Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՉ ՆՈՐՄԱԼ ՏԵԽՆԻԿԱ, ՈՉ ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆ»

Փետրվար 01,2008 00:00

\"\"Այս կարծիքին է դերասան Խորեն Լեւոնյանը հայաստանյան կինոշուկայի մասին

Վերջերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացրած Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (ռեժիսոր՝ Րաֆֆի Գրիգորյան) պիեսի ավարտին մասնագետների զրույցի առանցքում էր երիտասարդ դերասան Խորեն Լեւոնյանը: Թատերարվեստի որոշ ներկայացուցիչներ «Առավոտի» հետ զրույցում հիմնավորելով, որ դերասանի տեղը, այնուամենայնիվ, թատրոնն է, փաստել էին Խ. Լեւոնյանի բեմական կեցվածքն ու դերասանի գենետիկ ցայտուն արտահայտչամիջոցները, իրենց մտահոգությունը հայտնելով երիտասարդ արվեստագետի՝ մինչ օրս որեւէ թատրոնի չանդամագրվելու կապակցությամբ: Ըստ մեր զրուցակիցների, դերասանի խաղը ֆիլմերում արդեն ստեղծել է Խորեն Լեւոնյանի կարծրատիպը: Մասնագետները նշեցին նաեւ, որ 1950-ական թվականներին արեւմտյան գրականության մեջ եւ դրամատուրգիայում (Ջոն Օսբորն, Կոբո Աբե, Ջոն Սթայնբեգ, Սելինջեր եւ այլք) ձեւավորված զայրացած երիտասարդ մարդու թեման ու կերպարը մեր օրերում բոլորովին այլ դրամատուրգների գործերում ներկայացնում է Խորեն Լեւոնյանը:

Հիշեցնենք, որ Խորեն Լեւոնյանը հանդես է եկել Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»-ում (ռեժիսոր՝ Դ. Հարությունյան), նկարահանվել «Մի վախեցիր» (ռեժիսոր՝ Ա. Շահբազյան), «Ոչինչ չի մնա» (ռեժիսոր՝ Հ. Քեշիշյան) եւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (ռեժիսոր՝ Գ. Կիրակոսյան) ֆիլմերում:

«Իհարկե, կգա մի ժամանակ, որ գուցե պայմանագրով կաշխատեմ որեւէ թատրոնում, իսկ այսօր իմ սերնդակից դերասանների, ռեժիսորների, երաժիշտների հետ կազմել ենք թիմ, որը, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ղեկավարությամբ, ստեղծագործում է: Կան շնորհալի դերասաններ, ովքեր այս կամ այն թատրոնում տարիներ շարունակ ընդգրկված էին միայն մասսայական տեսարաններում: Ինձ ճիշտ հասկացեք. թատրոնում երկրորդական դերեր կամ, ինչպես ընդունված է ասել՝ երկրորդ պլանի դերեր, չկան: Բայց եթե այս խումբը չլիներ, համոզված եմ, կուլիսներում կմնային իմ սերնդակից շատ դերասաններ, այդ թվում՝ Նազենի Հովհաննիսյանը, Արմեն Մարգարյանը, Մարջիկ Ավետիսյանը, Արման Նավասարդյանը եւ այլք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Խ. Լեւոնյանը: Ինչ վերաբերում է մասնագետների այն կարծիքին, թե իրենով ստեղծվում է Խ. Լեւոնյանի կարծրատիպը, դերասանը զարմացավ, հավաստիացնելով, որ լրիվ հակառակն է լսել. «ասում են՝ ոչ մի տեղ չես կրկնվում»: Նա հետո էլ հավելեց, թե հավանաբար դեմքի իր արտահայտությունն է նման խաբուսիկ կարծիք ստեղծում: Խոսելով իր առաջիկա պլաններից, Խ. Լեւոնյանը հայտնեց, որ 2-3 ֆիլմի առաջարկ ունի, սակայն դրանք բանակցային փուլում են. «Հրավերներ ունեմ նաեւ արտերկրից, օրինակ, ռուս հայտնի ռեժիսոր Պավել Լունգինը դիտելով «Մի վախեցիր» 5 մասանի ֆիլմի հայերեն տարբերակը, գովեստի շռայլ խոսքեր է ասել, որին հետեւել է ինձ՝ Մոսկվա հրավիրելու առաջարկը: Այսօր չեմ կարող ասել՝ կգնա՞մ, թե՝ ոչ…»: Դիտարկմանը, թե նշելով «Մի վախեցիրի» առիթով ռեժիսոր Լունգինի հիացմունքը, այնուամենայնիվ, փաստենք, որ մեզ մոտ կինոարտադրության մակարդակը շատ ցածր է, անգամ մասնագետները վերջերս նկարահանած գոնե 1 ֆիլմ չկարողացան ընտրել ՀՀ նախագահի պետական մրցանակին արժանացնելու համար, Խ. Լեւոնյանն ասաց. «Կոնկրետ ռուս անվանի ռեժիսորի խոսքը «Մի վախեցիրի» մասին՝ գոնե ինձ համար չափանիշ է: Ինչ վերաբերում է բարձրակարգ ֆիլմերի արտադրությանը, Հայաստանում նորմալ տեխնիկա եւ կինոդերասան չկա, թող ոչ մի արվեստագետ չվիրավորվի ասածիցս: Իհարկե, ցանկացած մրցանակ ստանալը շոյում է արվեստագետին, բայց դա չի նշանակում, որ մենք ճգնում ենք՝ ինչ է թե այս կամ այն մրցանակը ստանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել