Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեկնածուներից ո՞վ է ավելի շատ սիրում Հայաստանը

Փետրվար 05,2008 00:00

Երեկ նաեւ այս հարցի պատասխանն էին փորձում տալ տարբեր ուղղվածության ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «ԱրմՆյուզ» TV-ի քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը եւ «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը, թեման՝ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի տարբերությունները՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի համեմատությամբ: Վ. Դարբինյանի խոսքերով, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն՝ ինտրիգ է առաջացրել: Մ. Հարությունյանն էլ համաձայնեց, որ ՀՀ առաջին նախագահի քաղաքականություն վերադառնալը դրական երեւույթ է. «Գոնե երեւում է մի բեւեռ, որը պատրաստ է մինչեւ վերջ պայքարելու»: Մ. Հարությունյանի ձեւակերպմամբ, այսօր անհրաժեշտ է, որպեսզի կուսակցությունները կայանան, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ռեալ քաղաքական պայքար ծավալել. «Հայաստանում ինձ համար գոյություն ունի երեք քաղաքական ուժ՝ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Հիմնական պայքարը ընթանում է այս երեք թեկնածուների միջեւ, միայն նրանք են գաղափարական պայքար տանում: Պետք է նկատել, որ վերջիններիս միանում է նաեւ Արթուր Բաղդասարյանը: Նա էլ է դառնում լուրջ քաղաքական գործոն»:

Ա. Սահակյանը այլ կարծիքի էր. «Եթե ուսումնասիրում ենք նախորդ ընտրությունների փորձը, ապա տեսնում ենք, որ այստեղ գաղափարական պայքար չկա, պարզապես անձերի կռիվ է, շիլաշփոթ: Չնայած նախորդ ընտրությունների համեմատ որոշ հարցերի շուրջ (բանակ, ղարաբաղյան հիմնահարց եւ հայ-թուրքական հարաբերություններ) գաղափարական «արտադրություններ» զգացվեցին»: Անդրադառնալով թեկնածուների կարգախոսներին, Վ. Դարբինյանը նշեց. «Ինձ համար թեկնածուներից մեկի «Առաջ, Հայաստան» կարգախոսը շատ անհեթեթ է հնչում: Առաջ դեպի ո՞ւր: Եթե դու անդունդի եզրին կանգնածին ասում ես՝ առաջ գնա, ուրեմն կործանումն անխուսափելի է: Ես չգիտեմ, թե ով է մշակել այդ կարգախոսը, բայց այն բացարձակ տավտոլոգիա է»: ՀՀԿ անդամ Մ. Հարությունյանին ամենեւին դուր չեկավ Վ. Դարբինյանի հնչեցրած մեկնաբանությունը՝ կապված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» կարգախոսի հետ. «Այդ կարգախոսը ամենեւին էլ անհեթեթ չէ: «Առաջ, Հայաստան» նշանակում է առաջ քայլել մի ճանապարհով, որը կտանի պետության զարգացման: Մենք անդունդի եզրին չենք: Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում դինամիկ զարգացել է: Երբ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ կարմիր ժապավեն էր կտրում, ընդդիմադիր թերթերը նույնիսկ ծաղրում էին: Բայց չէ՞ որ երբ կարմիր լենտ են կտրում՝ բացվում են աշխատատեղեր եւ դրանից հարկեր են վճարվում: Իսկ երկիրը հենց այդպես է զարգանում»: Դառնալով քարոզարշավի ընթացքին, Վ. Դարբինյանը փաստեց, որ այն հաճախ ամենաայլանդակ դրսեւորումներն է ունենում:

Երկրի ապագա զարգացումներից խոսելիս էլ Մ. Հարությունյանը Սերժ Սարգսյանին գովելով ասաց. «Այսօր, չգիտես ինչու, մեր ընդդիմադիրներին եւ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին թվում է, թե իրենք մեր հայրենիքն ավելի շատ են սիրում, քան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Բայց նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիրներին հավասար են սիրում»: Դառնալով խոսքի ազատությանը, Վ. Դարբինյանը ասաց. «Բոլորը Սերժ Սարգսյանի անձնական հեռուստաալիքն ու չգիտեմ ինչն են, ով չգիտի՝ ինչ վիճակում է խոսքի ազատությունը Հայաստանում: Տեսնում ենք, թե տասը տարի շարունակ ինչ աղբ են լցնում, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների գլխին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել