Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերետիկոսի» ֆիլմը

Փետրվար 05,2008 00:00

Իտալաբնակ հայ կինոռեժիսոր Արմեն Ռոնովն իրեն այսպես է անվանում

Հայրենիքում է իտալաբնակ հայ կինոռեժիսոր Արմեն Ռոնովը: Արվեստագետի «Պոպրիշչին» խաղարկային ֆիլմը 2007թ. մասնակցել է Իտալիայի Մոդենա քաղաքում անցկացվող ամենամյա հեղինակային կինոփառատոնին եւ հաղթող ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Մինչ այդ փառատոնը, նկարը ցուցադրվել է նաեւ երեւանյան «Ոսկե ծիրան-2007» կինոփառատոնում, այդպես էլ չարժանանալով որեւէ մրցանակի: Հայ մասնագետների շրջանում նույնիսկ սկսվեցին պտտվել տարաբնույթ խոսակցություններ, թե ինչու է Արմենի ֆիլմում գլխավոր հերոսը (Ռաֆայել Քոթանջյան) ներկայանում կնոջ՝ թագուհու հանդերձանքով, օրինակ, կարմիր երկարաճիտ կոշիկներով, սեւ ու կարմիր կորսետով ու ադամանդակուռ վզնոցով…

«Առավոտը» հանդիպեց Ա. Ռոնովին: Հետաքրքրվեցինք՝ սովորաբար դրսում ստեղծագործող հայ կինոռեժիսորները աշխատում են նկարել ֆիլմեր հայկական թեմաներով ու ազգային խնդիրներով, ի՞նչն է պատճառը, որ իր կինոյի լեզուն կոսմոպոլիտական է կամ ինչո՞ւ հատկապես հայ դերասանը պետք է հայտնվեր կնոջ կերպարով, ինչպես դա պատահել է «Պոպրիշչինում»: Կինոռեժիսորը հայտնեց, որ իր ֆիլմը նկարված է Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» գործի մոտիվներով. «Գլխավոր հերոսն այն մարդն է, որ հասարակության կողմից մերժված է իր սկզբունքների համար: Նա իր գործողություններով պահանջում է լիարժեք մարդկային ազատություն, ձգտում է ապրել արքայավայել, մինչդեռ մեր օրերում անհատականությունը միշտ էլ դառնում է զոհ: Մտածող, տարբերվող մարդը վերածվում է կենդանու՝ ուրիշների աչքում: Ես մերժում եմ կենդանու եւ մարդու միջեւ եղած ցանկացած զուգահեռ: Մերժում եմ ֆրեյդիզմը, այն ինձ համար ասոցացվում է հիտլերյան ֆաշիզմի հետ»: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ունեցել ենք անտիկ թատրոն, որտեղ կնոջ դերերը կատարել են տղամարդիկ: Նաեւ նշեց, որ Պոպրիշչինի կերպարում ինքն իրեն է տեսնում՝ սեփական հեղափոխական սկզբունքները. «Ես հերետիկոս եմ: Դա առաքելություն է: Առաքելություն է կաթարսիս ապրելու եւ մաքրվելու՝ կրակի միջոցով»: Դիտարկմանը՝ այնուամենայնիվ, մտավախություն չկա՞, որ գլխավոր հերոսը լայն հանդիսատեսի կողմից կընկալվի իբրեւ համասեռամոլ, իսկ ինքը՝ ռեժիսորը, «սպիտակ ագռավ», Ա. Ռոնովն ասաց. «Իմ այս ֆիլմը նախեւառաջ համատարած տգիտության դեմ է… Այսօր Արեւմուտքում թելադրվում է բարձր արվեստի ոճաբանություն՝ մշակույթի տարբեր ոլորտներում… այնպես որ, պատրաստ եմ ընկալվել «սպիտակ ագռավ»: Դա հերետիկոսն է, որ իր հեղափոխական մտքերով օգնում է մարդկանց ձերբազատվել ամեն տեսակ կոմպլեքսներից, մտավոր հետամնացությունից, գռեհկությունից, «աբորտի զոհ լինելուց»:

Կինոռեժիսորը հիշեց, որ Իտալիայում իր ֆիլմը դիտելուց հետո աշխարհահռչակ Տոնինո Գուերան այն որակել է «հակաարվեստ», մանրամասնելով. «Ձեր ֆիլմը միջուկային զենք է՝ կարող է ոչնչացնել հեռուստատեսային աղբը»: Ըստ Արմենի, Ռաֆայել Քոթանջյանի խաղն էլ իտալացի կինոգետները համեմատել են մեծ կատակերգու Տոտոյի արվեստի հետ:

Առաջիկա ստեղծագործական պլանների մասին Ա. Ռոնովը հայտնեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ արդեն սկսվել են նոր ֆիլմի աշխատանքները՝ ըստ Ա. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի: Նկարի մասին չմանրամասնելով, մեր զրուցակիցն ասաց միայն, որ այն մտադիր է ներկայացնել այս տարվա աշնանը՝ Վենետիկում կայանալիք ամենամյա հեղինակային կինոփառատոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել