ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը վստահ է, որ սոցիոլոգիական հարցումները ներկայացնում են իրական պատկեր:
– Հայտնի է, որ «Գելափի» սոցիոլոգիական հարցումների տվյալները հավաքում է հայկական ընկերությունը, եւ կասկածները հենց այստեղից են ծագում:
-Իհարկե, շատ մարդիկ են ընդգրկված այս գործում, հարցումներ անցկացնելու համար պետք է ընդգրկված լինեն բազմաթիվ մարդիկ, սական մեթոդոլոգիան իրենցն է, եւ կասկածները տեղին չեն: Հայտնի է, որ նախընտրական շրջանում ամեն տեսակի հարցումներն էլ քաղաքական շահարկումների ենթարկվում են, դա բոլորս գիտենք: Մյուս կողմից, ցանկացած լուրջ կուսակցություն ունի նաեւ իր ներքին հարցման հնարավորությունները, եւ յուրաքանչյուր կուսակցություն իր սեփական հարցումների արդյունքում շատ լավ գիտի, որ «Գելափի» հարցումները իրականությանը համապատասխանող արդյունքներ են:
– ՀՀԿ-ն իր սեփական հարցումները անցկացնո՞ւմ է, դո՛ւք ինչ եք ստանում դրանց արդյունքում:
– Մենք հարցման մեր մեթոդոլոգիան ունենք, եւ, այո, մեր հարցումների արդյունքում, իրոք, մեր թեկնածուն բավականին զգալի տարբերությամբ առաջ է մյուս բոլոր թեկնածուներից: Այո, վարկանիշի աճի տեմպերը հստակ երեւում են, եւ մեր մրցակիցների մտահոգությունը հենց մեր թեկնածուի վարկանիշի աճի տեմպերի մեջ է: Օրինակ, դեկտեմբերին եւ հունվարին անցկացրած հարցումներից պարզ երեւում է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի ու ավելի է աճում՝ մեր թեկնածուին, ըստ «Գելափի» հարցումների, դրական գնահատական է տվել արդեն հարցվողների 64 տոկոսը, իսկ սա նշանակում է, որ մեր թեկնածուն ունի առաջին փուլով հաղթելու լիարժեք հնարավորություն, եւ հենց սա է, որ դուր չի գալիս որոշ թեկնածուների:
– Սակայն սոցիոլոգիան «ճշգրիտ» գիտություն է, այո, բարձր տոկոսներ է ստանում նա՝ ով ավելին է վճարում, մանավանդ՝ հայտնի է, որ մեր երկրում բոլոր սոցիոլոգիական կենտրոնները բոլոր իշխանությունների օրոք էլ ամենաբարձր տոկոսները «նկարել» են հենց գործող իշխանությունների հասցեին:
– Այն, որ սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, համաձայն եմ, բայց ոչ ձեր ձեւակերպմամբ: Նորից հղում անեմ 2007-ի ԱԺ ընտրություններին՝ սոցհարցումների արդյունքները ամրապնդվեցին ընտրության արդյունքում: Սա նշանակում է, որ այդ մարդիկ ճիշտ են աշխատել, սա նշանակում է, որ նրանց հանիրավի էին քննադատում: Հավատացած եմ, որ այս դեպքում եւս կասկածները՝ սոցիոլոգների անաչառության մասով, անհիմն են:
– Հայտնի է, որ հանրապետականները իրենց թեկնածուի հանդիպումներին դպրոցներից, գրադարաններից, բժշկական հիմնարկներից մարդկանց ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով «բերման» են ենթարկում: Արդյոք չե՞ք խախտում օրենքը:
– Դուք ասում եք՝ հայտնի է, ինձ նման փաստ հայտնի չէ, եւ հետո, եթե նման դեպք լինում է, ապա դա օրենքի խախտում չէ, քանի որ եթե քաղաքացին ուզում է գնալ որեւէ միջոցառման եւ նրան տրանսպորտ է տրամադրվում, դա օրենքի խախտում չէ: Որոշ թեկնածուներ էլ 50-60 մեքենաներով եւ միկրոավտոբուսներով են քարոզարշավ իրականացնում, թող իրականացնեն, եթե չեն խանգարում երթեւեկությանը: Բայց չէ՞ որ այդքան թվով մեքենաների մեջ՝ ամենաքիչը 300-400 մարդ է տեղավորվում, հիմա ի՞նչ, մենք էլ ասենք, որ միշտ նույն մարդի՞կ են գնում տվյալ թեկնածուի հանդիպումներին: