Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ

Փետրվար 05,2008 00:00

Այդպիսին կարող է լինել խորհրդային ավանդների վերադարձը

Խորհրդային ավանդների վերադարձնելու հարցը նախընտրական շրջանում հասարակությանը ամենահուզող խնդիրներից է: Ի վերջո, տրվելո՞ւ է համարժեք փոխհատուցում խորհրդային ավանդների դիմաց՝ որեւէ թեկնածուի ընտրվելու պարագայում, թե՞ ոչ: Թեկնածուների մեծամասնությունը, իհարկե, խոստանում է վերադարձնել ավանդները: Բայց ինչպե՞ս, ինչպիսի՞ փոխհատուցմամբ, ի՞նչ ծավալներով, ի՞նչ ժամկետներով, ի՞նչ միջոցներով…

Այս հարցերի պատասխանները մնում են չպարզաբանված գրեթե բոլոր թեկնածուների ծրագրերում:

Հայրենի կառավարությունը սկսել է փոխհատուցման գործընթացը, սակայն հաշվի առնելով փոխհատուցման հարաբերակցությունը, ծավալները, փոխհատուցում ստացողների կարգավիճակը (միայն «Փարոս» գործակալությունից նպաստ ստացողներ), ժառանգության իրավունքի կոպիտ խախտումը եւ, ի վերջո, այն, որ նման տեմպերով եւ ծիծաղելի հարաբերակցությամբ փոխհատուցելու պարագայում անգամ վերջին ավադատուն իր գումարը կստանա… 400 տարի անց (ավանդների ծավալը 8 մլրդ ռուբլի է, միջինը 1 ռուբլուն տրվում է 50 դրամ փոխհատուցում, ընդհանուր փոխհատուցման գումարը կկազմի 400 մլրդ դրամ, իսկ տարեկան բյուջեից հատկացվում է 1 մլրդ դրամ), ներկայիս փոխհատուցման գործընթացին հարկ չկա անդրադառնալ:

Միանգամից նշեմ, որ փոխհատուցման հիմնական սկզբունքը պետք է լինի արդարությունը, այսինքն՝ պետք է տրվի համարժեք փոխհատուցում: Ընդ որում, տարբեր տարիներին ներդրված ավանդների դիմաց պետք է տրվի համապատասխան գործակցով փոխհատուցում, քանի որ, օրինակ՝ 1970թ. 1 ռուբլին ամենեւին համարժեք չէր 1987թ. 1 ռուբլուն:

Առայժմ չեմ պատրաստվում ստանձնել վերոնշյալ գործակիցները որոշողի դերը, սակայն արդարության հիմքում դնելով գնողունակությունը (1 ռուբլուն մինչեւ 1000 դրամ), մոտավոր հաշվարկներով փոխհատուցման համար անհրաժեշտ է մոտ 4 տրլն դրամ:

Հնարավո՞ր է, արդյոք, փոխհատուցել այդքան գումար, թե՞ ոչ: Միանգամից ասեմ, որ՝ այո: Ընդ որում, փոխհատուցումը կարելի է իրականացնել առավելագույնը 10 տարում:

Այժմ անդրադառնանք գլխավոր հարցին. իսկ ինչպե՞ս իրականացնել փոխհատուցումը: Իհարկե, կարելի է խոսել ստվերային տնտեսության վերացումից, բյուջեից տրվող հատկացումների մեծացումից… Սակայն, իրատես լինելով, պետք է արձանագրել, որ նման ծավալների հատկացումներ բյուջեից՝ ավանդների փոխհատուցման համար, անհնար է:

Եվ այսպես, լավագույն մոդելը, որը հնարավորություն է տալիս վերադարձնել ավանդները վերոնշյալ ծավալով եւ ժամկետներում, դա ավանդների դիմաց պարտատոմսերի թողարկումն է:

Նշված մոդելն առաջարկում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր նախընտրական ծրագրում:

Նախ սահմանենք նշված պարտատոմսերի տրամադրման սկզբունքները.

* պարտատոմսերը պետք է լինեն անվանական՝ հնարավոր չէ իրականացնել պարտատոմսի փոխանցում այլ անձանց,

* պարտատոմսերը տրամադրվում են անձամբ ավանդատուին, չի գործում լիազորագրով ստանալու իրավունքը, նպատակը՝ արտերկրում գտնվող մեր հայրենակիցների վերադարձն է,

* մահացած ավանդատուների փոխարեն նրանց ավանդների ամբողջ ծավալի չափով պարտատոմս են ստանում ժառանգները՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի:

Ընդ որում, այն ավանդատուները, որոնք չունեն ժառանգներ եւ օրենքով այդ սեփականությունը անցնում է պետությանը, նրանց ավանդների հաշվին ձեւավորվում է հիմնադրամ, որում գոյացած գումարներն ուղղվում են աղետի գոտում բնակարանաշինության տեմպերի աճին (հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ժառանգներ չունեցող քաղաքացիների մեծ մասը զոհվել է 1988թ. երկրաշարժի արդյունքում):

Պարտատոմսերի մարման ժամկետ է սահմանվում 1-10 տարին, որպես առաջնահերթություն սահմանելով տարիքը (հնարավոր են նաեւ այլ առաջնահերթությունների եւ արտոնությունների սահմանում):

Փոխհատուցվելու են նաեւ արդեն փոխհատուցում ստացած ավանդատուների ավանդները՝ նրանց տրվելիք պարտատոմսերի արժեքը նվազեցնելով ստացած փոխհատուցման գումարի չափով:

Սակայն, մինչեւ պարտատոմսի մարման ժամկետի լրանալը, պարտատոմսը հնարավորություն է տալիս այն օգտագործել հետեւյալ ոլորտներում՝

* Բանկային

– Միեւնույն ընտանիքի անդամների պարտատոմսերով կարելի է իրականացնել հիփոթեքային վարկով ձեռք բերվող անշարժ գույքի կանխավճար: Արդյունքում՝ քաղաքացիները ձեռք են բերում բնակարան, բանկը ստանում է եկամուտ, միեւնույն ժամանակ պետության հանդեպ ձեռք է բերում պարտատիրոջ իրավունք՝ որպես պետական պարտատոմսերում ներդրող:

– Միեւնույն ընտանիքի անդամների պարտատոմսերի միջոցով հնարավոր է մարել ժամկետանց վարկային պարտավորությունները: Այստեղ նույնպես բանկը ստանում է եկամուտ՝ միեւնույն ժամանակ նվազեցնելով իր ակտիվների ռիսկայնությունը:

– Պարտատոմսերը կարող են հանդիսանալ առաջնակարգ գրավ՝ բանկերից սպառողական վարկ վերցնելու համար:

* Ներդրումային

– Ներդրումային ընկերությունների միջոցով կարելի է պարտատոմսերով կատարել ներդրումներ՝ բարձր եկամտաբերություն ունեցող արժեթղթերում:

* Հարկային

– Պարտատոմսերի միջոցով կարելի է իրականացնել ժամկետանց հարկային պարտավորությունների վճարում:

* Կրթության

– Պարտատոմսերով կարելի է վճարել պետական բուհերում սովորող ուսանողների ուսման վարձը:

* Առողջապահության

– Պետական հիվանդանոցներում ստացած բուժօգնության դիմաց կարելի է վճարել պարտատոմսերի միջոցով:

* Անշարժ գույքի

– Պետության կողմից կառուցվող շենքերում կարելի է ձեռք բերել բնակարաններ՝ վճարելով պարտատոմսերի միջոցով: Ընդ որում՝ երիտասարդ ընտանիքների համար նախատեսվում են զեղչեր:

– Պարտատոմսերով կարելի է կատարել անշարժ գույքի կադաստրային արժեքի վճարում՝ անշարժ գույքի սեփականաշնորհման եւ նոր անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

Եվ այսպես, վերոնշյալի իրականացման արդյունքում ոչ միայն արդարացիորեն եւ արագ ժամկետներում վերադարձվում են խորհրդային ավանդները, այլ նաեւ զարգանում է երկրի տնտեսությունն ամբողջությամբ, որն էլ ավելի կարագացնի փոխհատուցման տեմպերը, մասնավորապես՝

1. զարգանում է բանկային համակարգը՝ ավելացնելով հիփոթեքային վարկերի ծավալները եւ բանկերի ակտիվների որակը,

2. զարգանում է Հայաստանում գրեթե բացակայող ներդրումային շուկան, որն էլ իր հերթին կնպաստի ֆինանսական համակարգի ամբողջական զարգացմանը,

3. հազարավոր քաղաքացիներ ազատվում են բանկերի եւ բյուջեի հանդեպ ժամկետանց պարտավորություններից՝ դրանով խուսափելով լրացուցիչ տույժերի վճարումից,

4. պետությունը եւ համայնքները ետ են ստանում իրենց ժամկետանց հարկային եկամուտները,

5. հարյուրավոր քաղաքացիներ չեն զրկվում կրթություն ստանալու իրավունքից,

6. հարյուրավոր քաղաքացիներ չեն զրկվում բուժօգնություն ստանալու իրավունքից,

7. բնակարան ունենալու հնարավորություն են ունենում բազմաթիվ ընտանիքներ,

8. հազարավոր քաղաքացիներ ստանում են իրենց կողմից տասնյակ տարիներ օգտագործվող անշարժ գույքի սեփականության իրավունք,

9. մի շարք քաղաքացիներ կարող են ձեռք բերել պետության կողմից օտարվող հողատարածքներ՝ բնակելի տներ կառուցելու համար,

10. տասնյակ հազարավոր տարագիր հայեր կվերադառնան իրենց օջախները՝ նախընտրելով վերը նշված արտոնությունները եւ մի քանի հազար ԱՄՆ դոլարի համարժեք փոխհատուցումը՝ արտերկրում վաստակած մի քանի հարյուր ԱՄՆ դոլարից:

Վերը նշվածը միանգամայն իրատեսական ծրագիր է, որը պահանջում է հետեւողական ու քրտնաջան աշխատանք եւ քաղաքական հստակ կամք:

Նշված կամքի դրսեւորում ես տեսնում եմ միայն Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել