Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»

Հունվար 31,2008 00:00

Կարծում է «Իզվեստիայի» մեկնաբանը

«Իզվեստիան» իր հունվարի 28-ի համարում հրապարակել էր ՀՀ նախընտրական իրավիճակին նվիրված մի վերլուծություն, որը ստորագրված է քաղաքագետ Միխայիլ Վորոնինի կողմից: Հոդվածը սկսվում է փաստերի այսօրինակ շարադրումից. «ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը թողնում է իր պաշտոնը երկրի ղեկավարման տասը տարիներից հետո, տարիներ, որոնք Հայաստանի համար նշանավորվել են տնտեսական աճով եւ կայունությամբ»: Ըստ հեղինակի, որը, դատելով հոդվածից, քաջածանոթ է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին «Հայլուրից», «նախընտրական փասիանսի քարտերն արդեն բաժանված են», եւ «նախընտրական մարաթոնի իրական ֆավորիտը գործող վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է»: Շարունակելով վերլուծությունը թղթախաղային սլենգով՝ Վորոնինը նշում է, որ այս ընտրություններում խաղադրույքները բարձր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար: «Ռուսաստանը շահագրգռված է ՀՀ կայուն զարգացմամբ եւ իր հույսերը կապում է Սերժ Սարգսյանի հետ: Հազվագյուտ դեպք է, երբ Մոսկվայի եւ արեւմտյան տերությունների դիրքորոշումները համընկնում են՝ միայն Սերժ Սարգսյանը կարող է երաշխավորել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն»,- պնդում է հոդվածագիրը:

Վորոնինի դիտարկումների համաձայն՝ հայաստանյան ընդդիմադիր թեկնածուների նախընտրական ռազմավարությունն ունի մի հիմնական ենթատեքստ՝ «բոլորն ընդդեմ մեկի», եւ նրանք բոլորը սեւեռվել են գործող իշխանության, նախագահի եւ վարչապետի քննադատության վրա: «Ի տարբերություն «անհամաձայնների», գործող վարչապետի հիմնական գաղափարը արարումն է, առաջընթացը եւ տնտեսության զարգացումը»,- ՀՀԿ առաջնորդի PR-ն է անում քաղաքագետը «Առաջ, Հայաստան» ենթավերնագրի ներքո ու շարունակում. «Ղարաբաղյան պատերազմի հերոս Սերժ Սարգսյանը երկար ժամանակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Այդ տարիների ընթացքում հանրապետությունը ամրապնդեց պաշտպանունակությունը եւ ձեւավորեց տարածաշրջանի ամենամարտունակ զինուժը: Վարչապետի դերում Սարգսյանը իրեն ցույց տվեց որպես էֆեկտիվ տնտեսական ղեկավարի: Հայաստանում մեծ թափով ընթանում են գազիֆիկացումը, ճանապարհների նորոգումն ու վերակառուցումը: Երեւանում շինարարական բում է: Սերժ Սարգսյանի օրոք բարձրացան թոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Բնակչության անվերապահ աջակցությունն է գտնում Սարգսյանի մոտեցումը ղարաբաղյան խնդրի լուծմանը. խաղաղությունը եւ կայունությունը այս պայթյունավտանգ տարածաշրջանում Հայաստանի բնակիչները կապում են նրա անվան հետ»:

Մյուս թեկնածուներին նվիրված ենթավեր նագրերը պակաս սիրալիր են: Լեւոն Տեր-Պետրոսյանին իր «Մեռած հոգիներ» պարբերության մեջ Վորոնինը գրում է. «Հայաստանում լավ են հիշում պատերազմը, տնտեսական փլուզումը, քաղաքական ճգնաժամը, իսկ զանգվածային արտագաղթը՝ «սպիտակ գենոցիդը» առայսօր համեմատում են 1915-ի ցեղասպանության հետ: Այդ ամենը հասարակության գիտակցության մեջ անքակտելիորեն կապված է ՀՀ նախկին նախագահ, ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի ընդդիմախոս Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ: Այսօր նա կենտրոնացած է իշխանության մերկապարանոց քննադատության վրա: Նրա նախընտրական տակտիկան աղմկոտ հանրահավաքներն ու բողոքական տրամադրությունների սրումն է: Տեր-Պետրոսյանը իր նախընտրական քարոզչությունը կառուցում է գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիայով: Բայց այդ սցենարը ժողովրդի սրտով չէ. լավ ծանոթ է հարեւան Վրաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակներին»:

Արթուր Բաղդասարյանին բնութագրող հատվածը, որը վերնագրված է «Աշակերտն՝ ընդդեմ ուսուցչի», քաղաքագետը սկսում է նրանից, որ հիշեցնում է, թե պարոն Բաղդասարյանը՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահը, ժամանակին հայտնի դարձավ նրանով, որ գովաբանական գիրք էր գրել նախկին նախագահի մասին՝ վերջինիս նախագահության շրջանում: «Այս երիտասարդ, հավակնոտ գործիչն իրեն որպես արեւմտամետ է դրսեւորում»,- ասում է Վորոնինը եւ հիշեցնում, թե ինչու ՕԵԿ նախագահը դուրս մնաց իշխանությունից՝ «ՀՀ արտաքին քաղաքականության ինքնակամ մեկնաբանության համար», ու շարունակելով հիշեցումները՝ պատմում, թե ինչպես ԱԺ ընտրությունների նախօրեին «Բաղդասարյանին բռնացրեցին բրիտանական հատուկ ծառայությունների հետ մերձ կապերի մեջ», ինչով էլ, ըստ «Իզվեստիայի» հոդվածագրի, պայմանավորված էր նրա կուսակցության «տապալումը» պառլամենտական ընտրություններում: «Հիմա Բաղդասարյանը խուսափում է Ռուսաստանի հասցեին կտրուկ հարձակումներից: Չունենալով վառ արտահայտված քաղաքական հայացքներ՝ Բաղդասարյանը ամբոխահաճո հռետորության շնորհիվ ունի կայուն ընտրազանգված՝ ընտրողների ընդհանուր քանակի մինչեւ 15%-ի չափով, ինչը զգալիորեն մեծ է իր նախկին պատրոնի ընտրազանգվածային հնարավորություններից»,- ամփոփում է հոդվածագիրը ՕԵԿ նախագահին վերաբերող հատվածն ու «Հայկական էսէռներ» ենթավերնագրի ներքո անդրադառնում Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանին, որին համարում է այս ընտրությունների «մոխրագույն ձիուկը»: Նկատելով, որ ՀՅԴ-ն Հայաստանում կայուն ընտրազանգված ունի՝ մոտ 10% թվային արտահայտությամբ, Վորոնինը գրում է՝ «Վահան Հովհաննիսյանը օգտվում է ամերիկյան ընտրական տեխնոլոգիաների զինանոցից՝ քարոզարշավը վերածելով շոուի»: «Հին ապարատչիկ»՝ սա էլ Արտաշես Գեղամյանն է, որի մասին քաղաքագետը գրում է. «Նախորդ դարի հակասական քաղաքական գործիչը ԱԺ ընտրություններում կրած պարտությունից հետո կրկին նույն նավակն է նստել՝ կառուցելով ընտրարշավը անդեմ եւ ժամանակավրեպ լոզունգների հիման վրա: Նրա կողմնակիցների հիմնական մասը նախկին ապարատչիկներն ու նրանց ընտանիքներն են: Գեղամյանը երբեք ոչ մեկի հետ չի միավորվում: Հավանաբար, այդպես կլինի նաեւ այս ընտրարշավի ժամանակ»:

Վերջաբանը՝ «Ընտրողը միշտ ճիշտ է» ենթավերնագրով, նվիրված է թեկնածուների վարկանիշներին: «Սոցիոլոգները համամիտ են մի բանում՝ Սերժ Սարգսյանն ունի ընտրողների դինամիկ աճող աջակցությունը: Եթե համեմատենք բրիտանական «Քոմռես» եւ ամերիկյան «Գելափ» հեղինակավոր սոցծառայությունների հարցումները, կտեսնենք ընդհանուր միտում. մարդիկ ավելի շատ վստահում են գործերին, քան կարգախոսներին: Անկախ սոցծառայությունների տվյալները թույլ են տալիս կանխատեսել Սարգսյանի հաղթանակը հենց առաջին փուլում: Հայաստանի քաղաքացիները գլոբալ սոցիալական ցնցումներ չեն ուզում, կարծես թե, հեղափոխություն հանրապետությունում չի սպասվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել