Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏՈ՞ՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Փետրվար 05,2008 00:00

\"\"Հարցի պատասխանը կախված է նրանից, թե մեզ միայն Թաթա՞ն է պետք, թե՞ նաեւ Տիգրան Մանսուրյանը

«Մեզ նման պետությունը չի կարող գոյություն ունենալ, եթե չունի մշակույթին միտված պետական քաղաքականություն: Մանավանդ որ, մեր գաղափարախոսության մեջ համաշխարհային մրցակցության հարցեր են դրված»,- երեկ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ: Այս ընտրարշավը թեկնածուն ոչ թե առիթ, այլ պատճառ է համարում մշակույթի մասին խոսելու: Վ. Մանուկյանի ծրագրում մշակույթի վերաբերյալ միայն հարցադրումներ են արված: Նախագահ դառնալու դեպքում նա խոստացավ, որ դրանք ավելի ներկայացուցչական դահլիճում կքննարկվեն: Նախագահի թեկնածուի ծրագրի մեխերից մեկն ազատ մարդու գաղափարն է, բայց մշակույթի ոլորտի մասով թեկնածուի թիմում տարակարծիք են: Ասենք, կան օրինակներ, երբ կրոնական ճնշման ներքո մշակույթը ոչ միայն զարգացել, այլեւ ծաղկում է ապրել: Կան նաեւ օրինակներ նոր ազատության շրջանից, ինչի արդյունքը ռենեսանսն էր: Եվ, վերջապես, բոլորիս հարազատ խորհրդային շրջանը, երբ մշակույթը բավականին ամուր հիմքերի վրա էր: Ուստի՝ քննարկման հիմնական թեման դարձավ՝ ազատությունը նպաստո՞ւմ է մշակույթի զարգացմանը, թե՝ ոչ հարցը: «Ազատ հասարակությունում մշակույթը կոմերցիոն բնույթ է ընդունում, բայց մենք հասկանում ենք, որ մեր ազգային իսկության, մեր քաղաքակրթության պահպանման համար մեզ մոտ պիտի լինի մշակույթ, որը եկամուտ չի բերում»,- ասում է Վազգեն Մանուկյանը: Նա կարծում է, որ ճանապարհներից մեկը՝ հենց այդպիսի մշակույթը պիտի փորձել այնպիսի մակարդակի հասցնել, որ կարողանա դուրս գալ Հայաստանի սահմաններից եւ նույնիսկ եկամուտ բերի: Դա, սակայն, բարդ խնդիր է համարում: Գտնում է, որ երկրի ներսում պիտի ազատ պայմաններ ստեղծվեն, որ երիտասարդները կարողանան էքսպերիմենտներով զբաղվել: Բայց եթե երկրում կա ազգային-ավանդական մտածողություն, պարոն Մանուկյանի համոզմամբ՝ կոմերցիոն մշակույթն էլ դառնում է ազգային մտածողության եւ ոչ թե միջազգային ստանդարտներին համապատասխան ցածրորակություն:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Ստեփան Սուքիասյանը, օրինակ, կարծում է, որ մի քանի տարի հետո կոնսերվատորիայի ճակատագիրը վտանգված կլինի: Ըստ նրա՝ երաժշտական կրթական համակարգը գնալով վերածվում է, այսպես ասած, խմբակայինի, քանի որ երաժշտական դպրոցներին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Այդ հիմնարկները տեղական ինքնակառավարման մարմիններին են հանձնված եւ աշխատում են ինքնաֆինանսավորմամբ: Արդյունքում՝ շատ երաժշտական գործիքներ դուրս են մնացել եւ դրանք նվագողներ մի քանի տարուց էլ չենք ունենա: Պրոռեկտորը դեմ չէ Թաթային եւ նույնիսկ «Հայ տղերքին», բայց՝ «դասական, պրոֆեսիոնալ, համամարդկային արժեքների տարածումը պետությունը պիտի իր վրա վերցնի: Տիգրան Մանսուրյանի գործերը չի կարելի կոմերցիայի մեջ դնել: Ի՞նչ անենք: Կորչե՞ն»: Ռեժիսոր Արմեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ մշակույթն իր մեջ բռնության մեծ տարրեր է պարունակում. «Եթե բռնությունը հանում ես՝ մարդն ուրեմն պիտի քարի դարում մնար: Մշակույթն առանց բռնության չի կարող լինել: Եթե ամեն ինչ թողնվեր բարձիթողի կամ ազատ պայմաններին՝ երբեք մշակույթ չէր ձեւավորվի»: Այս համատեքստում նա հիշեց սովետական մշակույթի պալատները, որտեղ թեկուզ մտրակի ներքո, ուսուցիչը հասու էր դարձնում այն «պիկը», որը մշակույթի համար չափանիշ էր արդեն: Թե հետո այդ աշակերտներից քանիսն արվեստագետ կդառնային՝ բանախոսը հարցի երկրորդական կողմն է համարում, կարեւորելով այն, որ մշակույթն իր մեջ ունեցել է եւ պետք է բռնության տարրեր ունենա: Որովհետեւ՝ «հարց է, ազատության պայմաններում արվեստը, մշակույթը գոյատեւո՞ւմ են, թե՝ ոչ»:

Հանդիպմանը ներկա նկարիչներն էլ առաջարկում էին այդ ոլորտը ոտքի հանելու համար ներմուծել սիմպոզիումների կազմակերպման ավանդույթը, խրախուսել գալերեաների ստեղծումը, ընդ որում՝ հիմքում դնելով պետության շահն ու դերը: Նման իրավիճակում, նկարիչների համոզմամբ, նաեւ անհատների գործունեության դաշտը կհստակեցվի: Ի հեճուկս հնչած մտքերի, գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանն ասաց. «Այդ ամենը հասկանալու եւ կարեւորելու համար մեծ խելք է պետք, որը մինչ այսօր ոչ ոք չի ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել