Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ դիտորդների մտահոգությունները շատ էին

Փետրվար 01,2008 00:00

Երեկ նրանք այդ մտահոգությունները կիսեցին լրագրողների հետ

Երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հանդիպեցին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության անդամները՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ եւ ի դեմս Լորդ Ռասսել Ջոնսթոնի, ով արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել դիտարկելու հայաստանյան ընտրությունները:

Ջոն Պրեսկոտի մատուցմամբ, ԵԽԽՎ դիտորդական իր գլխավորած առաքելությունը ընդհանուր առմամբ համաձայն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրերս հրապարակած միջանկյալ զեկույցի ձեւակերպումների, մտքերի եւ եզրակացությունների հետ, ուստի՝ առանց դրանք կրկնելու, դիվանագետը հրապարակեց առաքելության կարծիքն այն մասին, թե իսկապես ժողովրդավարական ընտրությունների անցկացումը եւ հանրության աչքերում դրանց արդյունքների լեգիտիմությունը կախված են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակից:

Երեկվա ասուլիսում դիտորդական այս առաքելությունը, մատնանշելով ընտրական գործընթացներում առկա որոշակի բարելավումները, միաժամանակ դրանց գրեթե բոլորի վերաբերյալ լուրջ վերապահումներ արեց: Օրինակ՝ պատվիրակությունը մտահոգություն հայտնեց, որ ընտրական գործընթացի, այդ թվում՝ նաեւ ներկայացվող իրավական բողոքների եւ գանգատների գործընթացի անկողմնակալության նկատմամբ բավարար վստահություն չկա: «Ուստի մենք լրջորեն խորհուրդ ենք տալիս, որ իշխանությունները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, մասնավորապես՝ քվեարկության գաղտնիության, ձայների հաշվարկի եւ աղյուսակավորման գործընթացի թափանցիկության մասով»:

«Ընտրական օրենսգրքին» անդրադառնալով՝ Պրեսկոտն ասաց, թե այն երաշխավորում է ընտրական բոլոր հանձնաժողովների հավասարակշիռ կազմավորումը, բայցեւ հավելեց, որ «այդ հավասարակշռությունը արտացոլված չէ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավար եռյակների կազմում»: «Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այդ անհավասարակշռությունը չի կրկնվի նաեւ տեղամասային հանձնաժողովների մակարդակով»,- հայտարարեց դիվանագետը:

Պատվիրակության ղեկավարը ժողովրդավարական ընտրությունների անցկացման համատեքստում կարեւորեց հավասար հնարավորությունների եւ պայմանների ապահովումը բոլոր թեկնածուների համար, ընդ որում, նրա ձեւակերպմամբ՝ «ոչ միայն, այլ նաեւ ընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի ընթացքում»: Այդ առումով դիվանագետը շեշտեց, որ իրենց տպավորությամբ, ինչն, ի դեպ, հաստատվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում, «նախքան պաշտոնական քարոզչության օրենքով սահմանված ժամկետի մեկնարկը՝ եղել է որոշակի անհավասարակշիռ լուսաբանում»: «Պատվիրակությունը ափսոսանքով է հայտնում, որ ԶԼՄ-ներով լուսաբանումը ակնհայտորեն անհավասարակշիռ է եղել հեռարձակվող ԶԼՄ-ների մեծ մասում, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ, պաշտոնական քարոզչության ընթացքում»: Ըստ նրա, գիտակցելով եւ ընդունելով հանդերձ, որ գործող վարչապետի պաշտոնավարումը եւ թեկնածու լինելու որոշումը օրինական է, այդուամենայնիվ, «դա կառավարության վրա լրացուցիչ պարտավորություն է դնում՝ խուսափելու այնպիսի տպավորություն թողնելուց, թե վարչական ռեսուրսը չարաշահվում է որեւէ կոնկրետ թեկնածուի օգտին կամ՝ դեմ»:

Պատվիրակությունը ողջունեց, որ մինչ այժմ քարոզչությունը տեղի է ունենում բաց եւ խոչընդոտներից զերծ միջավայրում, բայցեւ ի գիտություն է ընդունել որոշ թեկնածուների հայտարարությունները, որ նրանք խոչընդոտներ են ունեցել որոշ շրջաններում նախընտրական շտաբների համար տարածք ձեռք բերելու հարցում: Պրեսկոտը վստահություն հայտնեց, որ իշխանությունները կանդրադառնան պատվիրակությանը մտահոգող խնդիրներին եւ կշարունակեն ջանքեր գործադրել ողջ հայ ժողովրդի վստահությունը վայելող լիովին ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել