Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ակնկալում արվեստագետները

Հունվար 31,2008 00:00

Ոմանց պետությունից փող է պետք, ոմանց՝ մրցանակ, մյուսներին՝ բարոյական աջակցություն

Ինչ են հասկանում մշակույթի գործիչները՝ պետական հոգածություն հասկացության տակ, արդյո՞ք դա միայն գումարի տեսքով պետք է լինի: Արվեստագետների մեծ մասը խուսափեց պատասխանել հարցին, որի տակ որեւէ ենթատեքստ չկար: Գտնվեցին նաեւ համարձակները, որոնց խոսքը ներկայացնում ենք առանց լրագրողական միջամտության:

Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյան. «Ինչպես գիտեք, մեր քառյակի երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը ընտանեկան պատճառներով անցյալ տարվա վերջին մեկնեց Մոսկվա: Նա 6 տարի առանց ընտանիքի ապրում էր հայրենիքում եւ դեռ կշարունակեր ծառայել հայ արվեստին: Ոչ մեկը չի հարցնում, թե ի՞նչ պատահեց, ինչո՞ւ նման բարձրակարգ երաժիշտը, շուրջ 25 տարի աշխատելով քառյակում, նման որոշում կայացրեց: Պատճառը մեկն էր՝ վերաբերմունքի պակասը (Ս. Հախնազարյանը պետության կողմից չի արժանացել որեւէ կոչման կամ շքանշանի): Իսկ ես վերջին անգամ նման ուշադրության արժանացել եմ հայրենի կառավարությանս կողմից 1985թ., դրանից հետո 4 անգամ քառյակի հոբելյան է տոնվել… Ես շատ կուզեի, որ ինձ սովորեցնեին ինչպես վարվել կամ ինչ աճպարարական հնարքների դիմել, երբ երաժշտին գործուղում են այս կամ այն մարզ համերգի՝ նրան օրապահիկ վճարելով 750 դրամ, որը մի սենդվիչի եւ մեկ գավաթ սուրճի է հերիքում…»:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյան. «Կարծում եմ, որ խաղացանկային թատրոններին պետությունը պետք է տեր կանգնի: Թատրոնների դեպքում, եթե աջակցողը մշակույթի նախարարությունն է, ապա վերջինս պետք է հսկի, թե ինչ ներկայացումների համար է ծախսվելու տրամադրված գումարը: Շատ կարեւոր է, որ թատրոնի ղեկավարը վստահություն ներշնչի մեծահարուստներին, օրինակ՝ 2007թ., երբ նախարարությունը գումար տրամադրեց մեր թատրոնին՝ Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» եւ Արմեն Վաթյանի «Աղջիկը՝ նվեր» ներկայացումների համար, ես երկու ներկայացման ողջ գումարն էլ տրամադրեցի բեմադրող ռեժիսորներ Վիգեն Ստեփանյանին եւ Լեւոն Հովհաննիսյանին: Տրամաբանական հարց կծագի. իսկ բեմադրական մյուս աշխատանքների գումարը որտեղի՞ց: Դրանք տրամադրեցին հովանավորները, պարզ պատճառով. որովհետեւ նրանք տարիներ շարունակ համագործակցելով մեր թատրոնի հետ, գիտեն, որ Ալեքսանդր Սամսոնիչը մեկ լումա անգամ սեփական գրպանը չի դնում»:

Գեղանկարիչ Անատոլի Գրիգորյան. «Տեղյակ եք, որ շուրջ 2 տարի Նկարիչների միությունում վերականգնողական ու շինարարական աշխատանքներ են գնում: Այս տարի վերջապես կբացվի մեր տունը: Իհարկե, նկարչի համար տարիներով սպասելն ու չցուցադրվելը դժվար է: Շատ կուզեի, որ, ինչպես քաղաքակիրթ երկրներում է, մեզ մոտ էլ նկարիչները ստանային պետական պատվեր: Չէ՞ որ ցանկացած երկիր, եթե ուզում է իր գաղափարախոսությունը պրոպագանդել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, ապա պետք է տեր կանգնի նախ ֆինանսապես»:

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյան. «Պետության կողմից աջակցությունը գումարի տեսքով ցանկացած մշակութային օջախին անհրաժեշտ է: Կուզենայի, որ մշակույթի գործիչները առաջին հերթին զգան, որ իրենց թիկունքին պետություն է կանգնած, այլ ոչ թե ՀՀ նախագահի պետական մրցանակները հանձնելու ժամանակ անտեսվեն ողջ տարվա կտրվածքով արված գործերը, ինչի արդյունքում թատերարվեստին չտրվեց ոչ մի պետական մրցանակ: Ես եկել եմ այն եզրակացության, որ դա միտումնավոր է արված եւ պատասխանատու եմ հնչեցրածս մտքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել