Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

Փետրվար 01,2008 00:00

\"\"ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ փետրվարի 19-ին կլինեն «որակյալ» ընտրություններ:

– Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում արդեն երկրորդ անգամ եք մասնակցում որպես խորհրդարանական պատվիրակության անդամ, ներկայացրեք այն, ինչն ավելի եք կարեւորել եւ ավելի էր առնչվում հայաստանյան խնդիրներին:

– Մեր մասնակցությունը բավականին ակտիվ է, եւ բոլորս մեր ելույթներով եւ բարձրացրած խնդիրներով փորձում ենք մասնակցել գրեթե բոլոր հարցերի քննարկումներին: Գիտեք, ուղղակի Հայաստանին վերաբերող հարց այս նստաշրջանում չկար, սակայն ես այն կարծիքին եմ եւ բազմիցս ասել եմ, որ մեր պատվիրակությունը միայն Հայաստանին վերաբերող հարցերով չպետք է սահմանափակվի, պետք է քննարկել համաեվրոպական հարցերը, դրանով իսկ ինտեգրվել թե ԵԽԽՎ աշխատանքներին եւ թե, ընդհանրապես, համաեվրոպական գործընթացներին: Մենք բավականին ակտիվ էինք՝ սկսած Կոսովոյից մինչեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Ուզում եմ նշել, որ հաջողվեց լուծել մի շարք կազմակերպչական հարցեր, մեր պատվիրակության չորս անդամներ ընդգրկված են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում՝ Դավիթ Հարությունյան, Ավետ Ադոնց, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Արմեն Ռուստամյան: Նկատի ունեցեք, որ ԵԽԽՎ 47 անդամ երկրներից միայն 3-4 պատվիրակություն մոնիտորինգի հանձնաժողովում ունեն այդքան թվով անդամներ: Հաշվի առնելով, որ մեր երկիրը գտնվում է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի տակ, անդամների քանակը, իհարկե, եւս շատ կարեւոր է: Ես եւ ԲՀԿ-ի մյուս ներկայացուցիչը՝ Վահե Հովհաննիսյանը, անդամակցեցինք լիբերալ-դեմոկրատների խմբակցությանը: Ուզում եմ նշել, որ Հայաստանում կատարվող բարեփոխումները շատ բարձր են գնահատվում թե՛ Եվրոպայի Խորհրդի, թե՛ Եվրոպայի միության կողմից: Երկու կառույցների կարծիքներն էլ մեզ համար շատ կարեւոր են. Եվրամիության հետ մենք համագործակցում ենք, Եվրոպայի Խորհրդին անդամակցում ենք որպես լիարժեք անդամ եւ կարող ենք ազդել, արտահայտվել, մեր կարծիքը հայտնել, պաշտպանվել կամ պաշտպանել այլ կարծիք: Վերջերս Եվրախորհրդարանը ընդունեց զեկույց Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի մասին, հանդես եկավ համապատասխան եզրակացությամբ: Եվրամիութան ակնկալիքները մեր երկրից բավականին բարձր են՝ ընդհանրապես, եւ նախագահական ընտրությունների հետ կապված՝ մասնավորապես: Չմոռանանք, որ Եվրոպական խորհրդարանը եւս պետք է դիտորդական առաքելություն ուղարկի, մենք նրանց հրավերն արդեն ուղարկել ենք:

– Գաղտնիք չէ, որ եվրոպական կառույցները բավականին մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանում նախագահական ընտրություններին, այս թեմայի շուրջ եղե՞լ են կոնկրետ հանդիպումներ եւ խոսակցություններ: Ի՞նչ են եվրոպացիք ակնկալում մեզնից:

– Ե՛վ Ստրասբուրգում, ե՛ւ արդեն Երեւանում հանդիպեցինք ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Պրեսկոտի հետ, եղան նաեւ այլ հանդիպումներ: Բոլորն էլ ակնկալում են, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կլինեն որակյալ: Միանշանակ, պահանջը եւ ակնկալիքներն այն են, որ մեր ընտրությունները կլինեն որակյալ: Մենք դա շատ լավ հասկանում ենք: Երբ ասում եմ մենք՝ նկատի ունեմ եւ այն կուսակցությունը, որ ինքս եմ ներկայացնում՝ «Բարգավաճ Հայաստանը», եւ «Հանրապետականը»։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե որքան կարեւոր են որակյալ ընտրությունները Հայաստանի հետագա զարգացման համար:

– Որակյալ ասելով ի՞նչ նկատի ունեք:

– Որակյալ ասելով նկատի ունեմ՝ արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Այսպիսի ընտրությունների անցկացումը շատ կարեւոր է ե՛ւ Հայաստանի հետագա զարգացման, ե՛ւ արտաքին իմիջի համար, ուստի բոլորս պետք է ձգտենք դրան: Եթե լինեն անորակ ընտրություններ (իսկ ես դրա մասին մտածել անգամ չեմ ուզում), չգիտեմ, թե որքանով մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին: Ամեն ինչ պիտի արվի, որ այս ընտրություններն անցնեն որակյալ. այլընտրանք պարզապես չկա: Այսօր այս դժվար տարածաշրջանում գտնվող մեր երկրի համար որակյալ ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի, մենք պատրաստ ենք դրան եւ ամեն ինչ արվելու է ընտրությունները ազատ եւ նորմալ անցկացնելու համար: Այսօր կան բոլոր նախադրյալները նման ընտրություն անցկացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել