Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱԽՍԵ՞Լ, ԹԵ՞ ՉԾԱԽՍԵԼ

Փետրվար 05,2008 00:00

Նախագահի թեկնածուներից ոմանց կարծիքով քարոզարշավի ընթացքում փող ծախսելն անիմաստ վատնում է, մյուսներն էլ վստահ են՝ ինչքան շատ փող շռայլեն, այնքան շատ ձայն կհավաքեն:

Նախընտրական շրջանում նախագահի թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց անձը ժողովրդին ներկայացնելու, կատարած ու չկատարած գործերը քարոզելու եւ ամենաանհավանական մեթոդներով ձայներ հավաքագրելու համար: Թեկնածուների գերագույն խնդիրը սահմանամերձ գյուղեր այցելելն ու 20 աստիճան ցրտի պայմաններում ժողովրդի կողքին մի քանի րոպե կանգնելն է, որպեսզի հետո քարոզչապաստառների վրա ու գովազդային տեսահոլովակներում ցուցադրեն տարեցների ու մանուկների հետ գրկախառնված, աչք շոյող տեսարանները: Այս օրերին մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի պատերը, խանութների ցուցափեղկերը, գովազդային վահանակները, երթուղային տաքսիներն ու անգամ ծառերի բները զարդարված են թեկնածուների նկարներով ու մեր պայծառ ապագան կանխորոշող կարգախոսներով: Նախագահի թեկնածուներից ոմանք ավելորդ են համարում իրենց մեծադիր նկարներն ու բուկլետները տարածել քաղաքում՝ պատճառաբանելով, որ ժողովուրդն իրենց առանց այդ ձեւականությունների էլ շատ լավ ճանաչում ու սիրում է: Ոմանք էլ հազարավոր դոլարներ են վատնում՝ մայրաքաղաքի բոլոր հնարավոր անկյուններում իրենց քարոզչապաստառները տեղադրելու համար: Քարոզարշավի մեկնարկի հենց նույն օրը ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաստառները հայտնվեցին մայրաքաղաքի բոլոր քիչ թե շատ ճանաչված սուպերմարքեթների, հայտնի ռեստորանների ու անգամ պետական նշանակության հիմնարկների պատերին ու ցուցափեղկերին: Օրինակ, ի նշան հավատարմության ու սիրո, Պռոշյան փողոցում գտնվող գրեթե բոլոր հարգի ու ճանաչված ռեստորանային համալիրների տերերն իրենց օբյեկտների լուսամուտներին փակցրել են Ս. Սարգսյանի լուսանկարները: Անգամ մինչ քարոզարշավը տեղադրված տարբեր ընկերությունների գովազդային պաստառներն են հանվել՝ իրենց տեղը զիջելով վարչապետի քարոզչապաստառներին ու կարգախոսներին:

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն «Առավոտին» տեղեկացրեց, որ քարոզարշավի նպատակով մարզեր եւ համայնքներ մեկնելու եւ պաստառների տպագրության վրա իրենք մինչ այժմ ծախսել են 25 միլիոն դրամ: ԱԺ փոխնախագահ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից՝ Արեգ Սավգուլյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց հիմնադրամ է մուտքագրվել 45 մլն 500 հազար դրամ, որից 44 մլն 144 հազարն արդեն ծախսվել է՝ մարզեր այցելության, տպագրության եւ հեռուստագովազդների վրա: Մասնավորապես, 1 մլն 150 հազար դրամ ծախսվել է պաստառների տպագրության համար: «Մեր հին ընկերները» 1 մլն դրամ էլ վճարել են «Գայ-Արտ» գովազդային գործակալությանը, որպեսզի վերջինս վահանակների վրա տեղադրի իրենց գովազդային պաստառները: Եվս 594 հազար դրամ էլ վճարվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին՝ թեկնածուի կողմից սրահի վարձակալության համար: Չնայած քարոզարշավի մեկնարկից ընդամենը 2 շաբաթ է անցել, սակայն Դաշնակցության թեկնածուն արդեն հսկայական գումարներ է ծախսել: Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով էլ, նախորդ շաբաթվա տվյալներով՝ քարոզարշավի համար իրենց հիմնադրամից ծախսվել է 12 միլիոն դրամ: Ա. Մուսինյանը դժգոհություն հայտնեց, որ իրենց թեկնածուի քարոզչական պաստառների փակցնելու հետ կապված խնդիրներ են առաջանում: Նրա խոսքերով. «Ամբողջ իշխանական համակարգը լծված է Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավները տապալելու գործին: Թող նվաստացուցիչ բաներ անեն, ոստիկանների կամ վարձատրված մարդկանց միջոցով պոկեն փակցված պաստառները, մենք, միեւնույն է, մեր գործը շարունակելու ենք»: ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց պաստառների հետ կապված էլ մշտապես խնդիրներ են առաջանում: Ըստ նրա, հիմնականում խանութների տերերն են վախենում ցուցափեղկերին «պլակատներ» փակցնել, նույնիսկ եղել են դեպքեր, երբ իրենց պաստառները փակցնելուց հետո խանութի տերերին նեղացրել են: Վ. Մանուկյանն ասաց, որ մինչ այժմ իրենք տպագրել են 600 «պլակատ», 7 հազար օրինակ նախընտրական ծրագիր եւ 10 հազար բուկլետ: Իսկ թե ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել, Վ. Մանուկյանը չհստակեցրեց, միայն ասաց, որ բոլոր ծախսերը կատարվել են հիմնադրամի հաշվին:

Ի տարբերություն նախագահի այն թեկնածուների, որոնք կարծում են, որ մեծ գումարներ ծախսելու դեպքում մեծ արդյունքների կհասնեն, որոշ թեկնածուներ էլ այն կարծիքին են, որ իրենք իրենց «ռեյտինգը» վաղուց վաստակել են հալալ քրտինքով: Օրինակ, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար, նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը կարծում է, որ մեծից մինչեւ փոքր իր կատարած գործերին ծանոթ են: Ինչպես ինքն է ասում, «ոչ ոք չի մոռացել դեպի Սեւան կազմակերպած մեր միջոցառումները»: Տ. Կարապետյանը վստահ է նաեւ, որ բոլորը լավ հիշում են իր նվիրաբերած հեռուստացույցները, արդուկները, վարսահարդարիչներն ու «ադամանդի կոչումները»: Նախագահի այս թեկնածուն թերեւս տարիներ շարունակ առաջնորդվել է այս կարգախոսով՝ «լավություն արա՝ գցիր ջուրը»: Տ. Կարապետյանը վստահ է, թե արդեն ժամանակն է, որ իր կատարած լավությունները «դուրս գան ջրի երես»: Նրա նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանի կարծիքով, նախագահի մյուս թեկնածուները երեւի իրենց վրա այնքան էլ վստահ չեն, դրա համար էլ «մեր տուֆակերտ մայրաքաղաքը պաստառապատում ու նկարապատում են», իսկ իրենք՝ «փառք Աստծո», նման խնդիր չունեն: Նշենք, որ Տ. Կարապետիչի նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու շատ սահմանափակ քանակով տպագրված պաստառները քաղաքում չեն տարածվել, փոխարենը Տ. Կարապետիչը գումար չի խնայել հանրապետության բոլոր մարզերում 123 նախընտրական շտաբ վարձակալելու համար: Կ. Հակոբյանի խոսքերով՝ «2 տարեկանից մինչեւ 100 տարեկանները Կարապետիչին էլ են ճանաչում, նրա արած գործն էլ են ճանաչում: Մեր պաստառներն էլ հենց այնպես ամեն տեղ չենք փակցնում, դրանք կլինեն այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա»: Այս առումով Տիգրան Կարապետյանի հետ համամիտ է նաեւ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Նրա կենտրոնական եւ միակ շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց թեկնածուն ոչ մի պաստառ չունի եւ չի էլ պատրաստվում ունենալ, բայց նրա ընտրողները կարող են ընդամենը մի քանի օրից ծանոթանալ թեկնածուի նախընտրական ծրագրին, ընդ որում՝ նաեւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Է. Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք նախընտրական հիմնադրամում ոչ մի կոպեկ չունեն, ինչ էլ որ արել են, արել են մարդկային պոտենցիալի եւ իրենց թիմակիցների ջանքերով, իսկ երբ քարոզարշավի նպատակով էլ մեկնել են Նոր Հաճըն, միկրոավտոբուսը մեծահոգաբար տրամադրել է իրենց ընկերներից մեկը: Այսինքն, արդեն երկու շաբաթից ավելի ընթացող քարոզարշավի ընթացքում Ա. Մելիքյանը անգամ 20 դոլար չի ծախսել: Ի դեպ, նախագահի այս թեկնածուն գումար չի տրամադրել նույնիսկ շտաբներ վարձակալելու համար: Նրա միակ շտաբը կենտրոնականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել