Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԳՈՐՐԵՍ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

Հունվար 31,2008 00:00

\"\"Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,163 կգ) հանդես եկող IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, որը 2007 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ IBF-ի վարկանիշային ցուցակում 5-րդն է, փետրվարի 2-ին Ֆիլիպինների Կեբու Սիթի քաղաքի «Waterford Cebu Citi Hotel»-ում հանդիպելու է այդ երկիրը ներկայացնող Զեդ Գորրեսի հետ: Մենամարտի հաղթողը կդառնա գործող չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի պարտադիր մրցակիցը:

Ֆիլիպինցու հետ մենամարտից մի քանի օր առաջ Վիկն «Առավոտին» ասաց, որ իրեն անհրաժեշտ է միայն նոկաուտով հաղթանակ տանել: «Մարտը կայանալու է նրա հարազատ Ֆիլիպիններում: Հետեւաբար, չի կարելի բանը հասցնել մրցավարների որոշմանը: Դա շատ վտանգավոր է: Եթե անգամ ես մարտն ավարտեմ միավորների առավելությամբ, չեմ կարծում, թե մրցավարները հաղթանակներն ինձ կշնորհեն: Դրա համար ինձնից պահանջվում է նրան նոկաուտի ենթարկել: Կարծում եմ, Գորրեսը ռինգում շատ է տեղաշարժվելու, որպեսզի գործը հասցնի մրցավարների ձայներին: Հենց դա էլ հաշվի առնելով՝ իմ նախապատրաստական մարզումների ժամանակ հիմնական շեշտը դրված է եղել արագության վրա: Նա չի կարող այնքան արագ լինել, որքան ես»:

Սակայն կան մասնագետներ, որոնք Դարչինյան-Գորրես մենամարտում նախապատվությունը տալիս են ֆիլիպինցուն: Մասնավորապես, Ավստրալիայում «2006 թվականի լավագույն պրոումոթեր» եւ «Միստր բոքս» տիտղոսների տիրակալ Պիտեր Մաթյասը վստահ է, որ Գորրեսը կհաղթի աշխարհի նախկին չեմպիոնին: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված նրա խոսքերի, Դարչինյանը խիստ դանդաղաշարժ է եւ չափից ավելի է հույս դնում իր հարվածի վրա: «Վախթանգի համար հաղթելու միակ շանսը նոկաուտ անելն է»,- ասել է նա: Նույն կարծիքն ունի նաեւ Մեննի Պակյաոյի նախկին մարզիչ Ռիկ Ստեհելին. «Հաղթանակի համար Վախթանգին անհրաժեշտ է նոկաուտի ենթարկել Գորրեսին: Բայց ես Գորրեսի վարպետության մեծ երկրպագուն եմ: Դարչինյանի տեխնիկական զինանոցը շատ է աղքատ: Նա հույսը կարող է դնել միայն իր հարվածի վրա: Բայց ես չեմ կարծում, թե նրան կհաջողվի կոտրել Գորրեսին»,- համոզված է մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել