Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ

Փետրվար 01,2008 00:00

\"\"Lրագրային տարբերակ

Նախաբան կամ հախուռն, ինչպես գետը ելման

Մոտենում է Արցախյան շարժման 20-ամյա տարելիցը, մեր իրական հաղթանակի պատմական հոբելյանը: Մեր սերունդը վերջապես ցրեց դարերի պարտության սեւ ամոթը, դուրս եկավ բարոյական փուչ հաղթանակների ջղաձիգ փակուղուց:

Ամրագրեց անկախ Հայաստան:

Ազատագրված Արցախ:

Իր զավակներին սերմանեց հաղթածի հպարտ հոգեբանություն:

Մնացյալը փուչ կրակոց է պատմության Մեծ դատի առաջ:

Իսկ մեզ, որ ականատեսն ենք ու ժամանակագիրն այդ պատմության, մնում է միայն ճշմարտապես շարադրել բոլոր դեպքերն ու անցքերը, ինչպես որ եղել է, ինչպես որ կա: Քանզի ամենքս, ի վերջո, 1988-ի փետրվարյան հավաքական ժայթքումի ծնունդն ենք՝ իր մակընթացության գեղեցիկ թափով: Եվ ամեն կաթիլ միայն իրեն տրված սահմանն է նվաճել՝ լինի դա փոքր, թե մեծ: Ես բոլորին սիրում եմ հավասարապես:

Եվ մեզանից մեկը միայն խիզախեց ստանձնել հայ ժողովրդի ազատագրական պայքարի աստղային ժամն առաջնորդելու պատմական առաքելությունը:

Այդ Առաջնորդը Հայաստանի երկրորդ անկախ Հանրապետության հիմնադիր նախագահ, Արցախյան հերոսական, հաղթական պատերազմի զինված ուժերի Գլխավոր հրամանատար ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ՏԵՐ – ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է:

Ուզում ենք, թե ոչ, սիրում ենք նրան, թե չէ, նրա անունը փորագրված պիտի մնա դարերի Ազատության ոսկեհուռ վահանին, եւ այդ տեղը Հայոց պատմության մեջ արդեն զբաղված է:

Երբեք ՀՀՇ-ի համակիրը չեմ եղել, թեպետ այդ կուսակցության վերին էշելոնում իմ ընկերներն էին: Ինչու: Քանի որ ՀՀՇ-ն Արցախում չէր սատարում շարժման իրական լիդերներին, որոնց իսկապես վստահում էր Արցախի ժողովուրդը, ովքեր 1988-ից էլ դեռ շատ առաջ այդ գործի սկիզբն էին դրել: «Մեզ ջահել, պրագմատիկ մարդիկ էին հարկավոր: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն այդ տպավորությունը թողնում էր»,- մեր զրույցում պատճառաբանեց «Ղարաբաղ» կոմիտեի գաղափարապետ Վազգեն Մանուկյանը:

Երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին չեմ քվեարկել. մեր սերնդի մտավորականության պահանջների սանդղակը աննախադեպ բարձր էր նախագահի թեկնածուից: Չէինք ենթադրում, որ այդ չափորոշը կնահանջի այնքան, որ մի օր կանգ կառնի զրոյական հարթությունում:

Այդ չարիքն այսօր արդեն կատարվել է: 1999-ի հոկտեմբերից համազգային մեր միասնականության արգավանդ հողի մեջ նետված պետական անհավատարմության թարախակալ որոմը այլասերել է արյունով ցանած մեր երկրի վաղվա հունձքը: Խորացել, գնացել է այնքան, որ սպառնում է արմատից հատել Երկրի արարչական Ոգու Սկզբնական սաղմը: Նախատինքի աթոռին այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է՝ մեր անկախության ու հաղթանակի խորհրդանիշը: Մինչդեռ դատաստանի արդարությունը չի խնայելու ոչ մեկիս:

Որ այլասերումից չպաշտպանեցինք հայրենական խաչբուռի օրհնված նախընծան՝ մեր վաղվա հունձքի ոսկեհատ ծիլը:

Որ մոռացության լայն գերեզմանը դրինք Հայոց պետության խորհրդատան մառ գորգին թափված անմեղի տաք արյունը:

Որ եկեղեցին զիջեց իր պայծառությունը չնչին իշխաններին ու անցավոր հարստություն կողոպտելու դառնաղետ նահանջն է առաջնորդում (խավարս, մեղա՜):

Ծանր են մեր մեղքերը:

Եվ հողն այլեւս ուժ չունի:

Մենք պետք է փոխենք մեր երգի չափն ու մեր ավերված դաշտերի արծաթ ակոսները լցնենք Ազգի Ոգով հաղորդված Արության սերմով: Մեր լուսապայծառ արգանդի գեհենական ցավերից դուրս ելած տղամարդիկ, ում շնորհել ենք Ցեղի արության հողաբույր Սերմը, մեր Տունն ու Պատիվը, պետք է ամաչեն սեփական անկողնու ետնախորշերում օտար ծնկների քրտնահոտ շնչելու էգ քածին վայել իրենց ողորմելի կարգավիճակից:

Որ թշնամի երկրում չոր հաց փնտրող հայ մայրերը փակ մնան խորթ արյունի առաջ:

Որ հավիտյան չմարի մեր Անտղամարդ օջախը:

Մենք պետք է դիմադրենք կյանքի այս հարվածին եւս ու թույլ չտանք, որ լիրբ օտարը արյունոտ ձեռքերով վարդեր բաժանի մեր երկրում: Բաց անենք մեր սրտի աչքը, վանենք մեզանից հին քեների մերժելի ախտերը ու վերընծայենք մեր ոգուն ռազմիկ նկարագիրը, որ ունեինք 1988-ին: Եվ որպես գարնանը ելման ջրերն են անգիտակից հորդանում, որպես կայծակն է անձրեւաթափից առաջ հրատեսիլ շողշողում, մեր խելահեղ կամքի շռնդալից հեղեղը ուղղենք Գաղափարի, Սիրո ու Հայկականության Մեծ իդեալի աղբատարած հունը գալիք բոլոր գարունների համար մաքրազարդելու սրբազան գործին:

Մեծ ըմբոստությունից 20 տարի անց:

Բավական է թեւերս պարզեմ ու կգրկեմ բազմաբյուր ամբոխի սիրելի դեմքերը: Երբ 1989-ի մայիսին, Մատենադարանի հրապարակում դիմավորում էինք խորհրդային բանտից ազատված «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին: Երկրի անհայտ անկյուններից այստեղ հասած միլիոնանոց միտինգում արդեն կային ծպտված դաշնակցականներ, իշխանամետ ռամկավարներ, հին ու նոր անկախականներ, ցեղակրոն ու հնչակ: Լիքը կոմունիստներ: Պետական անճանաչ ու օրենքով գողեր, բթամիտ չարչիներ, խորհրդային ոստիկանի համազգեստով կարգին հայեր: Իրենց շան բախտին քար նետող այսօրվա իշխանավորները նույնպես: Ու միասին էինք: Միսիրտուհոգի, Միգաղափար: Օրվա պատգամը Սերն էր, ու մենք միասին ՄԻԱՑՈՒՄ էինք վանկարկում:

Արցախը ետ բերեց այդ օրվա ոգեղեն Սերը, Ազատության Մեծ Գաղափարը, Հայի ու Հայկականության վսեմ երազանքը:

Այլ ոչ երբեք թնդանոթը:

Եվ ես, անուղղելի լավատեսն ու ուղղափառ հավատավորն իմ ժողովրդի, անկեղծորեն հավատում եմ, որ դեռ կարող ենք ժամանակի աղետալի հոսանքից ԱԶԱՏԵԼ մեր ազնվական արյունը:

Որ Արցախյան շարժման 20- ամյա հոբելյանի տոնին մեր հոգիներում վերստին ժայթքելու է ոգեղեն միասնականության տիեզերական զգացումների այն հզոր մակընթացությունը, որ ունեինք Մատենադարանի հրապարակում, 1989-ի գարնանային պայծառ զարթոնքի շքեղ հանդեսին:

Որ հերոսների արյունով, մեր լուսեղեն զոհերի հիշատակներով վերածնված մեր երկիրը, հայրենական ոգու անմար կրակներով, սիրո ու խոստովանության կենաց պատգամով, իբրեւ անգին մի գանձ, վերագտնելու է համազգային Միության ու Ազգային ամբողջականության ջինջ շուշանի մաքրահյուս թելը:

Մենք դա կարող ենք անել:

Մենք դա պետք է անենք:

Որ դրոշը մեր լաթ չդարձնեն:

Ու Գահը սրբոց՝ հացի կուռքերի երախին նետած ընդաքարշ դիակ:

* * *

1989 թվականի ապրիլի վերջն էր: ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների ընտրություններից մեկ օր առաջ Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ մեր տուն բերեց Բորիս Դադամյանին: Բորիս Դադամյանը մինչ այդ Արցախյան շարժման «Կռունկ» կոմիտեի անդամ էր, «Ամարաս» բարեգործական ընկերության նախագահը: Այժմ էլ ԽՍՀՄ պատգամավորության թեկնածու էր առաջադրված Ստեփանակերտի 318 ընտրատարածքում, եւ ընտրությունների նախօրեին, հնարավոր սադրանքներից խուսափելու համար, Արթուրը նրան գիշերով Երեւան էր բերել: «Բորիս Վարդանիչի տեղը ոչ ոք չպիտի իմանա»,- խստորեն կարգադրեց նա:

Ընտրություններն Արցախում անցան հավատով ու խանդավառությամբ. ընտրողների ընդհանուր թվի 94,8 տոկոս ակտիվություն գրանցվեց: 1989թ. մայիսի 6-ին, «Երեկոյան Երեւան» թերթին տրված հարցազրույցում՝ ԼՂ Մարտունու կուսշրջկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր ընտրված Վաչագան Գրիգորյանն ասաց. «Պատգամավորական թեկնածուները հիմնականում առաջադրվել էին ժողովրդի կողմից հարգանք վայելող եւ վստահություն ունեցող մարդիկ, որոնցից առավել արժանիներն են ընտրվել: Նրանք, ովքեր մտահոգված են Լեռնային Ղարաբաղի ծանր ճակատագրով եւ խնդրի քաղաքական, ոչ թե վարչական լուծման կողմնակիցներ են: Հատուկ կառավարման կոմիտեն որեւէ կերպ չի ազդել ընտրությունների վրա»:

Ընտրությունների ամենաթեժ կանխատեսումներն արվում էին Ստեփանակերտի 726 ընտրատարածքի նկատմամբ, ուր թեկնածու էին գրանցվել ԼՂՀ մարզկոմի նախկին ղեկավար Հենրիկ Պողոսյանն ու «Ղարմետաքս» կոմբինատի սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Ռոբերտ Քոչարյանը: Հայտնի էր, որ լինելով կոմունիստների առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, վայելում էր Հայաստանի դեմոկրատական ուժերի աջակցությունը՝ ի դեմս «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում նաեւ իշխանության եկած ՀՀՇ կուսակցության: Արցախում ուրիշ ոչ մի ուժի ՀՀՇ-ն այլեւս չէր ընդունում ու հետը չէր գործակցում:

Մինչդեռ Հենրիկ Պողոսյանի թիկունքում Արցախի պարզ ժողովուրդն էր, ու ինքը իրական Առաջնորդն էր այդ ժողովրդի: Ավելի դիպուկ բառ չգտանք, երբ հունիսին, Մոսկվայից Ղարաբաղ այցելած ԽՍՀՄ պատգամավորական խմբի հետ աշխատելիս, ականատես եղանք նրա հանդիպումներին Արցախի ողջ տարածքում, որի մասին դեռ կպատմենք մեր գրքի առաջիկա հատվածներում: Եվ ժողովուրդը, ազատ ու արդար ընտրությունների պայմաններում իր քվեն միանշանակ տվել էր իր Առաջնորդին եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին: Արցախից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ ընտրվեցին Հենրիկ Պողոսյանը, Բորիս Դադամյանը, Զորի Բալայանը, Մարտակերտի շրջկոմի քարտուղար Վահան Գաբրիելյանը, Մարտունու շրջկոմի քարտուղար Վաչագան Գրիգորյանը, Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին եւ Շուշիի քաղկոմի քարտուղար Վագիֆ Ջաֆարովը: Հատուկ կառավարման կոմիտեն դույզն-ինչ չէր միջամտել ընտրությունների ընթացքին: Ավելին, ապրիլի 27-28-ին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում բարեգործական համերգներով հանդես եկան հայ երգահանները՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի գլխավորությամբ:

Հ.Գ. Ապրիլ, 2007թ., Երեւան

«Ղարաբաղ» կոմիտեի գաղափարապետ, կադրերի հարցով ՀՀՇ-ի հիմնական պատասխանատու Վազգեն Մանուկյանին՝ տարիներով ինձ տանջող մի հարց ուղղեցի. «Հայտնի է, որ Արցախյան համաժողովրդական շարժման միակ նպատակը Արցախի ազատագրումն էր Ադրբեջանի ենթակայությունից: Ոտքի ելած Արցախն էլ հստակ ուներ իր շարժման առաջնորդները, որոնց վստահության քվե էր տվել ազատ ու արդար ընտրություններում: Ի՞նչն էր, ուրեմն, պատճառը, որ «Ղարաբաղ» կոմիտեն Արցախում չհամագործակցեց նրանց հետ ու հենարան ընտրեց միայն Ռոբերտ Քոչարյանին, երբ վերջինս իր ետեւից ընտրազանգված կամ գոնե համախոհների մի փոքրիկ խումբ իսկ չուներ անգամ բուն Ստեփանակերտում, ուր ապրում ու աշխատում էր»: Վազգեն Մանուկյանի ընդարձակ ու անկեղծ պատասխանը մեջբերում ենք ամբողջությամբ: «Առաջին անգամ Ղարաբաղ գնացի 1987թ. Իգոր Մուրադյանի հետ: Այդ ժամանակ արդեն Միացումի ստորագրահավաքները թափ էին առել ու Արցախում ստեղծվել էր տնօրենների խորհուրդ, ովքեր իրենց ձեռքն էին վերցրել կազմակերպչական հարցերը: Տարիքով մարդիկ էին (ասել է՝ 50-55 տարեկան. Շ.Ղ.): Մի կողմից նրանց հետ համագործակցել էր պետք, քանի որ նրանք էին լուծում մարզի տնտեսական ու քաղաքական խնդիրները, մյուս կողմից, հաշվի առնելով դարասկզբի փորձը, երբ հայերը զգացմունքներին տուրք տալով անընդհատ կորցնում էին, ճիշտն ասած, վախեցա, որ սրանք էլ շատ խորացած կլինեն կոմունիստական «կարելի է – չի կարելիների» մեջ: Մոսկվան էլ մեզ անծանոթ խաղ էր տանում Ղարաբաղում: Ու մտածեցի, որ մեզ Արցախում հարկավոր են նոր մարդիկ, ավելի ջահել ու պրագմատիկ անհատներ: Այդ ժամանակ ես «Ղարաբաղ» կոմիտեի կազմն էի համալրում ու Ստեփանակերտում առաջին անգամ տեսա Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտն այն ժամանակ ինձ վրա այդ տպավորությունը թողնում էր: Արթուր Մկրտչյանը նույնպես, բայց նա շատ իր ասածի էր (ղարաբաղցու կող ուներ. Վ.Մ.), որը մեզ ձեռնտու չէր: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, այո, Ռոբերտ Քոչարյանն իրեն սատարող ուժ չի ունեցել Արցախում: Երբ իմ վարչապետ եղած ժամանակ կինս գրքեր էր տարել Արցախի դպրոցներին, նույն տպավորությունն ուներ: Վերադառնալով Երեւան, ինձ ասաց. «Այդ տղան ոնց որ թե մենակ է, նրա շուրջ, որքան հասկացա, ոչ ոք չկա»: Մենք դա գիտեինք, բայց, ինչպես ասացի, մեզ ջահել, պրագմատիկ մարդիկ էին պետք: Բացի այդ, մեր խնդիրներն այն ժամանակ ուրիշ էին»:

Թե համազգային այդ հզոր շարժման շրջանակներում ուրիշ ինչ խնդիր էր հետապնդում Արցախում «Ղարաբաղ» կոմիտեն, կմանրամասնենք գրքում: Լրագրային այս տարբերակում, խախտելով գրքի ժամանակագրությունը, երկու խոսքով միայն նշեմ, որ «Ղարաբաղ» կոմիտեի հետ համագործակցելու մի շարք անհաջող փորձերից հետո, 1989թ. հուլիսին, Հենրիկ Պողոսյանը մեր խնդրանքով եկավ Երեւան՝ հանդիպելու Վազգեն Մանուկյանին: Միամիտ մոլորություն ունեի, թե Ղարաբաղյան հուժկու շարժման Հայաստանի ղեկավարը անձամբ ծանոթ չէ նրան, եւ հանդիպելուց հետո, մարգարե պետք չէ լինել՝ հասկանալու այն ահռելի տարբերությունը, որն առկա էր Հենրիկ Պողոսյան հզոր անհատի ու «թագի համար մարմաջող փառամոլ» (Արկադի Վոլսկու խոսքերն են, ձայնագրել եմ 1989թ. հունիսին, «Միացում» խմբի հետ փակ հանդիպման ժամանակ), մետաքսի կոմբինատի կոմունիստների առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Դավիթ Շահնազարյանի միջոցով այդ հանդիպումը տեղի ունեցավ «Գարուն» ամսագրում, Վազգեն Սարգսյանի սենյակում: Ու երկար չտեւեց: Հենրիկ Պողոսյանին չհարցրի, թե ինչ խոսեցին: Կոռեկտ չէր: Միայն հասկացա, որ Վազգեն Մանուկյանի հակառակությունը կադրերի հարցում չէր կոտրվել ու ամեն մեկը մնացել է իր կարծիքին:

Հոկտեմբերին, Սունդուկյանի անվան թատրոնում ՀՀՇ-ի կազմակերպած մտավորականության համաժողովին, ուր հրավիրված չէին Արցախի իրական լիդերները, մեծագույն դժվարությամբ հաջողվեց համոզել Հենրիկ Պողոսյանին գալ Երեւան ու ելույթ ունենալ համաժողովում: Ելույթի հենց սկզբում դահլիճից ընդհատեցին. ռուսերեն խոսելը մեծ հանցանք էր նկատվել: Մի բան, որ ներվում էր երիտասարդ, պրագմատիկ կոմունիստ Ռոբերտ Քոչարյանին. նա իր արցախյան կյանքում հայերեն երբեւէ չէր խոսում: Պողոսյանը բեմից պատասխանեց, թե մեր մայրենի լեզուն չգիտենք, դրա համար էլ պայքարում ենք: Բայց երեւանյան շուկաների բառուբանով խոսող «Մաշտոց» միավորման լրբերի խումբը, որ պատվերով հարձակումներ էր իրականացնում ոչ առանց ՀՀՇ-ի լիդերի գիտության, ելույթի ողջ ընթացքում դոփեցին կրունկներով, խանգարեցին ու թույլ չտվին, որ իրենց հորից էլ տարիքով, ԼՂ մարզի նախկին ղեկավարը կենտրոնանա, մի խոսք ասի: Նույն կերպ վարվեցին ՀԿԿ Կենտկոմի գաղափարապետ, ակադեմիկոս Գալուստ Գալոյանի, ավելի ուշ՝ ՀՀՇ 1-ին համագումարում Հայաստանի վարչապետ Վլադիմիր Մարգարյանցի հետ՝ երկուսն էլ պատկառելի տարիքի, կրթության ու դիրքի պաշտոնյաներ մեր երկրում: ՀՀՇ կանոնադրության կուլիսային դրույթներով ծեծեցին ու անարգեցին նաեւ մեր երկրի սիմվոլը: 1997-ի ամռանը, երբ նորից հանդիպեցի Հրանտ Ոսկանյանին, պարապուրդի էր մատնված, ապրում էր նորանկախ Հայաստանի կառավարության նշանակած 4000 դրամ թոշակով: «Ով անցյալի վրա կրակում է ատրճանակով, ապագան նրան ավտոմատով է դիմավորում», – հին վերքը նորոգել չուզեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահը:

Հ. Գ. Ինչո՞ւ եմ այսքան երկար ու մանրամասն խոսում անցյալի մեր այդ ցավոտ նահանջի մասին:

Նախագահական ընտրությունների շեմին, նախորդներին ջնջելու, անծայր հերյուրանքների ու թաթարական անգթության հաշվեհարդարների վնասապարտ սինդրոմը վերստին կյանքի է կոչվել՝ նենգ ատելություն կուտակելով թեկնածուների, նրանց սատարող քարոզիչների ու լրատվական ծառայությունների գործունեության դաշտում: Գլխավոր թիրախն այս անգամ հիմնադիր նախագահն է, նրա իշխանության բազմասահ գայթումները հատկապես կադրային հարցում: Իսկ քաղաքական ճահճուտների դատարկ դհոլչիները (ականջդ կանչի՝ Սերժ Սարգսյան) Ղարաբաղը հանձնելու աբսուրդն են նույնիսկ վերագրում Արցախյան պատերազմի Գլխավոր հրամանատարին:

Կանգ առեք: Այս պայքարից հաղթական դուրս գալու համար մի փնտրեք անպատիվ զենքեր: Փրկության Գաղափարի շուրջ ատելությունը վստահ տեղ չունի, ու ժողովուրդը չի կարող հասկանալ դա:

Հնուց խոսք կա՝ գնդակը դիպչում է նրան, ով դրոշակն է տանում: Հաղթանակներն այսօր ձեռքից ձեռք են անցնում, պարտության որդեգիրը մեկն է՝ հիմնադիր նախագահը: Ում օրոք, ՄԻԱՅՆ հարյուրամյակների անհաշիվ կորուստներով ու ցեղասպանությամբ բռնաբարված մեր ոգու պատմությունն ընդհատվեց մեծ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ:

Այս է հիշելու ժամանակը:

Իսկ մեզ՝ թիկունքի անմարդկային պայմաններում մայրացած կանանց, ՀԱՂԹԱՆԱԿԻ տիեզերաչափ զգացումը բարձրագույն հատուցումն է ամեն տեսակ զրկանքի:

Այդ ո՞ր պատերազմն է հաղթել առանց ցուրտ ու խավարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել