Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ

Փետրվար 01,2008 00:00

Մենք եկել-հասել ենք վերջին կետին, որտեղից այն կողմ անդունդն է սկսվում

Այս քաղաքում, դեռ ջերմ ու դեռ հարազատ, ընկեր ու ծանոթ զգուշացնում են իրար՝ «Զգույշ եղեք……Նրանք ամեն ինչի ընդունակ են»: Եվ անմիջապես զզվանքն ու թախիծը սկսում են խեղդել քեզ: Որովհետեւ դա նորմալ չէ: Մենք չենք ուզում «զգույշ» լինել՝ բարձրաձայն չասելով այն, ինչ մտածում ենք: Չենք ուզում տեսնել, թե ինչպես են մեր զրուցակիցները մերթընդմերթ շրջվում, համոզվելու համար՝ ականջ չե՞ն դնում մեզ արդյոք։ Մենք սովոր ենք բացահայտ խոսել այն ամենի մասին, ինչը մեզ անհանգստացնում է: Իսկ անհանգստացնում է առաջին հերթին այն, որ թույլ է տրվել կոպիտ վրիպում՝ մեր երկրի իշխանության ղեկի մոտ հայտնվել է մի մարդ, որը, պարզվեց, բարդույթներ ունի, խորապես տգետ է եւ չի հասկանում մեր երկիրը: Եթե սա լիներ ամբողջը՝ դեռ կարելի էր երեւի դիմանալ: Բայց անցած տարիների ընթացքում այդ մարդը չկարողացավ ըմբռնել, որ սա հեռու ընկած այն փոքրիկ մարզը չէ, ուր մինչ այդ ինքը գործում էր համաձայն սովետական կաղապարների՝ փոքրուց սովորածը կոփած-ամրապնդած լինելով կոմերիտա-կուսակցական կարիերայի աստիճաններով բարձրանալիս: Իր անտաղանդ զուգընկերոջ՝ Ս.Ս.-ի հետ միասին, սույն անձնավորությունը նաեւ չկարողացավ ըմբռնել, որ գործ ունի իրեն ոչ հասու մշակույթի, ավանդույթների եւ բարոյականության հետ։ Այդ երկուսը ի զորու չեղան հասկանալու, որ իրենց վարքով՝ իբրեւ թե «ժամանակակից», «անկաշկանդ» ու «աշխարհիկ», իրենք վարկաբեկում են թե՛ մեր երկիրը, թե՛ այն աննման երկրամասը, որտեղից ժամանել են՝ իշխելու մեզ վրա։ Չհասկացան, որ իրենց այլանդակ ագահությամբ ի չիք են դարձնում այդ երկրամասի հանդեպ սուրբ զգացումը, որով համակված, մեր ժողովուրդը դիմացավ «ցրտի ու մթի տարիներին»՝ հանուն հենց այդ երկրամասի ազատության:

Այդ երկուսը մինչեւ այսօր գլխի չեն ընկել, որ տարիների ընթացքում վերածվելով գրոտեսկային հակահերոսների, իրենք ատելի են մեզ, իրենք մեզ օտար են: Գլխի չեն ընկել, որ մենք իրենց մինչեւ ուղն ու ծուծը ճանաչում ենք արդեն: Ինքնավստահ երեւալու ջղաձիգ փորձերով նրանք նմանվում են գավառից հյուրախաղերի եկած խաբեբաների եւ մեր մեջ զզվանք են առաջացնում: Հայտնի՞ է, արդյոք, այդ երկուսին, որ ժողովուրդը նրանց նմանեցնում է աղբյուրի ակը փակած եւ ամեն օր մի նոր զոհ պահանջող վիշապների: Հայտնի՞ է, արդյոք, որ քիչ թե շատ հայտնի ամեն քաղաքական գործչի մահ անմիջապես կապվում է իրենց անվան հետ: Իսկ մահեր, եթե հիշում եք, շատ են եղել: Եվ դատապարտվածության տանջալի զգացումին, որ վերջին տարիների համախտանիշն էր, փոխարինելու է գալիս ժողովրդի վճռականությունը՝ պահանջելու, որ այս զույգը փասափուսան հավաքի ու հեռանա մեր երկրից: Որովհետեւ, եթե դեռ երեկ մենք չէինք ուզում հրապարակայնորեն արտահայտել մեր դժգոհությունը Ղարաբաղի երբեմնի նախագահից՝ մեր սրտին անչափ թանկ Ղարաբաղը հարվածի տակ չդնելու համար, ապա այսօր արդեն վտանգի տակ է Հայաստանն ինքը:

Մենք եկել-հասել ենք վերջին կետին, որտեղից այն կողմ անդունդն է սկսվում: Երկրում աննախադեպ թշվառություն է։ Մենք կորցնում ենք կյանքի որակը։ Եթե միացնում ենք հեռուստացույցը՝ մեզ վրա է հարձակվում հավակնոտ տափակությունը: Սուտը, գռեհկությունը, տգիտությունն ու գողությունը տերուտիրական են դարձել մեր տանը։ Բայց ինչպե՞ս պատահեց, որ մենք հանդուրժեցինք այս ամենը։ Հանուն ինչի՞։ Մի՞թե այս վիճակն անվերջ շարունակվելու է։ Որտե՞ղ է, ո՞ւր մնաց այն բարձր նպատակը, որ արդարացնում էր զրկանքները։ Այդ նպատակն արդեն չկա, արհամարհանքով շրջելով դեմքը՝ այն հեռացավ մեզանից։ Որովհետեւ մենք հանդուրժեցինք ամեն ինչ՝ թե՛ հոկտեմբերի 27-ի սպանդը խորհրդարանում, թե՛ անմեղ մարդու անպատիժ մնացած սպանությունը «Առագաստ» սրճարանում, թե՛ «Ա1+»-ի փակումը, թե՛ անպատկառորեն կեղծված ընտրությունները, թե՛ անհանդուրժելի շատ այլ բաներ։ Հանդուրժեցինք նույնիսկ նախագահ Ռ. Ք.-ի անամոթ կատակը հեռուստախցիկի առջեւ՝ վատ պարողների մասին, հանդուրժեցինք, երբ նա լկտիորեն հարցրեց՝ կա՞ տղամարդ այս երկրում, եթե կա՝ թող մոտ գա… Թույլ տվեցինք, որ փողոցային խուժանի բառապաշարը սկսի գործածվել պետական մակարդակով։ Նման բան մեր երկրում երբեք չէր եղել: Չի կարելի այլեւս այս ամենը հանդուրժել: Միայն այն օրը, երբ հիշատակված երկու անձինք թողնեն ու հեռանան Հայաստանից, մեր ժողովուրդը կկարողանա հանգիստ շունչ քաշել: Եվ դասեր քաղելով վերջին ամոթալի տարիներից, կկարողանա վերստին գտնել արժանապատիվ կյանքի ճանապարհը: Պարոններ, որ կոչում եք ձեզ Հայաստանի նախագահ ու վարչապետ, այսօրվանից դուք մեզ համար անցանկալի անձինք եք՝ persona non grata: Ձեր գործողությունների ոչ սահմանադրական լինելն ավելի քան ակնհայտ է: Մենք հանդուրժեցինք ձեզ ավելի երկար, քան պետք էր։ Իսկ հիմա ասում ենք՝ դո՛ւրս մեր երկրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել