Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՎՈՒՇՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԱ՞Ծ Է»

Փետրվար 05,2008 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Իջեւանի տարածաշրջանի նախընտրական շտաբի պետ Արթուր Աթաբեկյանը համոզված է, որ մարդկանց նկատմամբ ճնշումների արդյունքում իշխանությունները վարկաբեկվել են եւ կորցրել հաղթելու հնարավորությունը:

Տավուշում տիրող նախընտրական իրավիճակը տարբեր կերպ են գնահատում քաղաքական տարբեր ուժերի մարզային կառույցների ղեկավարները:

Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության Իջեւանի շրջանի կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանի. «Իրավիճակն առայժմ բավարար է, քանի որ քարոզարշավը նոր է սկսվել եւ մարդիկ դեռեւս իրենց շտաբներն են ձեւավորում: Մեր շտաբը ձեւավորվել է հունվարի 21-ին եւ ճնշումներ չկան, խնդիրներ առայժմ չեն եղել»: Նույնը փաստում է նաեւ կուսակցության Դիլիջանի կառույցի ղեկավար Ծովինար Քոչարյանը: Իրավիճակից դժգոհ չեն «Ժառանգության» մարզային կառույցի ղեկավար Մարիետա Քոչարյանը, «Ազգային միաբանության» տարածքային կառույցի ղեկավար Ջեմմա Դավթյանը: Նշված կառույցների ղեկավարները փաստում են, որ նախընտրական շրջանում ամեն ինչ ընթանում է քաղաքակրթության սահմաններում եւ քարոզարշավի համար տեղական իշխանությունները որեւէ խոչընդոտ չեն ստեղծում:

Ի տարբերություն վերոնշյալների, նախընտրական իրավիճակին բոլորովին այլ գնահատական է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի Իջեւանի տարածաշրջանի նախընտրական շտաբի պետ Արթուր Աթաբեկյանը. «Քարոզչության շրջանն ընթանում է ժողովրդի վրա իշխանության կողմից վարչական ճմշումների ներքո, բարեկամական-հարազատական կապերով փակում են բոլոր դռները, որպեսզի մարդիկ չմասնակցեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը: Քաղաքապետերը իրենց աշխատողներին պարտադրում են իրենց կարծիքը, սպառնում աշխատանքից ազատել: Հիմնարկ-ձեռնարկություններում՝ ղեկավարների, գյուղերում՝ գյուղապետերի կողմից ճնշումներ են գործադրվում՝ սպառնալով, թե չենթարկվողներին կզրկեն աշխատանքից եւ «Փարոսից»։ Բոլոր գյուղապետերին մարզպետի կողմից հրահանգ կա՝ Սերժ Սարգսյանի օգտին ապահովել 70 տոկոս ձայն, պլան է դրված»: Մեր առաջարկին՝ տալ կոնկրետ անուններ եւ ներկայացնել կոնկրետ փաստեր, պարոն Աթաբեկյանն ասաց. «Մարդիկ վախենում են, չեն ուզում իրենց անունները հրապարակել: Կոնկրետ բոլոր հիմնարկների աշխատողներին հրահանգված է եղել չմասնակցել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը: Դա իշխանությունների աշխատաոճն է՝ անել ու հրաժարվել: Բոլոր գյուղերի գյուղապետարանները դարձել են նախընտրական շտաբներ, պատերին փակցված է Սերժ Սարգսյանի նկարը: Սա օրենքի խախտում է: Մշակույթի տունը քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը դարձրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ եւ այնտեղ քարոզչություն է անում Սերժ Սարգսյանի օգտին եւ հակաքարոզչություն՝ մյուս թեկնածուների հանդեպ։ Մինչդեռ Մշակույթի տանը թեկնածուները պետք է հանդիպեին ընտրողների հետ»:

Պարոն Աթաբեկյանը նշեց նաեւ, որ իրենք համագործակցում են «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության» մարզային կառույցների հետ։ «Իսկ Գեղամյանի նման դրածոյին ու իր կուսակցությանը ես ընդդիմադիր չեմ համարում»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը։ Պարոն Աթաբեկյանը հավաստիացնում է նաեւ, որ «Տավուշի մարզում ներքին սոցհարցումները ցույց են տալիս, որ իշխանությունները չեն վայելում ժողովրդի հարգանքը, մեր մարզը սահմանամերձ է եւ մայրաքաղաքից հեռու, ունի շատ խնդիրներ։ Այստեղ դիտում են միայն այն երկու հեռուստաալիքները, որոնք այսքան տարի Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հակաքարոզչությամբ են զբաղվել։ Սակայն այս հանդիպումների ժամանակ մարդկանց աչքերը բացվում են եւ փոխվում է վերաբերմունքը։ Դրանից էլ վախենում են իշխանությունները եւ փորձում են խոչընդոտել այդ հանդիպումներին։ Գյուղապետերը ծառայում են ոչ թե ժողովրդին, այլ պետական կառույցներին, մարզպետին։ Ես համայնքապետին ասում եմ՝ դու ընտրվել ես ժողովրդի կողմից, ի՞նչն է քեզ խանգարում թողնել, որ ժողովուրդը ընտրություն կատարի, ասում է. «Բա մարզպե՞տը»։ Կա գյուղապետ, որ իր ընդդիմադիր նախկին ընկերոջը տեսնելիս վախենում է բարեւել: Իշխանությունները կարող են վախեցնել իրենց ծառաներին, բայց մեզ ոչնչով չեն կարող վախեցնել: Ասեմ, որ անկախ բոլոր ճնշումներից, հասարակությունը ավելի լավ է ընկալում իրավիճակը, գնալով խորանում է հակակրանքը իշխանությունների նկատմամբ եւ ավելի է ամրապնդվում հավատը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Շատերը վախենում են այդ մասին բարձրաձայն խոսել, վախենում են սոցհարցումներին ճիշտ պատասխանել, քանի որ համայնքապետերը այդ մարդկանց կանչում եւ «բացատրություն» են պահանջում: Բայց, բնականաբար, մարդիկ արդեն ունեն իրենց թեկնածուն, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հայաստանում իշխանության գործերը լավ չեն, առավել եւս՝ Տավուշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել