Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ՞Ն

Փետրվար 05,2008 00:00

\"\"Երկուսն էլ չեն բացառում համախմբման հնարավորությունը

ՀՀ ոստիկանության երեկ տարածած հայտարարության մեջ պարունակվում է պնդում, թե ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ փետրվարի 3-ին հրավիրած հանրահավաքին ներկա էին «ընդամենը 6 հազար համակիրներ»: Մինչդեռ այդ հանրահավաքը վարողը՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այդ օրը հայտարարեց, թե մասնակիցները 100 հազար են: ՕԵԿ-ն իր կողմնակիցներին մայրաքաղաք էր տեղափոխել ավտոբուսներով, որոնք կանգնած էին Գրողների միության, ֆիլհարմոնիայի դիմաց եւ այլն: Թվում էր՝ իշխանությունները վերջապես ձերբազատվել են մարդկանց ազատ տեղաշարժին խոչընդոտելու «ավանդույթից»: Սակայն պարզվեց, որ էլի վատագույն ավանդույթները շարունակվում են:

Հովհաննես Մարգարյանը նշեց. «Ոստիկանները կանգնեցրել են ավտոբուսներն ու իջեցրել մարդկանց, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել հանրահավաքին»: Ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ ժխտել է սա. «Հ. Մարգարյանը չի նշել, թե ո՞ր երթուղու, ի՞նչ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոբուսներ են կանգնեցվել, ովքե՞ր եւ ո՞ր պահակակետերում են կանգնեցրել ավտոբուսները, ո՞ր մարզից եկող ՕԵԿ-ի կողմնակիցներին են իջեցրել մեքենաներից եւ այլն։ Եթե կան այդպիսի փաստեր, ապա ինչո՞ւ չեն տրամադրվում իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Ոստիկանությունը հայտարարում է, որ նման փաստեր չկան, դրանք մտացածին են»: Մինչդեռ հանրահավաքի ընթացքում Հովհաննես Մարգարյանը փաստեր նշեց, թե 3 ավտոբուս կանգնեցրել են Կենդանաբանական այգու մոտ. «Գավառի մեր կողմնակիցներին ոստիկանության ծառայողները ավտոբուսներից իջեցրել են՝ խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժը: Նույնը Արտաշատում է, նույնը՝ Սեւանում»: Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը հավելեց. «Արարատում ոստիկանության աշխատակից Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ արգելվել է հանրահավաքի եկող փոխադրամիջոցներին՝ մարդկանց Երեւան տեղափոխել»: Արթուր Բաղդասարյանը հստակեցրեց՝ 21 բնակավայրերում իրենց կողմնակիցներին արգելել են մասնակցել հանրահավաքի:

Ըստ Հեղինե Բիշարյանի՝ կեղծիքներ են նախապատրաստվում Արտաշատում, Արմավիրում, Գորիսում, Էջմիածնում եւ Տաշիրում. «Իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում երկրից հարուստ օլիգարխներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը, բացել է փողի տոպրակները, կաշառում է ոչ միայն ժողովրդին, այլեւ ընտրական հանձնաժողովի անդամներին»: Փետրվարի 2-ի ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ ցուցադրելու են մի տեսաերիզ, թե ինչպես է մի պետական պաշտոնյա կատարում օրինախախտում:

Այդ ասուլիսում ՕԵԿ նախագահը նաեւ անդրադարձել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում փետրվարի 1-ին արած հայտարարությանը. «Լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ են միանալու Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արթուր Բաղդասարյանը»: Վերջինս հաստատեց, որ բանակցություններ են ընթանում Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգության» առաջնորդի հետ. «Կարծում եմ, որ ընդդիմության ճամբարում կլինեն վերախմբավորումներ: Առաջիկա շաբաթը չափազանց կարեւոր է քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից»: Նա նաեւ հայտնեց, որ այս գործիչները՝ ինչպես նաեւ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն արձագանքել են ընտրակեղծիքների վերահսկողության միասնական գրասենյակ ստեղծելու ՕԵԿ առաջարկին, որին դեմ չէ նաեւ ՀՅԴ-ն: Ա. Բաղդասարյանը հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում կստեղծվի այդ գրասենյակը, որտեղ կլինեն այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ըստ նրա՝ իրենց բանակցություններում Արտաշես Գեղամյանը չկա:

Իսկ փետրվարի 3-ի հանրահավաքում իր շուրջ 1 ժամանոց ելույթի ընթացքում անդրադառնալով մյուս ընդդիմադիր թեկնածուների հետ միանալու հնարավորությանը՝ պրն Բաղդասարյանը հայտարարեց. «Ես համոզված եմ, որ այս բազմահազարանոց հանրահավաքին վաղը միանալու են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ, արդար երկրում՝ արժանապատիվ կյանքով: Այսօր կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է»: Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «Լեւոն, միացիր» ու «Արթուր, նախագահ»: Իսկ նա վերափոխեց կարգախոսը՝ «Հայեր, միացեք»:

Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի եւ «ՆՏ»-ի թղթակիցների հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի այս պնդումներին, թե «Ժառանգությունը» միանալու է իրենց՝ ասել է. «Ուրախ ենք, որ ամեն մեկն իր խոսքն ասում է, իր ենթադրությունը կատարում է, բայց ես կարծում եմ՝ որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարություններ կատարել»: Ըստ նրա՝ խորհրդակցությունները թեկնածուների հետ շարունակվում են, եւ ելնելով ընթացիկ շաբաթվա «անցուդարձի զարգացումներից»՝ հավանաբար շաբաթավերջին կուսակցությունը կկայացնի իր վերջնական որոշումը:

 Հ. Գ. Հանրահավաքում Արթուր Բաղդասարյանի արած արտահայտությունը, թե իրեն ահաբեկել հնարավոր չէ. «Ես պատրաստ եմ զոհվել, զոհաբերել իմ կյանքը հանուն Հայաստանի»՝ երեկ արժանացել է նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի հակահարվածին: «Հայաստանի նոր նախագահը պետք է իր անցած ճանապարհով հայրենասիրության դասեր տա եւ ոչ թե հանրահավաքների հարթակներից խոսի հայրենասիրության մասին եւ ընկնելով էյֆորիայի մեջ՝ ասի, որ նույնիսկ պատրաստ է իր կյանքը զոհաբերել Հայաստանի համար: Հարց է առաջանում՝ իսկ երբ որ Հայաստանը, հայ ժողովուրդը այդպիսի մարդկանց կարիք ուներ՝ որտե՞ղ էր ինքը, թե՞ էն ժամանակ խելքը չի կտրել»,- Ավան համայնքում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Իսկ Վահան Հովհաննիսյանը երեկ Արմավիրի մարզ այցի ժամանակ ասել է. «Մարդիկ կուրծք են ծեծում՝ ասելով, թե պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի: Ղարաբաղում զոհվեիք. հրաշալի հնարավորություն կար: Էն ժամանակ էր պետք Հայրենիքի համար զոհվելու պատրաստակամություն դրսեւորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել