Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ ԱԺ-ին երեկ հաջողվեց նիստ գումարել: Գարնանային նստաշրջանի այս առաջին նիստին 131 պատգամավորներից մասնակցում էին 88-ը: Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախընտրական թեժ շրջանում նիստերին մասնակցելու համար: Սակայն ամբողջ կազմով բացակայում էին ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունը ողջ կազմով ներկա էր նիստին:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց քառօրյայի օրակարգում ընդգրկել պատգամավորների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցը՝ կապված այն փաստի հետ, որ իրենց խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Թալինի միջադեպի առնչությամբ ձերբակալվածներին, թեեւ պատգամավորներն ունեն այդ իրավունքը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանեց, որ հարցն օրակարգ ընդգրկելու մասին առաջարկը պետք է ներկայացվի գրավոր:
ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008-ի գործունեության ծրագիրը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ՎՊ-ն կուսումնասիրի առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, բնապահպանության, կապի եւ տրանսպորտի նախարարության, ոստիկանության եւ մաքսային վարչության աշխատանքը, ինչպես նաեւ ստուգումներ կիրականացվեն Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզպետարաններում, Կենտրոն, Դավիթաշեն, Նոր Նորք թաղապետարաններում, Հանրային հեռուստառադիոընկերությունում: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ստուգելու են Երեւանի քաղաքապետարանի՝ հողամասերի օտարման, ինքնակամ կառույցների եւ ոչ բնակելի տարածքների սեփականացման գործարքները: Ի պատասխան Ստեփան Սաֆարյանի հարցի՝ ՎՊ նախագահը վստահեցրեց, որ հաջորդ տարի ծրագրում կընդգրկեն նաեւ ԱԱԾ-ում ստուգումներ անելու հարցը:
Երեկ սկսեցին քննարկել Կենտրոնական բանկի 2008-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Քննարկումն ընթանում էր արդեն գրեթե դատարկ դահլիճում: