Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայն բեր՝ հարկերից ազատվիր

Փետրվար 01,2008 00:00

Գյումրիի հարկային տեսչությունը քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հրահանգում է հարկայինին ներկայացվող

հաշվետվության հետ մեկտեղ պարտադիր ներկայացնել ընտրողների ցանկ՝ հօգուտ իշխանական թեկնածուի:

Ու որպեսզի ամեն ինչ ավելի ստույգ լինի՝ գործարարների մտքով հանկարծ չանցնի հարկայինի պետին «ֆռռացնել», մտացածին անուն-ազգանուններ բերել, հարկայինի պաշտոնյաները պահանջում են իրենց իսկ կողմից բաժանված բլանկների տակ հստակ նշել ընտրողի անուն-ազգանուն–հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային տվյալները, աշխատանքի վայրը, ընտրատարածքի եւ ընտրատեղամասի համարը, ընտրացուցակում ընտրողի համարը եւ վերջում ստորագրությունը: Իսկ բլանկը, որքան էլ զավեշտալի թվա, վերնագրված է՝ «ՀՀ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչություն. 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ապահովելիք ձայներ (թվեր)»: Բնականաբար, այնտեղ գործարարը եւս պարտավորվում է հայտնել իր անձնական տվյալները:

Երեկ հարկայինի բաժանած բլանկը ձեռքին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ներկայացավ Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ երկու շաբաթ է՝ գործարարները բողոքով դիմում են իրենց նախընտրական շտաբ: Նրանք դժգոհում են, որ հարկայինը իրենց հետ պայման է կապում՝ առնվազն քսան հոգու անուն-ազգանուն ապահովելու դեպքում անմիջապես, առանց ավելորդ քաշքշոցի ընդունել գործարարի ներկայացրած հաշվետվությունը: Իսկ նախանշած քանակից ավելի շատ ձայներ ապահովելու դեպքում թույլ կտան աշխատել պարզեցված հարկով: «Շուրջ երկու շաբաթ Գյումրու մեր գրասենյակում կար ինֆորմացիա, որ դպրոցներում, բուհերում, բյուջետային մի շարք հիմնարկներում աշխատակիցներին պարտադրողաբար բաժանվում են ցուցակներ, որպեսզի լրացնեն եւ բերեն, ով քանի ձայն կարող է ապահովել իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Բնականաբար, ես հետաքրքրվեցի, թե ի՞նչ սկզբունքով է այս ամենը տեղի ունենում, պատասխանը հետեւյալն է. հստակ ներկայացնում են տվյալ ընտրողի բնակության վայրի հասցեի, ըստ ընտրատեղամասի եւ ցուցակի համարի, դրանից հետո ընտրության օրը մոտենում են քեզ, տրամադրում են տրանսպորտ, եւ խիստ հսկողության տակ դուք ցուցակագրվածներին բերում եք ընտրության: Չենթարկվելու դեպքում սպառնում են աշխատակիցներին ազատել աշխատանքից, հիմա բոլոր դպրոցի տնօրեններին հրահանգ է եկել, նրանք էլ ստիպված հրահանգ են տալիս ուսուցիչներին, պատկերացրեք՝ ի՞նչ է կատարվում, վերջիններս էլ իրենց հերթին խնդրանքով դիմում են իրենց հարազատներին: Մարդն ասում է՝ դրած է իմ աշխատանքի՝ ապրել-չապրելու խնդիրը: Սրա՞նք են առանց ճնշումների, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների հավաստիացումները»,- ասում է Հովհաննես Մարգարյանը՝ վստահեցնելով, որ իրեն որոշակի դժգոհություններ են հասել նաեւ Գյումրիի մտավորականներից: Պատգամավորի պատմելով՝ պետական աշխատանքի մեջ գտնվող մտավորականներից սկսել են հարկադրաբար հավաքել նրանց անձնագրերը՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ վերադարձնելու պայմանով, ընդ որում՝ արդեն իսկ կնքված վիճակում: «Եթե կնիքը խփեցին, բնականաբար, նրանք այլեւս չեն կարողանա մասնակցել ընտրություններին, պարզ է, որ իշխանությունները այս քայլին դիմում են վախից դրդված, որովհետեւ հոյակապ գիտեն, որ ով–ով, բայց մտավորականը ձայն կտա խղճի մտոք»:

Իմիջիայլոց, տեղեկացնենք, որ հարկայինում «մարդաորս կատարելու» շատ խիստ պահանջ դրված է նաեւ տեսուչների վրա. նրանցից յուրաքանչյուրին պարտադրված է ապահովել 200 ձայն Սերժ Սարգսյանի օգտին: Սակայն, ինչպես անկեղծանում են նրանցից ոմանք. «Ոստիկանության ինտերնետային սայթը կմտնիս, ինչ որ պետք է կգողնաս, կլրացնես ու կպրծնիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել