Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչից շնորհակա՞լ չեն

Փետրվար 01,2008 00:00

Թեեւ առաջինը նա «Ժառանգությանը» զգուշացրեց Սեւանում իրենց ընտրական հանձնաժողովների տեղերի վաճառքի մասին:

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել՝ հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար: Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե ամենուրեք արժանի հակահարված են ստացել կաշառքի ամեն տեսակի առաջարկները, սպառնալիքները, հակաօրինական մյուս գործողությունները: Սակայն ափսոսանքով արձանագրում ենք, որ 41 ընտրատարածքներից մեկում իշխանական թեկնածուի համախոհներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց անբարո նպատակին: Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Առնակ Սահակյանը, տակավին չպարզված հանգամանքներում, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ է նշանակել կուսակցության հետ չհամաձայնեցված անձանց»: Հաշվի առնելով այն, որ կուսակցությունից արդեն հեռացված Առնակ Սահակյանի «արատավոր արարքի հետեւանքով էապես նվազել է թիվ 23 ընտրատարածքում (Սեւան, Ճամբարակ, Վարդենիս) ընտրությունների օրինականության վերահսկման եւ արդարության ապահովման հնարավորությունը, «Ժառանգությունը» պատրաստ է իր կուսանդամներին տրամադրել՝ հանդես գալու որպես նշված ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք»:

Երեկ «Փաստարկ» ակումբում ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով այս միջադեպին՝ նշեց, թե անշուշտ չկա որեւէ մեխանիզմ 100 տոկոսով որոշելու որեւէ մարդու ազնվությունը. «Եվ պետք է շնորհակալության խոսքով հանդես գամ այն մարդկանց հասցեին, որոնք մեզ ուղղակի տվեցին այդ տեղեկատվությունը, թե ինչ է տեղի ունեցել 23-րդ ընտրատարածքում»:

«Առավոտի» հարցին՝ ասվածը վերաբերո՞ւմ է նաեւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, որը դեռ անցած շաբաթ էր ահազանգել Սեւանում «Ժառանգության» տեղերի վաճառքի մասին՝ արժանանալով կուսակցության գործիչների հերքումներին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ես շնորհակալություն ասում եմ ոչ միայն նրանց, ովքեր տեղեկացրել են (հայտնեց, թե ուղղորդող տվյալներ են տվել իրենց համար շատ վստահելի անձինք.- Ա.Ի.), այլեւ ովքեր տեղեկացրել են բարի նպատակներով: Այնինչ, ցավում եմ, բայց ձեր ասած անձնավորությունը դա ասել է որպես «Ժառանգության» ձեռքով եւ համաձայնությամբ արված բան: Շատ մեծ տարբերություն կա: «Ժառանգությունը» կանխում եւ կանխելու է այսպիսի դեպքերը»:

Հ. Գ. Լարիսա Ալավերդյանը նաեւ քննադատեց ընտրարշավը, նշելով, թե այն առանձնանում է քաղաքական մշակույթի պակասով եւ «գավառական ու էթիկական որեւէ չափանիշի չհամապատասխանող» է. «Ասածս վերաբերում է ընդհանուր մթնոլորտին: Միաժամանակ՝ դրական եմ համարում, որ կան այնպիսի թեկնածուներ, որոնք ի հեճուկս այս ամենի՝ փորձ են անում ներդնել նոր մշակույթ: Ասածս վերաբերում է Արման Մելիքյանին, Վազգեն Մանուկյանին եւ վերին աստիճանի մասամբ՝ Վահան Հովհաննիսյանին ու Արթուր Բաղդասարյանին: Մնացածների քարոզարշավը համարում եմ, որ գտնվում է շատ հեռու նախընտրական արշավի մշակույթից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել