Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԵ՛Ք ԱՊԱԳԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐ»

Հունվար 31,2008 00:00

Իրեն նկատի ունենալով՝ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը

Երեկ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հանդիպեց ընտրողների հետ: ԺԿ նախագահը ժողովրդի հետ անկեղծացավ Արտաշատի հրապարակում, անձրեւի տակ, որովհետեւ դահլիճ չէր տրամադրվել իրեն՝ նախօրոք չվճարելու պատճառաբանությամբ: Թեկնածուն ասաց, որ սկզբում իրեն հավատացրել են, թե ցանկացած պահի կարող է գալ եւ ոչ մի խնդիր չի լինի, սակայն. «Հիմա դահլիճի տնօրենը դուռը փակել-գնացել է»: Նշենք, որ ոչ միայն այդ դահլիճում, որտեղ Կարապետիչը պետք է հանդիպեր ընտրողների հետ, այլեւ շենքին կից տեղակայված էին նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները: «Հարգելի արտաշատցիներ, ձեր շահերը մենակ ես եմ պաշտպանում: Ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ է հիմա ձեր խաղողը: Սառնարաններում դրած ա, չէ՞: Բա ո՞վ ա մտածում դրա վաճառքի մասին, ո՞վ ա ձեզ օգնելու, ճամփա հարթելու ձեր համար: Հավատացե՛ք, այ, եթե ես լինեմ նախագահ, ձեր խաղողը չի՛ մնա սառնարանում»,- հայտարարեց Կարապետիչը: Խոսելով իր նախընտրական ծրագրերից, նա նշեց, որ պետք է ապրել ազատ երկրում, որտեղ ոչ թե քաղաքական, այլեւ տնտեսական ու սոցիալական խնդիրները առաջնահերթ պիտի լինեն: Նա ժողովրդին կոչ արեց. «Մի ընտրեք անցյալը, ընտրեք ապագան՝ Տիգրան Կարապետյանին»: Ու նաեւ ասաց, որ չնայած ինքը մյուս թեկնածուների նման 100-ավոր պաստառներ չունի, բայց փոխարենը՝ «մաքուր հոգի ունեմ»: Նա նաեւ խոստացավ լուծել ոռոգման ջրի խնդիրը, մշակույթն ու սպորտը մասսայականացնել՝ հատկապես գյուղերում: «Իմ ծրագրերի մեջ մտնում է նաեւ իշխանական թեւերի տարանջատումը, որպեսզի հանրապետությունը չղեկավարվի մեկի կողմից: Այսօր բոլորս ստորադաս ենք, մի հոգի է վերադասը, իսկ այս մոդելն անընդունելի է: Այսօր պետությունը բիզնեսով է զբաղվում, հույսները ոռոգման ջրի փողերի վրա՞ են դնում,- ելույթի ժամանակ զայրացավ Տ. Կարապետիչը,- ի վերջո, իշխանությունը ձեր ձեռքում է, ճի՛շտ ընտրություն արեք»: Տիգրան Կարապետյանի ելույթի ժամանակ մի տարեց կին ընդհատեց նրան, քննադատեց կուսակցություններին ու սկսեց գովել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Զայրացած Կարապետիչը տարեց կնոջը իր տեղը ցույց տալով՝ ասաց. «Կալոշներով կանգնած՝ գովում ես իշխանությանը, գնա գոնե կալոշներդ փոխի: Այ, հենց սա ստրկատիրություն է, եկեք ազատ ապրենք»:

Մեկ այլ քաղաքացի էլ պաշտպանելով Կարապետիչի գաղափարները, դժգոհեց ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանից: «Դրա համար էլ ընտրեք ժողովրդական թեկնածուին՝ Տիգրան Կարապետյանին»,- ասաց Կարապետիչը: Չնայած անձրեւին, ԺԿ նախագահին լսելու էր եկել նաեւ տեղի արեւածաղիկ վաճառող տատիկը, նա նույնիսկ առաջարկեց. «Ժողովուրդ, պարոն Կարապետյանի համար արեւածաղիկ գնեք»: «Ա՛յ, էս բիզնեսն է քանդում մեզ»,- ծիծաղելով պատասխանեց թեկնածուն: Արտաշատցիների հարցին՝ ե՞րբ են վերադարձնելու ավանդները, նա պատասխանեց. «Մինչեւ ես չընտրվեմ, ոչ մի ավանդ էլ չեն տա»: Երեկ նա նաեւ հպարտացավ, որ ժամանակին մարդկանց իր նվիրած DVD-ները անտեղի չէին. «Որ այդ DVD-ները չլինեին՝ Լեւոնի բաժանած դիսկերը մարդիկ ո՞նց էին նայելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել