Նրա հանդիպումներն այստեղ բազմամարդ են եղել
Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ հակադարձել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, թե՝ Տեր-Պետրոսյանն ուզում է «քիրվայություն» անել Ադրբեջանի հետ: «Եթե ինքը (Ռոբերտ Քոչարյանը) ժողովուրդների համագործակցությունը, բարիդրացիականությունը հասկանում է որպես քիրվայություն, դա իր կուլտուրայի արտահայտությունն է. ուրիշ ոչինչ»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տեր-Պետրոսյանը: «Այո, ես հայտարարում եմ, որ այդ հողը (Ղարաբաղը) 3000 տարի եղել է հայկական եւ 3000 տարի էլ դեռ մնալու է հայկական: Անհրաժեշտ է, որ այդ նվաճումը ամրագրվի միջազգային պայմանագրով, որից հետո, այո՛, մենք Ադրբեջանի հետ ե՛ւ համագործակցելու ենք, ե՛ւ բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու, որովհետեւ մեր ելքը դեպի արտաքին աշխարհ հիմնականում Ադրբեջանն է: Ադրբեջանական երկաթուղին էր ապահովում Հայաստանի բեռնափոխանակության 85 տոկոսը»:
Գեղարքունիքի մարզում Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում, այլեւ չնախատեսված կանգառներ է արել Լիճք, Կաթնաղբյուր (այս գյուղերում Տեր-Պետրոսյանի պատվին երկու գառ է մորթվել), Վարդենիկ, Ծովինար գյուղերում, այլ բնակավայրերում, որտեղ հանդիպումները բավականին ջերմ են եղել եւ բազմամարդ:
Մարտունիում հանդիպումը վարող ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը նկատի ունենալով մարդկանց բազմությունը՝ տպավորություն է հայտնել, թե «կարծես Ազատության հրապարակում լինենք», ինչին հավաքվածները, հատկապես՝ կանայք, բուռն են արձագանքել՝ «Լեւոն, նախագահ»:
Լ. Տեր-Պետրոսյանը իր ելույթի հիմնական շեշտը դրել է Սերժ Սարգսյանի ապօրինությունները բացահայտելու վրա, եւ «Ա1+»-ի փոխանցմամբ, անգամ փաստեր է ներկայացրել՝ մատնանշելով, որ այդ թեկնածուի դուստրը էլիտար շենքում կես միլիոն դոլարանոց բնակարան ունի, հռետորական հարցադրում է արել՝ «որտեղի՞ց նրան այդքան գումար, եթե աշխատավարձով այդքան գումար չեն ստանում»: Աղբյուրի մատուցմամբ, մինչեւ Վարդենիս մտնելը բոլոր գյուղերի խաչմերուկներում Տեր-Պետրոսյանին ուղեկցող ավտոշարասյունը դիմավորել են տեղի բնակիչները դրոշներով եւ «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով:
Գյուղի բնակիչները իրենց ավտոմեքենաներով միացել են ավտոշարասյանը, որպեսզի մասնակցեն Վարդենիսում կայանալիք հանրահավաքին:
Հանդիպման կազմակերպիչները տեղեկացրել են, որ տեղերում բավականին մեծ ճնշումներ են եղել մարդկանց վրա, նույնիսկ ահաբեկել են, որ «եթե մասնակցեք հանրահավաքին, աշխատանքից կազատվեք»: Ծովակի գյուղապետը նույնիսկ փորձել է խլել գյուղացիներից Տեր-Պետրոսյանի պաստառները, որոնցով ճանապարհին մարդիկ պետք է դիմավորեին ՀՀ առաջին նախագահին: Ծովակցիները դիմադրել են, սակայն մի քանի պլակատ, այնուամենայնիվ, տեղի իշխանությունները «փախցրել են»:
Վարդենիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը եղել է խիստ բազմամարդ: Վարդենիսի հրապարակում հավաքված մի քանի հազար մարդ դիմավորել են Տեր-Պետրոսյանին եւ նրա հետ երթով ուղղվել դեպի Մշակույթի տուն, որի դիմաց էլ կայացել է նախատեսված հանդիպումը: «Փետրվարի 19-ը ձեզնից երկու անգամ կորզված հաղթանակները ետ բերելու ժամանակն է: Այն հաղթանակները, որոնք ձեզնից խլվել են 1998թ.-ին, 2003-ին՝ ե՛տ բերեք: Սա ձե՛ր հաղթանակն է, տե՛ր կանգնեք ձեր հաղթանակին»,- ասել է Տեր-Պետրոսյանն ու արձանագրել, որ 1991-ից մինչեւ հիմա Գեղարքունիքում միշտ հաղթել է ժողովրդի թեկնածուն, եւ հավելել՝ «դուք միշտ ճիշտ եք ընտրել»: