Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

Փետրվար 05,2008 00:00

\"\"Փետրվարի 3-ին Գեղարքունիքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

«Առավոտի» նախորդ համարում մենք խոստացել էինք անդրադառնալ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Լոռու եւ Տավուշի մարզ, իսկ փետրվարի 3-ին՝ Գեղարքունիք կատարած այցելություններին: Ու թեեւ հիշյալ երեք մարզերում էլ տեղական իշխանություններն արել էին հնարավոր ամենը՝ արգելելու եւ խոչընդոտելու տավուշցիների, լոռեցիների եւ գեղարքունիքցիների մասնակցությունը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումներին, այդուհանդերձ, դատելով այդ հանդիպումներին մարդկանց բազմությունից, պետք է արձանագրել, որ գնալով այդ ճնշումներն ապարդյուն են դառնում: Դրա մասին, ի դեպ, ե՛ւ Ալավերդիում, ե՛ւ Նոյեմբերյանում, ե՛ւ Սեւանում իրենց ելույթներում խոսեցին Տեր-Պետրոսյանի թիմակիցները:

Փետրվարի 1-ին ՀՀ առաջին նախագահի հանդիպումները Լոռիի եւ Տավուշի մարզերում անցան բավականին մարդաշատ հրապարակներում եւ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Վանաձորի «Արցախ» պուրակում հավաքված հազարավոր մարդիկ ՀՀ առաջին նախագահին դիմավորեցին աղուհացով, աղավնիներով, ծաղիկներով եւ «Լե-ւոն, Լե-ւոն» վանկարկումներով:

Ինչպես Ալավերդի, Նոյեմբերյան քաղաքներում, այնպես էլ Վանաձորում Տեր-Պետրոսյանի՝ գործող իշխանությունների հասցեին ուղղված յուրաքանչյուր քննադատություն ուղեկցվում էր վանաձորցիների կողմից հավանության բացականչություններով, իսկ երբ նախագահի թեկնածուն հայտարարեց, որ 20 օր հետո այս իշխանություններն այլեւս չեն լինելու՝ պուրակն ուղղակի պայթեց ծափողջույններից:

«Մենք գալիս ենք մաքուր, ազնիվ եւ բավականին նորացված թիմով: Այո, իմ հին ընկերներն իմ կողքին են, բայց իմ կողքին են նաեւ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը: Այդ ես եմ նրանց միացել, ոչ թե իրենք ինձ»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ չի կասկածում՝ «մարդիկ, ովքեր մտածում են այս երկրի մասին, միանալու են մեր շարժմանը»: Տեր-Պետրոսյանի խոսքերով, այդ նոր թիմով իրենք «եթե մեր երկիրը չեն դարձնի եվրոպական մակարդակի երկիր, բայց որ էապես կբարելավեն Հայաստանում առկա ե՛ւ հոգեբանական, ե՛ւ բարոյական, ե՛ւ սոցիալական ու տնտեսական վիճակը՝ անկասկած է»: «Տվեք մեզ այդ հնարավորությունը, եւ դուք հուսախաբ չեք լինի»,- վանաձորցիներին կոչ արեց Տեր-Պետրոսյանը: Նա մատնացույց արեց իր իշխանության տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցնող վանաձորցիներին, որոնք անցած տարիներին ապրել եւ ապրում են վանաձորցիների աչքի առաջ. «Նրանք եղել են իշխանություն, քաղաքապետ, քաղաքապետարանի բաժինների վարիչներ: Այսօր էլ նրանք ձեր նման ընչազուրկ, չքավոր, գործազուրկ մարդիկ են: Ի՞նչ ունեն այսօր այդ մարդիկ: Հիմա նրանց համեմատեք իրենցից հետո եկած մարդկանց՝ ձեր իսկ քաղաքի իշխանավորների հետ: Այո, մենք հիմա հավակնում ենք ձեր ձայներին: Բայց մենք գալիս ենք այն պատճառով, որ մեր երկիրը կործանվում է, գտնվում է օտարների ձեռքում»:

Լոռու մարզում Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական վիճակի մասին. «Մեր երկրի հարստության կեսն այսօր երկու մարդու գրպանում է, ու այս մարդիկ ուզում են եւս 10 տարի մնալ իշխանության գլուխ: Ի՞նչ են արել նրանք այս 10 տարում: Փոխվե՞լ է մի բան: Դո՛ւք ասեք: Իբր, աշխատավարձ են բարձրացրել: Այո, աշխատավարձ, թոշակներ բարձրացրել են նոմինալ արժեքով, բայց դրանք հավասար են ոչնչի երկու պատճառով. նախ՝ գներն այնքան սոսկալի են թանկանում, որ աշխատավարձերի բարձրացումը երբեք չի հասնի գների թանկացման ետեւից: Երկրորդ՝ դոլարի կուրսի անկումը, որը կա Հայաստանում, ստեղծել է մի վիճակ, երբ այսօրվա 100 դոլարն ունի այն նույն գնողունակությունը, ինչ 10 տարի առաջ ուներ 20 դոլարը»:

Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ վերջիններս չունեն մի բարեկամ, որոնց այսօր Երեւանում աշխատանքի տեղավորած չլինեն: Նա արձանագրեց, որ միայն վերջին 10 տարիներին այս երկուսի վարած կադրային քաղաքականության արդյունքում Ղարաբաղից 15 հազար մարդ տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել բարձր պաշտոններում եւ մի քանի տարում դարձել են Հայաստանի ամենահարուստ մարդիկ: «Էդ մարդիկ են ուզում Ղարաբաղը պահե՞ն: Ղարաբաղը կարելի է պահել միայն մարդով: Եթե դու դատարկում ես Ղարաբաղը, ուրեմն՝ Ղարաբաղը, նաեւ Հայաստանը նվիրում են Ադրբեջանին: Եվ նրանք աստիճանաբար գնում են այդ ճանապարհով»,- ասաց ՀՀ առաջին նախագահը: Նա նաեւ հայտարարեց, որ իշխանությունը վերջապես դեմքով պիտի շրջվի դեպի մարդը, հոգա նրա սոցիալական խնդիրները:

Փետրվարի 3-ին էլ ՀՀ նախագահը Գեղարքունիքի մարզում էր: Սեւան քաղաքում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց Ղարաբաղի հարցի կարգավորումը ձգձգելու, երկիրը թալանելու, հարեւանների հետ շարունակվող թշնամական մթնոլորտի պահպանման մեջ՝ համարելով, որ դրա համար նրանք արժանի են ոչ թե երկրի նախագահի, այլ՝ մեղադրյալի աթոռին: Մարզում ունեցած իր հանդիպումների ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե գեղարքունիքցիներն ուզում են ապագա ունենալ, ապա այդ մարզում Սերժ Սարգսյանը մեկ ձայն անգամ չպետք է ստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել