Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը
Եթե նախկինում հայերը ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալու համար նախ ժետոն էին գնում եւ նոր մտնում դեսպանատուն՝ հարցազրույցի, ապա հիմա ԱՄՆ դեսպանատունը դրա համար բոլորովին այլ կարգ է սահմանում: Այսուհետեւ այդ գործընթացը կատարվելու է ինտերնետով: Դիմորդները պետք է $131 մուծեն «Հայէկոնոմբանկում», այցելեն դեսպանատան կայքէջն ու գրանցվեն որպես դիմորդ: Երեկ հյուպատոսական ծառայողների միջազգային տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանատանը կազմակերպած շրջայցի ժամանակ այս մասին հայտնեց ԱՄՆ-ի հյուպատոս Ռոբին Բուսենը: Նշենք, որ դեսպանատան սահմանած այդ նոր կարգը, փաստորեն, որոշակի խնդիրներ կստեղծի ինտերնետից հեռու մարդկանց համար: Օրինակ, տատիկ-պապիկները, որոնք համակարգչից ընդհանրապես գլուխ չեն հանում, ԱՄՆ մեկնելու համար մեծ դժվարություններ կունենան:
Մի քանի տարի առաջ ԱՄՆ դեսպանատան մոտ մշտապես ԱՄՆ մեկնել ցանկացողների մեծ հերթեր էին գոյանում: Դեսպանատունը 30-40 դիմորդից հազիվ մեկին էր արտոնագիր տալիս, ընդ որում՝ դիմորդները ստիպված էին լինում ամիսներով սպասել դեսպանատան հրավերին: Ռոբին Բուսենը հայտնեց, որ այժմ համեմատաբար քիչ են դիմում դեսպանատուն, այդ պատճառով էլ մուտքի վիզա ստանալն առավել հեշտացել է. եթե այսօր որեւէ մեկը վճարումները կատարի եւ գրանցվի կայքէջում, ապա վաղն արդեն նրան կհրավիրեն հարցազրույցի, եթե նույնիսկ դիմորդները շատ լինեն՝ հարցազրույցի օրը կհետաձգվի առավելագույնը մի քանի շաբաթով, բայց ոչ ամիսներով:
Դեսպանատուն մտնելը լրագրողների համար էլ բավականին բարդ գործընթաց էր, որովհետեւ բոլորին ոտքից գլուխ ստուգում էին: Պարոն Բուսենն ասաց, որ այդ ստուգումներից մեզ վատ չզգանք, որովհետեւ սեպտեմբերի 11-ից հետո դեսպանատան անվտանգության կանոնները խստացվել են: Այդ իրադարձությունից հետո խստացվել են նաեւ վիզայի տրամադրման մեխանիզմները՝ ավելացվել են մի քանի կետեր, որոնք նպաստում են ե՛ւ դիմողի, ե՛ւ ԱՄՆ-ի անվտանգության պահպանմանը:
Հյուպատոսի խոսքերով՝ մեր քաղաքացիները շատ են փաստաթղթեր կեղծում: Լինում են դեպքեր, երբ դեսպանատունը ստիպված է լինում դիմել ոստիկանության օգնությանը: Իսկ ավելի թեթեւ անճշտություններ հայերի փաստաթղթերում դեսպանատան աշխատակիցները գտնում են ամեն օր: Դրա հիմնական պատճառն այն է, որ փաստաթղթերը լրացնելիս մարդիկ դիմում են միջնորդի օգնությանը, ուստի դեսպանատանը խորհուրդ են տալիս բոլոր փաստաթղթերը լրացնել ինքնուրույն: Երբեմն մարդիկ վիզայի համար լրացվող փաստաթղթում գրում են այն հասցեն, որտեղ գրացված են, մինչդեռ դեսպանատան աշխատակիցները գտնում են, որ պետք է գրել այն հասցեն, որտեղ մշտապես բնակվում են: Հայերը շատ հաճախ սխալ են պատասխանում վիզայի փաստաթղթերի 37-րդ հարցին, այն է՝ ԱՄՆ-ում բարեկամներ ունե՞ք, թե՞ ոչ: «Հիմնականում մարդիկ գրում են՝ ոչ, սակայն մենք գրեթե միշտ էլ կարողանում ենք պարզել, որ այդ բարեկամները կան: Ամենալավ քաղաքականությունն անկեղծությունն է, իսկ երբ խաբեության դեպքեր են լինում՝ ձեռք բերված վստահությունն ընկնում է ջուրը»,- ասաց հյուպատոսը:
Կա եւս մի խորամանկություն, որին հայերը դիմում են՝ կարծելով, թե այդպես մուտքի արտոնագիրն ավելի հեշտ կստանան. օրինակ, անկախ իրենց մտադրություններից, դեսպանատանն ասում են, որ ԱՄՆ ցանկանում են մեկնել ժամանակավոր եւ մեկ-երկու ամսից անպայման հետ են գալու, գնում են շրջագայության, հարսանիքին քավորություն անելու եւ այլն: Մինչդեռ հյուպատոսը նկատեց, որ ԱՄՆ մշտական բնակության մեկնողներին ավելի քիչ են մերժում, քանի որ դրա համար ավելի լուրջ պատճառներ են պահանջվում: Իսկ ընդհանրապես, ըստ պարոն Բուսենի, վիզա ստանալու կախարդական բանաձեւ չկա, պարզապես պետք է անկեղծ լինել եւ փաստաթղթերում պրոբլեմներ չունենալ:
«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է դեսպանատունը հաճախ մերժում սպորտային կամ այլ խմբերին՝ դրանով խոչընդոտելով Հայաստանի սպորտի եւ մշակույթի զարգացմանը, հյուպատոսը պատասխանեց. «Որովհետեւ այդպիսի խմբակների հետ հաճախ մեկնում են խմբի հիմնական կազմում տեղ չգտած մարդիկ»: