ շտաբի անդամը, վստահված անձը, որովհետեւ ինքն արդեն առավել լավ, քան որեւէ մեկը, հասկանում էր, թե ինչի եւ ում դեմ պիտի պայքարի: Չեմ ուզում ասել, որ դա լավ է, որովհետեւ երեւույթն ինքնին դատապարտելի է, բայց դա օգնում է մարդկանց անմիջականորեն հասկանալու այն խնդիրները, որոնք այսօր կան, եւ որոնք պետք է արմատախիլ անել:

Ինձ երբեմն թվում է, որ այդ խոչընդոտները մեր դեմ հարուցվում են միջին կամ ցածր մակարդակի չինովնիկի կողմից, նաեւ չեմ բացառում, որ վերջում, եթե շատ բողոքներ լինեն, այս իշխանությունները որպես քավության նոխազ դեմ տան հե՛նց այդ չինովնիկներին՝ ասելով, որ իրենք ժողովրդավար են, բայց ահա այդ մանր չինովնիկներն իրենց արջի ծառայություն են մատուցել: Հիշենք ԱԺ ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովների անդամների կամ թեկնածուների կաշառք բաժանած վստահված անձանց նկատմամբ հարուցված քրգործերը:

– Ձեր շտաբում ահազանգեր կա՞ն, օրինակ, անձնագրային տվյալների հավաքման, ընտրակաշառք բաժանելու եւ այլ օրինախախտումների մասին:

– Մեզ մոտ մարդիկ ոչ միայն ահազանգում, այլեւ գալիս են: Մենք բացի այն, որ նախ ճշտում ենք ահազանգի համապատասխանությունը իրականությանը, նաեւ կազմում ենք այն մարդկանց, չինովնիկների, հիմնականում՝ համատիրությունների կամ թաղապետարանների աշխատակիցների, ցուցակները, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը, որոնք իրականում պետք է զբաղվեին մարդկանց կոմունալ, սոցիալական կամ կենցաղային հարցերը լուծելով, իրականում իրենց դիրքը չարաշահելով՝ ներգրավվում են ընտրություններում հիմնականում իշխանության թեկնածուի օգտին քարոզչական աշխատանքներում, ինչը նաեւ քրեորեն պատժելի արարք է: Այդ մարդիկ 2007-ի մայիսի 12-ին մի անգամ արդեն նման աշխատանք արել են ու հիմա էլ մտածում են, որ նույն ձեւով նույն խախտումները կարող են անել: Բայց այս անգամ ժողովրդական այն ալիքը, որը ձեւավորվել է Տեր-Պետրոսյանի շուրջ, ինձ թվում է՝ բավարար է նման խախտումների իրագործումը չեզոքացնելու համար:

– Նախընտրական մթնոլորտն Ավանում ինչպիսի՞ն է:

– Տարօրինակ կարող է հնչել, բայց վերջին շրջանում երկու հանգամանք էականորեն են ազդել այդ մթնոլորտի ընտրողների տրամադրությունների վրա: Առաջինը, իհարկե, մեր թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցն էր Ավանի շտաբ: Դա բավականին մեծ դեր խաղաց համայնքում վախի մթնոլորտը կոտրելու իմաստով, եւ հատկապես դրանից հետո մարդկանց հոսքը դեպի մեր շտաբ անհամեմատ շատացավ: Երկրորդը, տարօրինակ է, բայց փաստ. Սերժ Սարգսյանի փետրվարի 4-ին Ավանում տեղի ունեցած հանրահավաքը եւ այդ հանրահավաքի բազմամարդ լինելը ապահովելու համար կիրառված այն վարչական մեթոդները, որոնց մասին իմ հասակակիցները արդեն մոռացել էին, որովհետեւ դրանք բնորոշ էին սովետի լճացման տարիներին կամ 37 թ.-ին, համայնքում բողոքի բավականին մեծ ալիք առաջացրին: Խոսքը մի դեպքում, օրինակ՝ դպրոցների բարձր դասարանցիներին շարքերով եւ ստիպողաբար հանրահավաքին տանելու եւ այնտեղ ժամերով կանգնեցնելու, մյուս դեպքում՝ մարդուն աշխատավայրից ստիպողաբար ավտոբուսը նստեցնելու եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տանելու մասին է: Հանդիպում, որին այդ մարդը, ուսուցիչը կամ աշակերտը գուցե ուզում էր կամ չէր ուզում մասնակցել, բայց իրեն ստիպել էին գնալ հանդիպման՝ զրկելով ընտրության հնարավորությունից:

Բոլոր այն ծնողները, որոնց երեխաներին տարել էին այդ հանդիպմանը, խիստ զայրացած էին եւ համարում էին, որ իրենց արժանապատվությունը վիրավորված է: Այդ հանրահավաքը այդ մեթոդներով եթե ոչ ամբողջությամբ ապահովեց մեր հաղթանակը Ավանում, ապա գոնե բավականին նվազեցրեց այն մարդկանց քանակը, որոնք մինչ այս մտածում էին, որ այս գործող համակարգը կարող է երկիրն առաջ տանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել