Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՌՆԱՍ ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻԴ ՏԵՐԸ ԼԻՆԵՍ»

Փետրվար 01,2008 00:00

Դավիթաշենում այսպիսի մաղթանք հնչեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ: Աջափնյակի Շինարարների փողոցի հրապարակում դեռ կեսօրից մարդիկ էին հավաքվում, էստրադայի աստղերը «երգում» էին, իրականում՝ ուղղակի բեմի վրա գնում-գալիս էին, իսկ հնչում էր ձայնագրված երգը: Ասում են, լավ էլ հոնորար են ստանում դրա համար: Բայց դա չէ կարեւորը, այլ այն, որ երիտասարդները ուրախանում էին, պարում, իրենց սիրած երգիչներին էին փնտրում: Աջափնյակ համայնքում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, նրա որդին՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Հարութ Փամբուկյանը ակնհայտորեն լավ էին աշխատել, քանի որ Աջափնյակը ուղղակի ծփում էր դրոշներից, մարդկանց հոծ բազմությունից եւ տոնական տրամադրությունից: ՀՀԿ-ական նախագահի թեկնածուին դիմավորելու էին դուրս եկել թոշակառուները, աշակերտները, մանկավարժները, հանրապետականները եւ անկուսակցականները, մի խոսքով՝ ամեն ինչ լավ էր կազմակերպված: Գրեթե բոլորի ձեռքերին ցուցապաստառներ կային՝ «Աջափնյակի թեկնածուն Սերժ Սարգսյանն է», «Սերժ Սարգսյան, բարի առաքելություն Հայաստան աշխարհում», «Հզոր Հայաստանի երաշխավորը Սերժ Սարգսյանն է», «Սերժ Սարգսյանը՝ գարդմանահայության թեկնածու», «Հաղթեցիր մարտում, կհաղթես նաեւ այս պայքարում», «Սասունցի Դավիթ» ջոկատը Սերժ Սարգսյանի հետ է» եւ այլն: Նույնպիսի ակտիվ եւ բազմամարդ էր նաեւ Դավիթաշենում, այստեղ եւս ջանք չէին խնայել նախագահի թեկնածուին հավուր պատշաճի դիմավորելու համար. ե՛ւ «աստղերի» համերգը կար, ե՛ւ դրոշներն ու մարդիկ էին շա՜տ-շատ:

Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը

Ասաց, որ, ցավոք, այս ընտրարշավը որոշ թեկնածուների համար դարձել է ուրիշներին սեւացնելու, պախարակելու մրցարշավ: Եվ որպես ասվածի ապացույց՝ երկու օրինակ ներկայացրեց. «Թեկնածուներից մեկը տարածում է լուրեր, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, ապա հանրապետության բոլոր պաշտոնյաները լինելու են ղարաբաղցի: Դա ցնդաբանություն է. որտեղ էլ աշխատել եմ, ես մարդկանց ընտրել եմ՝ հաշվի առնելով նրանց գիտելիքները եւ մարդկային որակները»: Ասաց, որ կառավարությունում եւ նրան կից մարմիններում իրենից եւ Հարկային ծառայության պետից բացի՝ այլ ղարաբաղցիներ չկան: Հաջորդ օրինակը. «Տեսե՞լ եք, թե ինչպես է թեկնածուներից մեկը կոկորդիլոսի արցունքներ թափում եւ ասում, որ մեր թոշակառուները շատ վատ վիճակի մեջ են, հաշմանդամները ընդհանրապես ապրելու հնարավորություն չունեն եւ այլն: Այդ ընթացքում նա օդ կրակեց թվեր, չմտածելով, որ մարդիկ կարող են համեմատել եւ տեսնել, որ սուտ է ասում, իսկ սուտասան մարդը ինչպե՞ս կարող է նախագահ դառնալ»: Նախագահի թեկնածուն նաեւ խոստացավ. «Եթե 2012 թվականին մենք չապրենք երկու անգամ ավելի լավ, ես պատրաստ եմ իմ անունը փոխել եւ դնել այն մարդու անունը, ով ավելին է խոստանում, բայց վստահ եմ, այդպիսի առիթ չի լինի, որովհետեւ ձեզնից որեւէ մեկը չի կարող ասել, թե ես երբեւէ անիրականանալի խոստումներ եմ տվել, ընդհակառակը՝ միշտ համոզված եմ եղել, միշտ հավատացել եմ այն գործին, ինչին ձեռնամուխ եմ եղել»: Նախագահի թեկնածուն խոստացավ. «Մենք հասնելու ենք բարգավաճ Հայաստանի, մենք հասնելու ենք բարեկեցիկ Հայաստանի, ավելի պաշտպանված Հայաստանի, մենք գնալու ենք դեպի մեր երազած Հայաստանը՝ այնպիսի ուղիղ կամրջով, ինչպիսին Դավիթաշենը եւ Արաբկիրը միացնող կամուրջն է, հենց դրա համար ենք մենք ասում՝ առաջ, Հայաստան»: Բոլոր հանդիպումների ժամանակ նախագահի թեկնածուն ասում էր հետեւյալ միտքը՝ «Վստահ եմ, երբ փետրվարի 19-ին քվեախցիկում կմնաք դուք եւ քվեաթերթիկը, ճիշտ ընտրություն եք կատարելու, դուք ընտրելու եք ոչ միայն մարդուն, այլեւ այն ճանապարհը, որով ուզում եք առաջ գնալ, դուք ընտրելու եք այն միջավայրը, որում ուզում եք ապրել, դուք ընտրելու եք այն ղեկավարին, որը կարող է ձեզ արժանապատվորեն ներկայացնել աշխարհի այլ երկրներում»:

Ինչ էին ասում ընտրողները

Աջափնյակի մի բնակչուհի շնչակտուր գալիս էր հրապարակ. «Դեռ չի՞ սկսվել, դեռ չի՞ սկսվել»,- հարցնում էր մարդկանց: Մոտեցա եւ փորձեցի պարզել թե ինչո՞ւ է այդքան անհանգիստ: Ասաց, որ ուզում է անձամբ տեսնել Սերժ Սարգսյանին: Հարցրի՝ ընտրելո՞ւ է, որ ուզում է տեսնել. «Իհարկե՝ ընտրելու եմ, ընտրելու եմ որպես լավ մարդ, որպես լավ ղեկավար, թոշակս բարձրացրել է, լավ բաներ շատ եմ տեսնում իրենից, իրենից բացի ո՞ւմ ընտրեմ»: Լաուրա Հակոբյանը Շահումյանի փախստականներից է, ՀՀ քաղաքացիություն ունի 89 թվականից:

Աջափնյակի գրադարաններից մեկի մի խումբ աշխատողներ՝ բավականին ճաշակով հագնված կանայք էին, հարցիս՝ իրենց զոռո՞վ են բերել հանդիպման, ուղղակի նեղացան. «Մեր տեսքին նայեք, մեզ հնարավո՞ր է զոռով մի բան պարտադրել, իհարկե, ինքներս ենք եկել, իսկ ինչո՞ւ չպիտի գայինք»: Այսպես խոսեցին, բայց իրենց անունները տիկնայք չուզեցին ասել: Հայրենական պատերազմի վետերան, երկրորդ խմբի հաշմանդամ Իսկանդար Աբազյանը մեզ հետ զրույցում ասաց. «Որոշեցի գալ, լսել՝ ի՞նչ է ասում, չէ, չեն պարտադրել, բայց՝ բացիկներ են բերել, զանգել են՝ ասել են էսինչ օրը հանդիպում է: Եկել եմ լսեմ, ի՞նչ է ասում, որովհետեւ դեռ ծրագիրը չունեմ, չեմ կողմնորոշվել, ժամանակ կա, բայց եղածներից ում ծրագիրը կարդացել եմ՝ ամենից շատ Վահան Հովհաննիսյանի ծրագիրն եմ հավանում»: Մխիթարյան Շուշիկը, ի տարբերություն բազմաթիվ քաղաքացիների, ովքեր իրենց նամակ-խնդրանքներն էին փոխանցում անձամբ վարչապետին, հրմշտոցի մեջ կարողացավ մոտենալ վարչապետին եւ ուղղակի սեղմել նրա ձեռքը: Մեր զարմանքին՝ եթե նամակ-խնդրանք չուներ, ինչո՞ւ մոտեցավ, տիկին Շուշիկն ասաց. «Ամենքը էս մարդուց մի բան խնդրում են, ես մոտեցա եւ իրեն ասացի՝ «բարով ղեկավարես: Շատ ուրախ ենք, իրա հետ ենք, դառնա նախագահ, խոստումների տերը լինի, մենք էլ առաջ գնանք»: Չգիտես ինչու, տիկին Շուշիկն անպայման ուզեց, որ իր հասցեն եւս գրենք, ահա այն. «Դավիթաշեն 1-ին թաղամաս, 7 շենք»: Եվ Շուշիկին, եւ նրա հարեւանուհի Հասմիկին հարցրի՝ իրենց զոռո՞վ են բերել հանդիպման. «Ոչ, շատ սիրով գալիս ենք, ի սրտե եւ մեծ հավատքով, մեծ սրտով»: Իսկ մի կին էլ կողքից հավելեց. «Հավատում ենք, որ մեր երկիրը խաղաղության մեջ կպահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել