Էլեկտրատեխնիկայի բիզնեսից պետբյուջեն «քյար» չունի
Վերջին շրջանում, երբ Հայաստանում «նորաձեւ» դարձավ ապառիկով էլեկտրատեխնիկա ձեռք բերելը, նման ապրանքատեսակների վաճառքով զբաղվող ընկերությունների թիվը մի քանի անգամ ավելացավ: Մայրաքաղաքում ամեն քայլափոխի տեղադրվեցին սառնարանների, հեռուստացույցների ու DVD-ների, լվացքի մեքենաների ու գազօջախերի վաճառքի գծով մասնագիտացված խանութներ: Հաշվի առնելով, թե ամեն օր այդ խանութներն ինչ հսկայական առեւտրաշրջանառություն ունեն, սպասվում էր, որ այդ խանութների տերերը նույնպիսի ակտիվությամբ էլ հարկեր կփոխանցեն ՀՀ պետբյուջե: Սակայն Հարկային պետական ծառայության՝ վերջերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը ցույց է տալիս, որ տարեցտարի այդ բիզնեսով զբաղվողները ոչ միայն քչացնում են իրենց վճարած հարկերը, այլեւ աստիճանաբար դուրս են գալիս խոշոր հարկատուների ցանկից:
«Սամսունգ», «Արայ», «Զիգզագ», «AG electronics», «Beko», «Վեգա», «Վեստա», «Ատլանտա»… Սրանք էլեկտրական սարքավորումներ վաճառող ընկերությունների անուններ են, որոնք քաջ հայտնի են հայ սպառողներին: Սակայն հարկատուների ցանկում բազմաթիվ նման ընկերություններից առկա են միայն «Արայն» ու «Զիգզագը»: Ընդ որում, «Զիգզագը» 2006-ին վճարել էր 1 մլրդ 150 մլն դրամ, իսկ 2007-ին արդեն սկսել է ավելի քիչ վճարել՝ 1 մլրդ 99 մլն դրամ: Այսինքն՝ վճարումներն ավելացնելու փոխարեն մի բան էլ նվազեցրել է: Սա այն դեպքում, երբ «Զիգզագի» խանութներում Նոր տարուց հետո արդեն սառնարան, լվացքի մեքենա գրեթե չէր մնացել, վաճառողուհիները պատճառաբանում էին, որ բերած ապրանքը սպառողները տեղում «թռցնում» են: Ինչ վերաբերում է «Արային», այս ընկերությունը թեեւ 2007-ին մոտ 400 մլն դրամ ավելի է վճարել, քան 2006-ին, բայց հաշվի առնելով, որ «Արայը» սկսել է համագործակցել «LG» ընկերության հետ, որի ապրանքները լայն սպառում ունեն մեր հանրապետությունում, 1, 2 մլրդ դրամ հարկային վճարումը նման խոշոր բիզնեսի համար պարզապես կոպեկներ են:
«AG electronics» ընկերության գովազդային հոլովակներում ցուցադրվում է, թե ինչպես են սպառողները, միմյանց ոտնատակ տալով, իրար հրմշտելով մտնում այդ ընկերության խանութ-սրահը՝ ապրանք գնելու: Գովազդում սպառողները նույնիսկ քիչ է մնում սպանեն խանութի զեղչերի մասին հայտարարող ներկայացուցչին, ինչ է թե իրենց հերթ հասնի այդ խանութից որեւէ էլեկտրատեխնիկա գնելու: Սակայն 300 խոշոր հարկատուների ցանկին ծանոթանալով՝ ենթադրվում է, որ կա՛մ ընկերության գովազդն անբարեխիղճ է եւ սխալ ինֆորմացիա է տալիս հեռուստադիտողներին, կա՛մ «AG electronics»-ը անբարեխիղճ հարկատու է եւ իր բազմահազար սպառողներից ստացված եկամուտներից ՀՀ պետբյուջեի համար բաժին չի հանում:
«Beko» ընկերության կենցաղային էլեկտրատեխնիկան նույնպես լայն սպառում ունի Հայաստանում: «Beko»-ի ամեն մի սառնարանը միջինը 200 հազար դրամ է, գազօջախները՝ 100-120 հազար դրամ: Մայրաքաղաքում սփռված խանութներից ամեն մեկը եթե նույնիսկ օրական ընդամենը 1 սառնարան կամ գազօջախ վաճառի, դարձյալ նվազագույնը 200 մլն դրամ պետք է ընկերությունը տարեկան հարկ վճարած լիներ, մինչդեռ «Beko»-ի հետքն անգամ հարկատուների ցանկում չկա: